Նիկոլ Փաշինյան. «Երբ Թեղուտի պոչամբարի պատվարը վերականգնվի, հանքավայրը պետք է սկսի աշխատել»

Նիկոլ Փաշինյան. «Երբ Թեղուտի պոչամբարի պատվարը վերականգնվի, հանքավայրը պետք է սկսի աշխատել»

ԷկոԼուր

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հանդիպել է Ալավերդու բնակիչների հետ և ներկայացրել Թեղուտի հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի շուրջ ծավալվող իրավիճակը: «Գիտեմ, որ այդ թեմաների հետ կապված շահարկումներ կան, և ես ուզում եմ, որ ամեն ինչ լինի շատ հստակ և պարզ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մասին

«Այս պատմությունը սկսվել է հետևյալ կերպ. Թեղուտի հանքավայրը շահագործվել է ռուսական ՎՏԲ բանկից 380 միլիոն դոլլար վարկի ներգրավմամբ: Թեղուտն աշխատել է, և այս տարվա հունվար-փետրվար ամիսներին պարզվել է, որ պոչամբարի պատվարի հետ կապված խնդիր կա. ճաք է առաջացել: Այս պայմաններում Թեղուտի հանքավայրի աշխատանքը շարունակելու համար անհրաժեշտ է  եղել այդ պատվարի վերականգնում: Ընկերությունը, չունենալով բավարար միջոցներ, փորձել է նոր վարկ վերցնել, և զուգահեռ, քանի որ կանգնեցրել է աշխատանքները, չի կարողացել սպասարկել ՎՏԲ բանկից ստացած վարկը: Բայց այդ ընթացքում նաև չի կարողացել նոր վարկ վերցնել պատվարը նորոգելու համար: Դրա համար բավականին մեծ գումար է անհրաժեշտ եղել, եթե չեմ սխալվում, մինչև 10-14 միլիոն դոլլարի մասին է խոսքը: Նաև ուրիշ տեղից չի կարող վարկ վերցնել, որովհետև և Թեղուտը, և պղնձաձուլական գործարանը, և նույնիսկ ևս մեկ հանքավայր, որը պատկանում է նույն ընկերությանը (ԷկոԼուր՝ «Վալլեքս» խմբին), բոլորը գրավադրված են եղել ՎՏԲ բանկում՝ 380 միլիոն դոլլար վարկի դիմաց: Առաջին իսկ օրվանից այդ խնդիրն է դրվել, որ ՎՏԲ-ն թող նորից այդ պատվարի համար անհրաժեշտ վարկը տա: ՎՏԲ-ն էլ ասել է՝ ես ձեզ 380 միլիոն դոլլար վարկ եմ տվել, որը դուք չեք կարողանում սպասարկել, ես հիմա ձեզ նոր վարկ տամ, իմ ունեցած պարտքն ավելի մեծանա, և դուք այդ փողն էլ ինձ չվերադարձնեք: Կառավարությունը հրավիրել է ՎՏԲ-ին, «Վալլեքս» ընկերության ներկայացուցիչներին և ասել է՝ քանի որ սա շատ կարևոր խնդիր է, բանակցեք իրար հետ և գտեք լուծում: Արդյունքում Թեղուտի հանքավայրն անցել է ՎՏԲ բանկի հսկողության ներքո: Մենք պարտավորություն ենք դրել, որ բանկը պետք է ներգրավի նոր օպերատոր, որը կաշխատեցնի Թեղուտի հանքավայրը: Սա եղել է մեր նախապայմանը: Եվ հիմա բանկը, ռուսաստանաբնակ մեր հայրենակից գործարար Նորիկ Պետորսյանը ստանձնել են այդ գործը և խոստացել են, որ Թեղուտի հանքավայրը շարունակելու է աշխատել: Հիմա մեկ ամիս են ասում, բայց ես չգիտեմ, դա որոշակի խնդիրների հետ է կապված:

Ի՞նչն է խանգարում, որ հենց այսօրվանից սկսի հանքն աշխատել: Պատճառը շատ պարզ է. առանց պատվարի նորոգման հնարավոր չէ այդ պոչամբարն աշխատեցնել, և հիմա որոշակի ժամանակ է պետք այդ պոչամաբարը նորոգելու համար: Այնտեղ մոտ 10-14 միլիոն դոլլարի ներդրում պետք է արվի: Երբ այդ պատվարը վերականգնվի, հանքավայրը պետք է սկսի աշխատել, և պարոն Պետրոսյանը խոստացել է, որ հնարավորինս արագ հանքավայրը կսկսի աշխատել, ընդ որում, ոչ միայն նախկինում եղած աշխատատեղերի թվով, այլ շատ ավելի մեծ աշխատատեղերի թվով», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ալավերդու պղնձաձուլական գործարանի մասին

