Ջերմուկում մեկնարկեց՝ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրին նվիրված համաժողովը

Ջերմուկում մեկնարկեց՝ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրին նվիրված համաժողովը

www.maxinfo.am, Նարեկ Միրզոյան

Առողջարանային քաղաք Ջերմուկում մեկնարկեց  շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է Ջերմուկ քաղաքի համար մշակել շրջակա միջավայրի պահպանության տեղական պլանը` նպատակաուղղված շրջակա միջավայրի կառավարման բարելավմանը եւ բնապահպանական պլանավորման գործնական կիրառմանը, տեղական մակարդակում քաղաքացիական հասարակության մասնակցության որոշումների կայացման գործընթացում փոխհամագործակցության միջոցով:

«Յուրաքանչյուր քաղաք մեր երկրում՝ Հայաստանում պետք է ունենա տեղական բնապահպանական պլան, որը պետք է հաշվի առնի տվյալ քաղաքի համար բոլոր բնապահպանական ռիսկերը: Սա շատ բարդ համակարգ է, որը միտում ունի բնապահպանական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարվող գործողությունները պլանավորել եւ իրականացնել: Այս ծրագրի շրջանակում չկան որեւիցե շահեր, այլ կա ընդհանուր  նպատակ՝ ապրել մաքուր շրջակա միջավայրում: Տեղեկացնեմ նաեւ, որ ծրագիրը իրականացվել է նաեւ Դիլիջան եւ Քաջարան քաղաքներում, պարզապես Ջերմուկը Հայաստանի այն քաղաքներից է որտեղ,  օդը, կլիման շատ մաքուր է,  եւ հաճելի կլինի ծրագրի շրջանակներում որպեսզի աշխատենք հենց այստեղ »,- Maxinfo-ի հետ զրույցում նշեց Կովկաս տարածաշրջանային կենտրոնի փորձագետ՝ Էվելինա Ղուկասյանը

Ծրագրի հիմնական արդյունքը կլինի շրջակա միջավայրի բարելավված կառավարումը: Տեղական իշխանությունը կհաստատի ՇՄՊՏԳԾ-ն՝ որպես տեղական քաղաքականության հիմք, իրավական եւ ինստիտուցիոնալ ճշգրտումների ու կապիտալ ներդրումների միջոցով կապահովի ծրագրի իրականացումը:

ՇՄՊՏԳԾ-ն մի փատաթուղթ է, որը, մշակվելով համայնքի անդամների ուժերով, պետք է ապահովի շրջակա միջավայրի պահպանությունը՝ համահունչ լինելով համայնքի զարգացման ծրագրին:

«Ծրագրի հիմնական նպատակը  Հանրապետության բնակավայրերում իրականացվող բնապահպանական ծրագրերի վերլուծությունն է: Տեսնել թե ինչ բնապահպանական հիմնախնդիրներ կան,  այս պահին Ջերմուկ քաղաքում մեկնարկը տրվեց այս բնապահպանական ծրագրի: Ծրագրի շրջանակներում կոնֆերանսի մասնակիցները ծանոթացան ծրագրի մեթոդաբանությանը,  եւ տվյալ մեթոդաբանության հիման վրա կստեղծվի Ջերմուկի տեղական բնապահպանական ծարգիր, որը կազմված կլինի երկու փաստաթղթի հիման վրա, որոնցից մեկը կլինի իրավիճակի վերլուծության փաստաթուղթ, իսկ մյուսը՝ գործողությունների ծրագիրը: Ինչպես գիտեք՝  Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն է եւ լավ կլինի,  որպեսզի բոլոր տեսակի գործողությունները ռիսկերի նվազեցմամբ աշխատեն: Մեր նպատակն է,  որպեսզի այս ծրագրի շրջանակներում բնակիչները հայտնեն իրենց կարծիքները, գան փոխհամաձայնության եւ մեր օգնությամբ կազմեն շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների պլանը, իսկ մենք մեր մեթոդաբանությամբ կաջակցենք բնակիչներին »,- Maxinfo-ի հետ զրույցում նշեց ՝Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի, ագրոբազմազանության ծրագրի ազգային թիմի ղեկավար՝ Դշխուհի Սահակյանը:

Շրջակա միջավայրի տեղական բնապահպանական գործողությունների ծրագիրը Ջերմուկ քաղաքի բնապահպանական հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործողությունների պլանավորման եւ իրականացման ամբողջական համակարգ է, որն ակնկալում է մասնակցային մոտեցում եւ սերտ համագործակցություն ՏԻՄ-ի , քաղաքացիական հասարակության, գործարար մարդկանց եւ քաղաքի բնակիչների միջեւ:

Ծրագրի վերջնական արդյունքը տեղական բնապահպանական պլանի ստեղծումն է, որը կնպաստի համայնքի անդամներին համատեղ ուժերով հասնել բնապահպանական խնդիրների լուծմանը, ինչը կնվազեցնի վտանգը մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի վրա, կբարելավի համայնքի անդամների կյանքի որակը, կբարձրացնի նրանց կենսամակարդակը:

Համաժողովին մասնակցում էին՝ Ջերմուկի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, համաժողովի կազմակերպիչներ, փորձագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Լուսանկարը` Maxinfo

18:19 Հունիս 25, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news