Ընտրություններում հաղթելու դեպքում «Երկիր ծիրանի»-ն խոստանում է վերականգնել Երևանի ոչնչացված կանաչ տարածքները

Ընտրություններում հաղթելու դեպքում «Երկիր ծիրանի»-ն խոստանում է վերականգնել Երևանի ոչնչացված կանաչ տարածքները

ԷկոԼուր

Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում «Երկիր ծիրանի» կուսակցությունը խոստանում է վերականգնել Երևանի ոչնչացված կանաչ տարածքները, իրագործել քաղաք-պարտեզի ստեղծման գաղափարը, համալիր լուծել աղբի կառավարման խնդիրը, զարգացնել այլընտրանքային էներգիայի տեսակները:

«Երկիր ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու 2018 թ-ի նախընտրական ծրագրում նշված է.

«Կանաչ տարածքների եւ ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգում եվ ավելացում

Ալեքսանդր Թամանյանի գլխավոր մտահղացման հիմքում ընկած էր քաղաք-պարտեզի ստեղծման գաղափարը: Հայաստանում ապրիլից մինչեւ նոյեմբեր եղանակը շատ լավն է, բայց այգիների սակավ քանակությունը ստիպում է մարդկանց ազատ ժամանակն անցկացնել փակ առեւտրի կենտրոններում: Եղած այգիները շատ անմխիթար վիճակում են, խնամված չեն եւ վայրենացել են:

Քաղաքի բարեկարգումը եւ այգիների շինարարությունը նախատեսվում է կատարել թամանյանական սկզբունքների, արդի համաշխարհային եւ երեւանցիների պահանջներին համահունչ:

Այսօր Երեւանում մեկ շնչին ընկնող կանաչապատ տարածքը կազմում է 5 քմ էլ պակաս, մինչդեռ, ըստ գիտնականների, այդ ցուցանիշը պետք է կազմի 25 քմ ոչ պակաս:

Սույն Ծրագրով նախատեսվում է Նորք-Մարաշի անտառի, Կասկադի երկկողմյա անտառի, Հաղթանակ զբոսայգու լանջի անտառածածկ հատվածի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Փարոսի» հարեւանությամբ գտնվող անտառի, Հրազդանի կիրճի, Ծիծեռնակաբերդի, Օպերայի եւ Օղակաձեւ այգու, Դալմայի այգիների տարածքների կանաչապատում, կանաչ (բարեկարգ) տարածքների ավելացում: Այսպիսով` կվերականգնվեն Երեւան քաղաքի «շնչուղիներն ու թոքերը»:

Կիրականացվի Երեւանի Բուսաբանական այգու վերականգնման եւ արդյունավետ շահագործման ծրագիր։

Նախատեսվում է նաեւ Երեւանյան լճի մաքրում եւ հարակից այգու վերականգնում: Նախկինում առկա բոլոր լճերի մակերեսներին համապատասխան, եթե հնարավոր է, հին ջրային ավազանների վերականգնում եւ նոր ջրային ավազանների կառուցում:

Իրականացվելու է էֆեկտիվ կանաչապատում (փողոցների գազոններում վերականգնել ցածր, կանաչ թփեր տնկելու երեւանյան ավանդույթը, ծաղիկները տեղափոխել այգիներ): Ամբողջ Երեւան քաղաքում վերականգնվելու են եւ ստեղծվելու են փոքր այգիներ:

Յուրաքանչյուր տարի Երեւանի հանրային տարածքները (հրապարակներ, պուրակներ, հավաքատեղիներ) կավելացվեն շուրջ 10 %-ով:

Մայրաքաղաքի արվարձաններում եւ մերձակա տարածքներում ֆունկցիոնալ դերակատարություն ունեցող, փոշեկլանիչ հատկություններով օժտված եւ քամիների ուժգնությունը մեղմացնող անտառածածկ գոտու ստեղծում:

Հնարավորինս կվերականգնվեն Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված կանաչ տարածքները, ինչպես նաեւ կիրագործվի ծրագիր-ռազմավարություն` ուղղված կանաչ տարածքների ստեղծմանը, որպեսզի 25 քմ-ը մեկ մարդու հաշվով դառնա իրական:

