Բնապահպանությունը` նոր կառավարության նոր ծրագրում

Բնապահպանությունը` նոր կառավարության նոր ծրագրում

ԷկոԼուր

Գործադիրը փետրվարի 8-ի արտահերթ նիստին հավանություն տվեց ՀՀ կառավարության ծրագրին: «Այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը», - հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ծրագրի` առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:

Ներկայացնում ենք ՀՀ կառավարության ծրագրի` բնապահպանության ոլորտին առնչվող բաժինները: Ակնկալում ենք, որ դրանք արձագանք կգտնեն շահագրգիռ հասարակության կողմից:

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում ուղղված է թափանցիկության, հանրության առջև բարձր հաշվետվողականության ապահովմանը: Բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ կառավարման դեպքում երկիրը կարող է ստանալ տնտեսական արդյունքներ, որոնք կօգնեն ապահովել տնտեսական աճ:

Ներկայումս հանքարդյունաբերության ոլորտի համապարփակ քաղաքականության մշակումը հնարավորություն կտա ապահովելու ոլորտի կայուն զարգացում, որը կհավասարակշռի տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայունությունը, ինչպես նաև կապահովի ոլորտի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հրապարակայնությունը:

Հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով Կառավարությունը նախատեսում է.

- մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն և դրանից բխող միջոցառումների ծրագիր.

- իրականացնել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը համահունչ օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորումներ՝ ապահովելով հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ընթացակարգերի (լիցենզավորում, թույլտվություններ, հողօգտագործման հետ կապված կանոնակարգումներ և այլն) պարզեցում և համալիրություն, ազդակիր համայնքների բնակչության կարծիքի և բիզնեսի շահերի հավասարակշռում.

- բացահայտել ընդերքօգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերին, ստեղծել ու վարել իրական սեփականատերերի ռեգիստրը: Կառավարությունը միջոցներ կձեռնարկի նաև Հայաստանում հանքարդյունաբերական հումքի վերամշակման հնարավորինս երկար արտադրական շղթայի հիմնադրման համար՝ այս ընթացքում խստորեն պահպանելով բարձր բնապահպանական չափանիշները:

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԲՆԱԳԱՎԱՌԸ

Կառավարության քաղաքականությունն էներգետիկայի ոլորտում ուղղված է լինելու երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը, տարածաշրջանային ինտեգրման գործընթացի ապահովմանը, էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը` հենվելով տեղական առաջնային (վերականգնվող) էներգապաշարների լիիրավ և արդյունավետ օգտագործման, ատոմային էներգետիկայի հետագա զարգացման, էներգակիրների մատակարարման տարատեսականացման և էներգաարդյունավետ ու նոր տեխնոլոգիաների ներդրման վրա: Ներկայումս էներգահամակարգն ամբողջովին բավարարում է էլեկտրաէներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը և ունի էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման ներուժ: Ներքին շուկայի կարիքներից ելնելով՝ ներդրումները խթանելու և Վրաստանի ու Իրանի հետ առևտրի հնարավորություններն օգտագործելու նպատակով Կառավարությունը ձեռնամուխ է լինելու`

- էլեկտրաէներգետիկական համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիների մշակմանը.

- Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում իրացման նոր էներգետիկ շուկաներ փնտրելուն, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովմանը.

- նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար օրենսդրական խթանների ձևավորմանը, էներգետիկայի բնագավառի զարգացմանը և էներգաարդյունավետության միջոցառումների ներդրմանն ուղղված քաղաքականության ապահովմանը.

- հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգմանը և արդիականացմանը, որով կապահովվի հայկական ԱԷԿ-ի արդյունավետ և անվտանգ աշխատանքը` շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում.

- Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի մշակմանը՝ հաշվի առնելով հանրապետության էներգետիկ անվտանգության և 54 անկախության մակարդակի պահպանման, ինչպես նաև էներգետիկայի բնագավառի գիտելիքահենք ուղղության կարևորությունը.

- տարածաշրջանային ինտեգրման ապահովման նպատակով՝ Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրերի իրականացմանը: Նշված էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ավարտից և շահագործման հանձնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում հանդես կգա որպես էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հաբ` կապելով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը.