«Ոմանք փորձեցին տպավորություն ստեղծել, թե պղնձաձուլարանը փակվել է կառավարության բնապահպանական տեսչության կատարած ստուգումների արդյուքնում: Դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, որովհետև պղնձաձուլարանի կանգնելը կապված է Թեղուտի կարգավիճակի փոփոխության հետ:  Պղնձաձուլարանը նույնպես գրավի տակ է: Հիմա «Վալլեքս»-ն ուզում է պղնձաձուլարանի նկատմամբ իրավունքները պաշտպանի, բայց այստեղ կա մի նրբություն որպեսզի պղնձաձուլարանի աշխատանքը եկամտաբեր լինի, նույն ընկերությունը պետք է  նաև հանք ունենա, իր սեփական հումքն ունենա, որ կարողանա աշխատեցնել: Եթե ուրիշից առնի, արդեն, բնականաբար, այդ ուրիշն էլ պետք է շահույթ ունենա: Արդեն աճում է ինքնարժեքը, և այստեղ եկամտաբերության խնդիր է առաջանում:

Թեղուտի հանքի հարցը պարզ է, Թեղուտն արդեն «Վալլեքս» խմբից օտարված է, բայց կա ևս մեկ հանքավայր, որը նույնպես գրավի ներքո է, և այդ հանքավայրը նույնպես, ըստ էության, պետք է անցնի ՎՏԲ բանկին: «Վալլեքս» խմբի ղեկավարը Ռուսաստանում անշարժ գույք ունի գրավադրված և ունի անձնական պարտավորություններ՝ կապված Թեղուտի հետ: Եվ հիմա խնդիրը հետևյալի մեջ է՝ ՎՏԲ-ի և «Վալլեքս» խմբի բանակցությունների արդյունքում պղնձաձուլարանը ո՞ւմ կմնա: Բայց պղնձաձուլարանն առանց հանքի չի կարող եկամտաբեր լինել, և այստեղ կա երկու տարբերակ. կամ պղնձաձուլարանը և մյուս հանքը շարունակում են մնալ «Վալլեքս» խմբին և աշխատում է այդ տարբերակով, կամ պղնձաձուլարանը և հանքը նույնպես վերցնում է ՎՏԲ բանկը կամ «Ռուսական պղնձաձուլական ընկերություն»-ը և փորձում է աշխատեցնել: Բայց պղնձաձուլարանը բավականին հնացած է և նույնպես նոր ներդրումների կարիք ունի: Մենք այս բանակցությունների ընթացքում, հասկանալով խնդրի նրբությունը, մի պայման ենք դրել և խնդրանք ենք առաջադրել ռուսասատանաբնակ մեր հայրենակից պարոն Պետրոսյանին,  որ Թեղուտում լինի այնքան աշխատատեղ, որպեսզի եթե նույնիսկ պղնձաձուլարանի հետ կապված պատմությունը երկարի, պղնձաձուլարանի բոլոր աշխատակիցներն աշխատանքի վերցվեն Թեղուտում, և ոչ մի մարդ աշխատանքից չզրկվի:

Ընդհանուր առմամբ, մենք մեզանից կախված ամեն ինչ անում ենք, որ ՎՏԲ-ի և «Վալլեքս» խմբի միջև տեղի ունենա համաձայնություն պղնձաձուլարանի մասով: Կառավարությունն ընդամենը ժողովրդի անունից հանդես է գալիս որպես պահանջատեր: Մենք ոչ այնտեղ ենք սեփականատեր, ոչ այնտեղ: Այսինքն, չկա այդպիսի մի թուղթ, որ ես ստորագրեմ, և դրանով հարցը լուծվի: Մենք պետք է ուղղակի կողմերին  քաջալերենք, խնդրենք, տեղ-տեղ պարտադրենք, որ նրանք գան համաձայնության, և մենք դա անպայման կանենք: Բայց այս պահին մեր համաձայնությունը շատ կարևոր է, որ պղնձաձուլարանի բոլոր աշխատողները վատագույն դեպքում Թեղուտում ընդունվեն աշխատանքի: Մենք ամեն ինչ կանենք, որ դա իրականություն դառնա», - նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ներկայում Հայաստանում նոր պղնձաձուլարան կառուցելու երկու ներդրումային առաջարկ կա. մեկը՝ չինական, մյուսը՝ իտալական ծագման կապիտալ են:

«Ես հույս ունեմ, որ բացի Ալավերդու պղնձաձուլարանի ճակատագիրը որոշելուց, մեզ կհաջողվի նոր ներդրումներ ներգարվվել այդ ոլորտում, և ես հույս ունեմ, որ երբ նոր պղնձաձուլարանի նախագիծը քննարկվի, մենք կկարողանանք բնապահպանական բարձր ստանդարտներ սահմանել, որպեսզի նոր հանրային բորբոքումներ տեղի չունենան: Երբ այս ոլորտում նոր նորդրումներ են լինում, երբեմն այնպիսի տեղեկատվություն է լինում, թե գործող ընկերություններն իրենք են հրահրում հանրային ընդվզումներ, որպեսզի հայաստանյան շուկայում որոշակի մոնոպոլ դիրք կարողանան գրավել: Մեր կառավարության դիրքրոշումը լինելու է հետևյալը. մենք քաջալերելու ենք նոր ներդրումներ, բնապահպանական բարձր ստանդարտներ, և մենք քաջալերելու ենք, որ Հայաստանում զարգանա գունավոր մետալուրգիան և դա միևնույն ժամանակ չնշանակի բնապահպանական աղետ», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

17:30 Նոյեմբեր 28, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news