Խորհրդարանական հանձնաժողովն անցկացրեց Սևանա լճից ջրի բացթողումների ավելացման վերաբերյալ կառավարության որոշումը

Խորհրդարանական հանձնաժողովն անցկացրեց Սևանա լճից ջրի բացթողումների ավելացման վերաբերյալ կառավարության որոշումը

ԷկոԼուր

ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրեց Սևանա լճից ջրի բացթողումների ավելացման վերաբերյալ կառավարության ներկայացրած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»   ՀՀ   օրենքի նախագիծը մեկ ձայնի առավելությամբ։ Ձայները բաշխվեցին 5 դեմ եւ 6 կողմ։

Օրենքի նախագիծն առաջարկում է մինչեւ Սեւջուր եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման, ինչպես նաեւ առաջնահերթ ջրամբարաշինությունների ավարտը Սեւանա լճից բացթողնման տարեկան չափաքանակ սահմանել  240 մլն խմ  մինչեւ 5 տարի ժամկետով, որպեսզի հնարավոր լինի ապահովել Արարատյան դաշտի հազարավոր հեկտար հողերի ոռոգումը։

Ստորեւ ներկայացնում ենք տվյալ օրենքի նախագծի վերաբերյալ բուռն խորհրդարանական լսումները, որոնք անցկացվեցին մարտի 19-ին։

Էվելինա Ղուկասյան՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն

-Հիդրոoթերևութաբանական մեր կայանի տվյալների համաձայն՝ վերջին 60 տարվա ընթացքում առավելագույն ջրի մուտքը լիճ եղել է 220 միլիոն խմ։ Առաջարկվում է 240 միլիոն խմ  բաց թողնել, հետևաբար ստացվում է, որ մենք իջեցնում ենք լճի մակարդակը առաջրիկա 5 տարիների ընթացքում, եթե վերցնում եք նման քանակությամբ ջուր: Ես պնդում եմ, որ լճի ամգամ մի քանի սմ իջեցումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Բարդուխ Գաբրիելյան՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն

-Գաղտնիք չէ, որ Արարատյան դաշտի արտեզյան ջրերի պակասը կապված է եղել հիմնականում ձկնաբուծարանների ոչ ռացիոնալ ջրի օգտագործման հետ: Այդ հարցի լուծման համար որոշվեց, որ  ձկնաբուծարանները 70 տոկոսով պետք է անցնեին փականային ռեժիմի, որը կբերեր արտեզյան ջրերը բալանսային ռեժիմի:  Եթե այդպիսի միջոցառում կա նախատեսված, իմաստը ո՞րն է Սևանից ջուր վերցնելու:

Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ

-Սևանա լճում ցանցավանդակային եղանակով ձկնաբուծության ծրագիրը ոչ թե բնապահպանական, այլ բիզնես ծրագիր է։ Չի կարելի միայն կառավարության որոշմամբ ասել, որ դա բնապահպանական ծրագիր է: Այդ ծրագիրը հակասում է «Սևանա լճի մասին» օրենքին: Միայն կառավարության որոշումով չի կարելի, պետք է անցկացնել լսումներ այստեղ՝ Ազգաին Ժողովում: Կոչ եմ անում բնապահպանության նախարարությանն իր ձայնը բարձրացնել ոչ թե բիզնես շահերի, ոչ թե ձկնաբույծների, այլ Սևանի համար:

Լևոն Գալստյան՝ Համահայկական բնապահպանական ճակատ

- Շատ հաճելի է, որ մեր պաշտոնական անձիք լցված են լավատեսությամբ, բայց, ցավոք սրտի, վերջին 10 տարիներին մարդու ազդեցությունը բնության և շրջակա միջավայրի վրա ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում հասել է այն մասշտաբների, որ հետո մենք չենք կարողանում վերականգնել այդ վտանգները, ցույց են տալիս, որ այդ լավատեսությունը հեռու է իրատեսությունից: Եթե մենք ապրեինք նորմալ և իրավական երկրում, այսօր շատ պաշտոնյաներ պետք է արդեն հրաժարական տված լինեին՝ սկսած Անդրեասյանից (Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ի նկատի ունի), նախարարությունից  (Բնապահպանության նախարարություն), վերջացրած փոխվարչապետից, որովհետև հասցնել այդ վիճակի Արարատյան արտեզյան ավազանը ուղղակի հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ամբողջ մարդկության նկատմամբ: Եթե դուք նոր տրամաբանությամբ ուզում եք Սևանի վրա փորձարկումներ կատարել, հետո վարկային միջոցներ գտնել Սևանը վերականգնելու համար, որն այլևս հնարավոր չի լինի, մենք այդ երկրում չենք ուզում ապրել։ Եթե դուք ուզում եք ապրել, ապա գտեք ուրիշ երկիր և բոլորովդ ապրեք:

Միքայել Մելքումյան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր

-Պատգամավորների քվեարկությունը քաղաքական է, բայց հիմքում ընկած է մասնագիտականը: Մենք այստեղ լսեցինք միայն խնդիրների մասին, կարծես դրանք հենց նոր առաջացան: Մենք դրանց մասին գիտեինք։ Դուք աշխատում եք տարիներ շարունակ և այդ խնդիրների լուծումները պետք է ընթացքում տայիք, որ չբերեիք լրացուցիչ ջրառի: Հիմա այստեղ նույնիսկ չասացիք՝ քանի սանտիմետր է իջնելու Սևանի մակարդակը այս 70 մլն խմ բաց թողնելու արդյունքում և ինչի է դա հանգեցնելու: Բնապահպանները պնդում են, որ կարող է դա Սևանի վրա ունենա կործանարար ազդեցություն, թող գան և ապացուցեն։ Գործադիրը պնդում է, որ՝ ոչ, դա շատ էլ նորմա գործընթաց է, մեր ուշադրության տեսադաշտում է: Մենք չենք կարող 29 համայնք, 40 000 մարդու անջուր թողենք, որովհետև կարող է 40 000 մարդ արտագաղթի այս երկրից: Ես նայեցի Հայաստանի էլեկտրական ցանցերի միջին կշռված սակագինը, չէ որ Հայաստանի էլեկտրական ցանցերը էլեկտրոէներգիան սկզբից պետք է առնեին ՀԷԿ-երից, ատոմակայանից, որտեղ ավելի էժան է արտադրվում, հետո նոր ջերմալեկտրոկայանից: Ես տեսա, որ նրա միջին կշռված սակագինը էապես աճել է, դրա արդյունքում գրեթե սնանկացման է հասել, եկա այն եզրակացության, որ, այո, վիճակը վատ է եղել: Մենք չպիտի գայինք և արձանագրեինք, որ այսպիսի խնդիրներ ունենք, մենք պետք է ասեինք, դուք ձեր գործունեությունը ցույց տվեք, ինչ եք արել այս ընթացում։ ... Ասեք Սևանի ռիսկերը, գյուղացիների արտագաղթելու ռիսկը, այսինքն՝ մեզ պետք է, որ մենք կարողանանք համադրենք ռիսկերը, բալանսավորենք ռիսկերը, և գնանք ճիշտ որոշումների:

