Երկրի Նախագահը և ակադեմիկոսը հակասում են միմյանց Սևանա լճի հարցում

Երկրի Նախագահը և ակադեմիկոսը հակասում են միմյանց Սևանա լճի հարցում

ԷկոԼուր

«Մենք երևի ճիշտ չենք գնահատում Սևանի արժեքը ժողովրդի գոյատևման համար: Սևանը ոչ միայն բնապահպանական օբյեկտ է, Սևանը  քաղաքական, լուրջ ռազմավարական, ժողովրդի գոյատևման օբյեկտն է»,- հայտարարեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը ապրիլի 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:

«Հարգելի՛ պատգամավորներ, դուք շատ կարճ ժամանակային հարցերը լուծելու համար այսպիսի հեշտությամբ դնում եք Սևանի ջրի ավելցուկը բացելու հարցը: Տարիներ շարունակ քննարկվում է, թե մեր մակերեսային հոսքի որ տոկոսն է օգտագործվում մեր ժողովրդի կողմից և որ տոկոսն է գնում Ադրբեջան: Փոխանակ կազմակերպել այդ ցանցը, փոխանակ կազմակերպել, որ Ադրբեջան ջուր մինիմալ գնա, կամ չգնա, մենք ավելացնում ենք Սևանի հոսքը, որից կօգտագործենք մի 20-30 տոկոս, իսկ 70 տոկոսը կուղարկենք Նախիջևան»,- ասաց Ռուբեն Ջրբաշյանը:

Ըստ ակադեմիկոսի՝ կանցնի մի քանի տարի, և ժողովուրդներն իրենց տեղամասերից բնահան կլինեն և կգնան այն երկրներ, որտեղ ջրի ավելցուկ կա: «Դա կբերի լուրջ կոնֆկիկտների, պատերազմների: Իսկ մենք ինչպե՞ս ենք վերաբերվում Սևանին: Մեր ժողովուրդը կարող է այստեղից վերանալ, եթե չունենա ջուր»,- ահազանգեց ակադեմիկոսը:

«Ես գտնում եմ, որ դա լուրջ հարց է, և ակադեմիան հատուկ քննարկում պետք է անցկացնի կառավարության և Ազգային ժողովի հետ միասին: Սևանն ունի բազմաթիվ հարցեր. դա այն գետերի խայտառակ վիճակն է, որոնք ջուրը բերում են Սևան: Այդ ջուրը պետք է ի վերջո գնա և բնակչության համար, խմելու ջուր դառնա: Ոչ ոսկին, ոչ մոլիբդենը, ոչ մի հանքային հումք այդպիսի արժեք չունեն, ինչպես ջուրը, և մեր ջրի հանդեպ վերաբերմունքը պետք է լինի բարձրագույնը»,- նշեց Ռուբեն Ջրբաշյանը:

Ի պատասխան ակադեմիկոսի, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը արձագանքեց.

«Ես խնդրում եմ Սևանի մասին մասնագիտական խոսք ասեք, ոչ թե հուզական: Սևանի ջրից մի կաթ անգամ Ադրբեջան չի գնում: Սևանի մասին Ազգային ժողովը ընդունել է օրենք: Այդ օրենքով նախատեսված է, թե ամեն տարի ինչքան պիտի բարձրացվի Սևանը, և այդ հիմնավորումները կատարել է Գիտությունների ազգային ակադեմիան: Ամեն տարի նոր հիմնավորումներ չենք անելու, դա մոտեցո՞ւմ է արդյոք: Արել եք ուսումնասիրություններ, Ազգային ժողովը, կառավարությունն այդ ուսումնասիրությունները ընդունել է հիմք, նախատեսել է ֆինանսական միջոցներ,  այդ միջոցները ներդրել է, և այսօր մենք ծրագրից (Էկոլուր. Սևանի մակարդակի բարձրացման ծրագիրը) բավականաչափ առաջ ենք անցել: Եթե խնդիրներ են առաջացել` կապված բնակլիմայական պայմանների հետ և այլն, ինչ ե՞ք առաջարկում, որպեսզի Արարատյան դաշտավայրը չորանա՞, այս տարի բերք չունենա՞, ինչ է թե ջուր չպիտի վերցնենք այդ ավելցուկից, որ կուտակել ենք: Այդ դեպքում ամեն ինչը փակենք ընդհանրապես, ոչ հանք օգտագործենք, ոչ ջուր օգտագործենք, ոչինչ չօգտագործենք, ասենք, այս ամբողջը պահում ենք, վաղը կարող է պետք գա: Ամեն ինչը, իհարկե, պետք է օգտագործել խնայողաբար, ամեն ինչը պետք է օգտագործել այնպես, որպեսզի վնաս չհասցնենք: Իհարկե, սերունդների մասին էլ պիտի մտածենք, հիմնական մեր խնդիրը մեր երկրի զարգացումը պետք է լինի, առանց վնաս հասցնելու, բայց չի կարելի ուղղակի շահարկել այս թեման: Ես խնդրում եմ գիտական խոսք ասեք Սևանի մասին»,- ասաց Սերժ Սարգսյանը:

ԷկոԼուրի հետ զրույցում ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը ասաց. «Գիտական հիմնավորումն այն է, որ մարդու ազդեցությունը չէր, որ Սևանի մակարդակը բարձրացավ: Դա բնական երևույթ էր, և այսօր, ղեկավարվել այդ բնական երևույթով և կարծել, որ միշտ այդպես կլինի, ճիշտ չէ: Կարող է հաջորդ տարիներին Սևանը շատ չբարձրանա: Իմ ամբողջ ելույթի իմաստն այն էր, որ այն գումարները, որոնք ծախսվում են խմելու և ոռոգան ջրի ցանց ստեղծելու համար, նպատակային լինեն: Չպետք է թույլ տալ, որ մակերևույթային հոսքի ջուրը գնա հոսի: Եթե ջուրը չեն տալիս գյուղացուն, այդ ջուրը չի մնում, այդ ջուրը գնում է: Այդ ջուրը պետք է խնայողաբար և ճիշտ կազմակերպված օգտագործել, խոսքս դրա մասին է: Ջուրը ամենաթանկ օգտակար հանածոն է, որը բնությունը մեզ պարգևել է»:

18:01 Ապրիլ 23, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news