Երեւանի ոռոգման համակարգ

Երեւանում չի գործում արդյունավետ ոռոգման համակարգ: Երեւանի ոռոգման խնդիրը պահանջում է համալիր լուծում: Առկա ցանցը կարիք ունի վերանորոգման, եւ անհրաժեշտ է նոր ոռոգման գծերի կառուցում: Երեւանի առաջնային խնդիրներից է ոռոգման ցանցի արդիականացումը:

Երեւանի ջրամատակարարման եվ ջրահեռացման համակարգ

Երեւանում չի գործում բավարար ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգ: Առկա ցանցը կարիք ունի վերանորոգման: Երեւանի առաջնային խնդիրներից է ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի արդիականացումը:

Շրջակա միջավայրի քաղաքականություն և ռիսկերի կառավարում

Երեւան քաղաքի հարակից տարածքներում միլիոնավոր տոննաներով կենցաղային աղբի (կոշտ թափոնների) կուտակումը, մեծ քանակով ավտոմեքենաների շահագործման հետեւանքով գազերի արտանետումները, անբավարար ջրամատակարարումը եւ ջրահեռացումը ստեղծել են լուրջ բնապահպանական խնդիրներ:

Աղբահանություն, կոշտ թափոնների վերամշակում եւ այլընտրանքային էներգիայի արտադրություն
Հայաստանում աղբահանության ոլորտի կարգավորման հարցում բացակայում է համակարգային մոտեցումը: Բացակայում են արտոնված եւ չարտոնված աղբավայրերի նկատմամբ սանիտարահիգիենիկ պահանջների կատարումը: Հայաստանի բոլոր աղբավայրերը շահագործվում են օրենքներով նախատեսված կանոնների կոպիտ խախտմամբ:

Երեւանի կենցաղային եւ շինարարական աղբի կառավարման խնդիրներն են.
գոյացած կենցաղային աղբը տեղափոխող կազմակերպությունների եւ անհատների պարտականությունների նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայությունը,
խախտումների առկայության դեպքում պատժելիության սկզբունքի կիրառման բացակայությունը,
աղբի տեսակավորման եւ վերամշակման քաղաքականության բացակայությունը,
աղբի կուտակման եւ այրման հետեւանքով թունավոր նյութերի արտանետումը,
աղբի վերամշակման գործարանի բացակայությունը:

Անհրաժեշտ է կոշտ թափոնների ժամանակակից կառավարման քաղաքականություն` թափոնների գոյացման կանխում, տեսակավորում, թափոնների օգտագործում երկրորդ անգամ, եթե թափոնների օգտագործումը հնարավոր չէ երկրորդ անգամ, ապա անհրաժեշտ է կիրառել ռեցիկլինգ (թափոնից այլ ապրանքի արտադրություն), թափոնների վերամշակում` էներգիայի արտադրության համար:
Վերը նշված գործողությունների անհնարինության պարագայում` թափոնները կարող են կոնսերվացվել հատուկ աղբավայր-գերեզմանոցում:

Նախատեսվում է իրականացնել ամբողջական ծրագիր` աղբի վերամշակման գործարանի կառուցման եւ աղբավայրի ու թափոնների վերամշակման վերաբերյալ, որը կներառի աղբի եւ թափոնների տեսակավորում, վերամշակում, ապրանքների ու էներգիայի արտադրություն եւ էկոլոգիայի բարելավում:

Արեւից եվ քամուց այլընտրանքային էներգիայի ստացում

Երեւանի զարգացման համար կարեւոր նշանակություն ունի նաեւ այլընտրանքային էներգիայի ներդնումը եւ զարգացումը: Այս ուղղությամբ ներդրումային քաղաքականություն վարելն առաջնահերթություն է: Երեւանն արեւային էներգիայի օգտագործման համար ունի նպաստավոր պայմաններ:

Երեւանի շենքերի հիմնական մասը կարող է օգտագործել արեւային էներգիան: Շենքերում հնարավոր է տեղադրել արեւային վահանակներ եւ արեւային կոլեկտորներ` ջրի ջեռուցման համար:
Ռազմավարությունն ուղղված է ներդրումների իրականացումը խրախուսելուն` այլընտրանքային` արեւային էներգիայի համակարգի շահագործման համար: Երեւանն ունի հնարավորություն ներդնելու այլընտրանքային էներգիայի աղբյուր հանդիսացող նաեւ քամու ուղղահայաց գեներատոր շենքերի տանիքներին»:

 

16:05 Սեպտեմբեր 20, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news