Արամ Հարությունյան՝ ՀՀ բնապահպանության նախարար

-․․․Այսօր ուրախությամբ պետք է նշենք, որ Սևանա լիճը բարձրացել է շուրջ 3.75 մետրով: Սա, իսկապես, ձեռքբերում է, որը մեզ հնարավորություն է տալիս այսօր հայտարարելու, որ մեր տեմպերը առաջանցիկ են: Այս տարիների ընթացքում եղել է երկու դեպք, երբ արտառոց իրավիճակի պայմաններում ջրառը բարձրացվի: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2008 թվականին, երբ ջրառը հասել է մինչև 303 միլիոն խմ, երկրորդ անգամ՝ 2012 թվականին, այդ տարի ջրառը կազմել է 320 միլիոն խմ: Համաձայն եմ այն դիրքորոշումների հետ, որ, իսկապես, եթե մենք գործ ունենք Սևանա լճի հետ, ապա միայն այս ձևով պետք է քննարկումներ իրականացվեն: Սա ամենաբարձր ատյանն է: Մենք հիմա մտնում ենք մի փուլ, որ մեզ անհրաժեշտ է ենթակառուցվածքների, ինժեներական կառույցների, ճանապարհների և տարբեր այլ միջոցառումների իրականացում, որպեսզի մենք կարողանանք մեր ափամերձ տարածքները նախապատրաստել ևս 3 մետր բարձրացման, որը մշակվել, հաստատվել և ներկայացվել է կառավարություն: Բոլոր ժամանակներում մենք կողմնակից ենք պակաս ջրառի, միանշանակ:  Բնապահպանության նախարարության առաջարկությունները հետևյալն են եղել՝ մենք ասել ենք՝ ճիշտ է, ցանկալի կլինի ջրառը չավելացնել, բայց եթե ավելացնում ենք, ապա միայն այս ճանապարհով`տարեկան բացասական բալանս չպետք է արձանագրվի: Այսօրվա դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը 1900.17 սմ է: Մենք պարբերաբար ունեցել ենք աճ, և որքան էլ վերանորոգման տիրույթում լինի Արփա-Սևան ջրանցքը, ամեն տարի 150 միլիոնից ավելի ջուր է տեղափոխում: Երկրորդ կարևորագույն խնդիրը օրենքի ընդունման ժամանակավոր բնույթն է: Մենք ասում ենք, որ 240 միլիոնը այն նորմն է, որ պետք է այդ ջրառը իրականացվի։ Ասում ենք, որ մինչև այդ սահմաններում պետք է այդ ջրառը իրականացվի։ Տա Աստված, որ դրա պահանջը չլինի: Արդյոք հնարավո՞ր է՝ պոտենցիալը օգտագործվի, այո, հնարավոր է: Մենք ցանկություն ունենք, որպեսզի ընդանուր մեր ջրային ռեսուրսների բալանսը կարողանանք այնպես ապահովել, որ մեր ջրերն անմնացորդ օգտագործվեն: Արարատյան դաշտի վերաբերյալ. մենք ուզում ենք, որ միավոր ջրի և միավոր արտադրանքի չափանիշները համապատասխանեն իրար: Մենք ուզում ենք այն միջավայրը, որի հիմնական կոմպոնենտը ջուրն է, գոնե այնպիսի քաղաքականություն վարենք վճարների վերաբերյալ, պատասխանատվությունը խստացնելու վերաբերյալ, կիսափակ շրջանային ռեժիմին անցնելու վերաբերյալ։ Շատերն ասում են՝ ուշացած է։ Այո, ընկերներ, անհրաժեշտ է ինչ-որ ժամանակ սկսել, բաց ճակատով գնալ, ձկնային տնտեսությունների հետ հանդիպել և, անկեղծորեն ասած, չեմ ուզում ամբողջ մեղքը բարդել ձկնային տնտեսությունների վրա: Այնտեղ, որտեղ հնարավոր է, հայտարարում եմ, մենք տալու ենք ձկնային տնտեսությամբ զբաղվելու ջրօգտագործման թույլտվություն օրենքով սահմանված կարգով: Ես համոզված եմ, որ այս ընթացքում մենք՝ բոլորս, ձեզ հետ միասին պետք է կարողանանք խրախուսել երկրորդային ջրօգտագործումը, անօրինականությունները բերենք վերացման և օրինականացման դաշտ, անցնենք փակ և կիսափակ համակարգերի, և նրանք, ովքեր ցանկություն կունենան ներդրում կատարելու, մենք հնարավորություն կտանք և ևս կօգնենք՝ հաշվի առնելով ջուր և էներգիա ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունները, նաև տարանջատելու՝ ինչպիսի ջրառ է հնարավոր ձկնաբուծության նպատակով, ինչպիսի ջրառ է հնարավոր ոռոգման, ինչպիսի խմելու և կենցաղային։ Այսինքն՝ մենք կմտցնենք հստակ տարանջատում, և մեր հիմնական խնդիրը լուծելու համար նաև կկարողանանք սահմանափակումներ դնել: Մեր նպատակն է օգտագործել այն ջրային ռեսուրսը, որը վերականգնվող է, այսինքն, որը կբերի Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների վերականգնմանը:

