Հրազդանի ՋԷԿ-ի հին գիծը պետք է թողնել շահագործման մեջ մինչև Ղարաբաղյան հարցի լուծումը. փորձագետ

Հրազդանի ՋԷԿ-ի հին գիծը պետք է թողնել շահագործման մեջ մինչև Ղարաբաղյան հարցի լուծումը. փորձագետ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության լիազորված անձ Ստեփան Պապիկյանը դրական եզրակացություն տվեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Հրազդան ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220կվ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերակառուցման» նախագծին: «Ես տալիս եմ դրական եզրակացություն՝ աշխատանքային նորմերը խստորեն պահպանելու և բնապահպանական կետերին խստորեն հետևելու պայմանով»,- ասաց Ստեփան Պապիկյանը օգոստոսի 8-ին տեղի ունեցած նախագծի մասնագիտական կարծիքի հասարակական լսումների ժամանակ: Նա նշեց, որ հին գիծը, որը նախագծով նախատեսված էր ապամոնտաժել, մոտակա տարիների ընթացքում չի ապամոնտաժվելու: «Ես կարծում եմ, որ այս պայմաններում հին գիծը ապամոնտաժել չի կարելի, որովհետև Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում, կարող է մի գծի վրա ռումբ գցեն, մյուս գծով կարողանանք ինչ-որ բան անենք: Հիմա վտանգավոր է գնալ հին գծի ապամոնտաժմանը: Դա պետք է մնա այնքան ժամանակ, մինչև Ղարաբաղյան հարցում մենք կկարողանանք հասնել համապատասխան քայլերի, լուծենք այդ հարցերը, ունենանք կայուն խաղաղություն»,- նշեց Ստեփան Պապիկյանը:

Ծրագրով նախատեսվում է նոր բարձրավոլտ գծի կառուցում,  վերականգնվելու են  բարձրավոլտ ցանցի հինգ առանձին հատվածներ՝ Նորադուզ (45կմ), Լիճք (25 կմ), Վարդենիս (45 կմ), Վայք (70 կմ) և Որոտան 1 (40 կմ)։

Նախագծում նշված է, որ ծրագրի անմիջական ազդեցության գոտում կան մի շարք ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ և կենդանատեսակներ: Չնայած սրան` ՀՀ ԲՆ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Կարինե Մովսիսյանը պնդում է, որ այդ տեսակները ծրագրի ազդեցության տակ չեն.  «Բացահայտված են Կարմիր գրքում գրանցված տեսակներ, բայց ազդեցության տակ չեն: Գործունեություն իրականացնելու աշխատանքների ժամանակ իրենք չեն վնասվում: Հաշվի են առել և վեր են հանել այն օջախները, որտեղ իրենք հիմնականում կենտրոնացած են և աշխատել են զերծ մնալ այդ օջախներից»:

Ինչ վերաբերում է ծառահատումներին, ապա ծրագրի խորհրդատու կազմակերպության՝  «Ի Էյ Էներջի Ընդվայզորի» ՍՊԸ-ի բնապահպանության և սոցիալական գծով փորձագետ Միքայել Թևոսյանը նշեց, որ ոչնչացվելու են 2760 ծառ և  3000 թուփ և այլ բույսեր, իսկ ընդհանուր նյութական վնասը հաշվարկվել է 2 միլիոն 217 հազար 600 ՀՀ դրամ:

Կ. Մովսիսյանի խոսքով՝ ծառահատումները միանգամից չեն արվելու: Իսկ փոխհատուցման վերաբերյալ ասաց. «Փոխհատուցումը կատարվելու է օրենքով սահմանված կարգով, այսինքն, համապատասխան շահագրգիռ մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները համատեղ պետք է տարածք հատկացնեն պատվիրտաուին՝ փոխհատուցում իրականացնելու համար»: Թե որքան ծառ է նախատեսվում տնկել, հայտնի չէ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը նախագծին եզրակացություն կտա 20-օրյա ժամկետում:

13:32 Օգոստոս 11, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news