Լյովա Խաչատրյան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր

-Եթե Սևանը կոչվում է քաղցրահամ ջրերի տարածաշրջանի  շտեմարան, շտեմարանից անհրաժեշտության պահին վերցնում են վերադարձնելու պայմանով։ Մենք 90-ականներին ձուկը վերցրեցինք, մինչև այսօր չենք վերադարձրել: Երրորդ անգամ լրացուցիչ ջուր ենք ուզում վերցնել, ես կցանկանայի, որ պահանջի հետ միասին ներկայացնեին այն գործողությունների ծրագիրը, որոնք հետագայում կբացառեին դա: Լավագույն դեպքում լսում ենք մի 3-4 ջրամբարների շինարարության մասին, որոնք կփակեն խնդիրը, բայց դա ապագայի հարց է, որովհետև տեսնում ենք, ինչ է կատարվում ջրամբարների հետ, վերջին տարիներին դրանք պարզապես չեն լցվում: Սա էլ առանձին ուսումնասիրության խնդիր է: Արագած լեռան վերականգնող ջրի քանակը տարեկան կազմում է մոտ 1 միլիարդ: Մենք լավագույն տարիներին ջրամբարների համար օգտագործել ենք 100-110 միլիոն, միգուցե դրա՞ մասին մտածենք, եթե դրա մեկ երրորդը մենք ջրամբարներ լցնենք, մենք ընդհանրապես Սևանից ջուր վերցնելու խնդիր չենք ունենա:

Արհեստական ձկնաբուծության վերաբերյալ մասնագետների, լավագույն մասնագետների կարծիքը ոչ թե վատ էր, պարզապես կատաստրոֆիկ էր։ Ինչպե՞ս է ստացվում, որ պալատական բնապահպանները տալիս են մեկ գնահատական, իսկ ոչ պալատականների կարծիքը միշտ հակադարձ է, ի՞նչն է պատճառը: Դա չի կարող միշտ այդպես լինել, միգուցե երրորդ կողմի՞ն հրավիրենք: Կամ պալատականներն են իրենց նամուսը ծախում ցանկացած ծրագրի հետ միասին, կամ ոչ պալատականներն են ուզում այդ տեղը գրավել, բայց արդյունքում մենք ունենք ոչ իրական գնահատական։ Դա ճշգրիտ գիտություն է, չէ՞, փիլիսոփայություն չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը: Սա է խնդիրը, որ մեզ՝ քաղաքական գործիչներիս և ոչ մասնագետներիս գցում է թյուրիմացության մեջ:  ....Պարզ է, որ դժվար ժամանակահատվածում Սևանից պետք է օգտվել՝ ունենալով ծրագիր՝ վերադարձնելու վերցրածը: 90 -ական թվականներին մենք համարյա սպառեցինք ձկան պաշարները, դժվար ժամանակահատված էր, այն փրկեց շատ մարդկանց։ Ի՞նչն է պատճառը, որ հաջորդ 20 տարիների ընթացքում մենք չկարողացանք այն վերադարձնել Սևանին, առավել ևս ես կարծում եմ, որ եթե 2 տարի պարբերաբար բացառվի Սևանից ձուկ որսալը, նույնիսկ այն վերականգնելու համար լրացուցիչ ծախսեր, այնտեղ մանրաձուկ լցնել պետք չէ: Ի՞նչն էր պատճառը, որ մենք չկարողացանք դա կատարել այս 20 տարիների ընթացքում:

Արամ Հարությունյան՝ ՀՀ բնապահպանության նախարար

-Մենք Սևան բաց ենք թողնում էնդեմիկ տեսակի մանրաձուկ՝ իշխանի։ տարեկան բաց ենք թողնում շուրջ 400 000 մանրաձուկ և դրանով փորձում ենք իրավիճակը բարելավել: Գոնե վերջին տարիներին Սևանա լճից արդյունաբերական ձկնորսության թույլտվություն չի տրվել ոչ սիգի, ոչ իշխանի համար: Ձկնագողության առումով մենք տեսչական վերահսկողության շրջանակներում կարողանում ենք իրականացնել այն վերահսկողությունը, ինչն այսօր իրականացնում ենք: Դեռևս չենք հասել այն մակարդակին, որ իսպառ բացառենք այս երևույթները: Որպեսզի մենք կարողանանք ավելի արդյունավետ աշխատել, ես կցանկանայի, որ Սևանի ավազանը պահպանելու համար մենք ունենայինք մի 500-600 աշխատակիցներից կազմված ջոկատ և գիշեր-ցերեկ լիճը վերցնեինք շրջափակման մեջ և պահպանեինք: Մենք աշխատում ենք մեր ունեցած հնարաորությունները ճիշտ օգտագործել:

․․․ Մեր քննարկումները տեղի են ունենում պարբերաբար: Ջրային կոմիտեն ջրային համակարգերի կառավարիչն է: Բնապահպանության նախարարությունը՝ ջրային ռեսուրսի: Մենք այս ջրառի մեծացմանը սկզբնական շրջանում դեմ ենք եղել: 

Սիլվա Ադամյան՝ էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող

- Ձեր ելույթը լսելիս՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շինարարի կամ տնտեսագետի ելույթ եմ լսում, բայց ոչ բնապահպանի: Ես կցանկանայի լսել, թե ինչպես եք դուք գնահատել Սևանի ռիսկերը, երբ բնապահպանության նախարարությունն իր համաձայնությունն է տվել Սևանա լճից նման ջրառի, ինչ հիմք եք վերցրել, ես նկատի ունեմ բնապահպանական տեսակետից, ոչ թե տնտեսական, գյուղատնտեսական հաշվարկներ, այլ կցանկանայի լսել  բնապահպանական հիմնավորումներ։ Որտե՞ղ մենք կարող ենք տեսնել այդ հիմնավորումները և ռիսկերի գնահատումները․մենք չլսեցինք դա ձեր ելույթի մեջ, անընդմեջ լսում ենք ինչ-որ թվերի մասին: Մեզ մոտ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ Դուք ուղղակի մանիպուլյացիա եք անում այդ թվերի հետ... Սևանն այսքան բարձրացավ, լավ, ինչի՞ հաշվին բարձրացավ...Հույսներդ դրել եք Աստծու վրա, անընդհատ Աստծու անունն եք տալիս՝ տա Աստված, որ լավ լինի, տա Աստված, որ այս ջրբացթողումները վատ չանդրադառնան Սևանի վրա... Կոչ եմ անում Ձեզ լինել բնապահպանության նախարար, սա ուղղակի խայտառակություն է, այս ելույթը չի տեղավորվում բնապահպանական ոլորտի մեջ: (Դահլիճը ծափահարեց)։

Արամ Հարությունյան՝ ՀՀ բնապահպանության նախարար

-Մանիպուլյացիան մեր գործը չէ, այլ ձեր գործն է․ դուք ամեն ինչի մեջ տեսնում եք գունավոր մոտեցումներ: Հիմա՝ կոնկրետ որն է մեր հիմնավորումը: Մեր հիմնավորումն ակնհայտ է։

Հիմնավորում 1

Մեզ հնարավորություն է ընձեռնվել 12 տարիների ընթացքում բարձրացնել 1 մետրով ավելի Սևանա լճի մակարդակը, ինչը որ անհրաժեշտ էր։ Այսինքն՝ մենք ունենք 5-6 տարվա առաջանցիկ տեմպեր, մենք բնապահպանական խնդիրը լուծել ենք:

Հիմնավորում 2

Այս ջրառը կրում է ժամանակավոր բնույթ։

Հիմնավորում 3.

 Սևանա լճի բացասական բալանս չպետք է արձանագրվի։

Հիմնավորում 4

Այն խնդիրը, որը մեզ ներկայացրել է ջրային պետական կոմիտեն, քննարկվել է բնապահպանության նախարարությունում, և ենթադրությունը հետևյալն է՝ ավելի ճիշտ կլինի՝ մենք թողնենք այս սահմանափակ քանակությամբ ջրառը իրականացվելու, որպեսզի ամռան ամենավատ շրջանում փաստի առաջ չկանգնենք և ավելի մեծ ջրառ թույլ տալու հնարավորություն չտանք: Մենք ուզում ենք, որ ջրային պետական կոմիտեն այսօրվանից պլանավորի իր ջրօգտագործման ծավալը, եթե դա թույլ կտա Ազգային Ժողովը, որ կարողանա այնպես աշխատել, որ տեղավորվի այդ ջրառի մեջ, մի բան էլ ավելի պակաս վերցնի:

Եվ վերջին հաշվով 5 -րդ հիմնավորումն այն միջոցառումներն են, որոնք մենք իրականացնելու ենք Արարատյան դաշտավայրում: Տրամաբանությունը հետևյալն է՝ հետագա բարդություններից խուսափելու համար մենք պետք է քննարկման արդյունքում կարողանանք գտնել այն օպտիմալ լուծումը, որը գտել ենք, հաշվի ենք առել մասնագետների, Սևանի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ կարելի է  մինչև 240 միլիոն խմ ջրառը թույլատրել: Եթե մենք դա չանենք հիմա, ապա ստիպված կլինենք կատարելու այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա, բայց մենք էլի ինչպես միշտ ուշացանք: Մեր խնդիրն է վարել բնապահպանական հավասարակշռված քաղաքականություն: 

Անահիտ Գևորգյան՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ

-Ես խոսում եմ Սևանի ափին ապրող բազմազավակ մոր անունից, որովհետև եթե պաշտոնավորներին Սևանը հետաքրքրում է այնքանով, որքանով իրենց աթոռը, ապա Սևանի ափին ապրող մարդկանց համար Սևանը սեր ու ցավ է: Եթե Սևանը բարձրանում է,մեր տներն են խոնավանում, եթե ցածրանում է, մեր աղբյուրն է ցամաքում: Այսօր Սևանը դարձել է որբ երեխա, որի գլուխը ինչպես ուզում, խուզում են։ Ուզում են, բերում են, ձկնաբուծարան են կառուցում հենց լճի մեջ, ուզում են, գետերի վրա ինչքան ասես հիդրոկայաններ են կառուցում: Ընդ որում, բնակիչներն այդ մասին իմանում են, երբ ՀԷԿ-ն արդեն աշխատում է: Ժողովուրդ, ձուկը աճում է ջրում, եթե ջուր չկա, ինչո՞ւ եք ձուկ աճեցնում: Անթույլատրելի է այսօր եռակի ջուր վերցնել, որպեսզի ձկնաբուծարաններ աճեցնել: Այսօր Սևանի շահը վերցնում են պաշտոնյաները, գրգռվածությունը թողնում են բնակչությանը, և երկրորդը, հիշեք, որ Աստված պատժելու է եթե ոչ ձեզ, ձեր երեխաներին է դուրս գալու դա: Աշխարհում ոչ ոքի դեռ չի հաջողվել կուրացած աչքին լույս տալ, կամ մի ցամաքեցրած աղբյուր վերականգնել:

 Արամ Հարությունյան՝ ՀՀ բնապահպանության նախարար վերջում

-Երկու ջրառների պարագայում բասացական դինամիկա չի արձանագրվել: Այս գործառույթը միևնույն է՝ իրականացվելու էր․ մենք չէինք ուզում վնասել գյուղացիներին: ․․․

Արամ Հարությունյանը բնապահպաններին

-Բոցավառ ելույթների փոխարեն կոչ արեք համայնքներում մի 3 տարի ձեռնպահ մնալ լճից:

11:59 Մարտ 28, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news