- վերականգնվող էներգիայի աղբյուրների արդյունավետ օգտագործմանը և զարգացման խթանմանը։ Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմները և թողունակությունը գնահատելով՝ կիրականացվեն արևային համակարգային կայանների մրցութային եղանակով կառուցման ծրագրեր` մինչև 2022 թվականը ներքին սպառման կառուցվածքում այդ կայանների կշիռը հասցնելով առնվազն 10 տոկոսի: ՀՀ կառավարությունը մտադիր է շարունակել կայուն էներգետիկայի զարգացումը՝ հաշվի առնելով էներգետիկ կառավարման այնպիսի համակարգի ներդրման անհրաժեշտությունը, որը միտված է հանրայն և մասնավոր հատվածի կողմից սեփական էներգասպառման հնարավորությունների ընդլայնմանն ու արդյունավետության բարձրացմանը, մասնավոր-համայնք համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը: Անհրաժեշտ է նաև ընդլայնել միջազգային կառույցների հետ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի օգտագործման խթանման մեխանիզմների գործարկման նպատակով համագործակցությունը, վերանայել երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը՝ սահմանելով թիրախներ էներգախնայողության, վերականգնվող էներգիայի, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ցուցանիշների համար:

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Շրջակա միջավայրի կառավարման քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանը, բարելավմանը, վերականգնմանը և ողջամիտ օգտագործմանը՝ հավասարակշռելով այն սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հետ: Շրջակա միջավայրի կառավարման հիմնական խնդիրն է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի՝ օդի, կլիմայի, ջրի, հողերի, բուսական և կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցությունները, բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը և ապօրինի օգտագործումը, ապահովել կանխարգելման միջոցառումների իրականացումը։

Ելնելով նշվածից՝ շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններն են՝

- ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը և ջրախնայող ժամանակակից մեթոդների կիրառումը՝ բացառելով ռեսուրսի գերշահագործումը.

- Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանությունը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունը և կառավարումը.

- անտառների կայուն կառավարումը, անտառածածկ տարածքների ընդլայնումը, անտառվերականգնումը և անատառապատումը, դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական զարգացումը.

- կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող խնդիրների մեղմման և կանխարգելման, ինչպես նաև հարմարվողականության գործողությունների իրականացումը՝ համաձայն միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների.

- բնության հատուկ պահպանվող տարածքների հզորացումը, հարակից բնակավայրերի կարողությունների զարգացումը.

- կենսաբազմազանության պահպանությունը և կենսաանվտանգության ապահովումը, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների հաշվառումը.

- հողային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, հողերի աղտոտման և դեգրադացման կանխարգելմանն ու նվազմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը.

- հանքերի փակման (ռեկուլտիվացիայի) ժամանակակից մեխանիզմների կիրառման խթանումը. - քիմիական նյութերի և թափոնների (այդ թվում՝ ընդերքօգտագործման) էկոլոգիապես անվտանգ կառավարումը.

- շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական գործընթացի արդյունավետ իրականացումը.

- շրջակա միջավայրի մոնիթորինգի, թույլտվությունների, լիցենզիաների միասնական և ժամանակակից համակարգերի ներդրումը, առաջնային տեղեկատվության համակարգված կառավարումը.

- կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը.

- մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումը և արգելումը.

- շրջակա միջավայրի կառավարման ոլորտում գործող միջազգային կառույցների հետ շարունակական համագործակցության ապահովումը, մասնակցությունը նոր նախաձեռնություններին.

- շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և լծակների ճկուն համակարգի ներդրումը, միջազգային կառույցների հետ համատեղ ֆինանսավորման նորարարական մեխանիզմների (ներառյալ բնապահպանական ծրագրերով պարտավորությունների հաշվանցման մեխանիզմի) մշակումը և ներդրումը.

- բնապահպանական օրենսդրության ներդաշնակեցումը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դիրեկտիվներին և այդ համատեքստում միջազգային համագործակցության ընդլայնումը՝ ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով.

- անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացումը.
- էկոլոգիական իրազեկման, էկոկրթության, մշակույթի, դաստիարակության լայնածավալ միջոցառումների իրականացումը, էկոլոգիական գիտության դերի բարձրացումը։

ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Կառավարությունը իր ջրային քաղաքականության մոտեցումները կառուցել է բնակչության սոցիալական վիճակի բարելավման, սոցիալական իրավունքների պաշտպանության ու ծառայությունների մատչելիության ապահովման սկզբունքների կարևորմամբ: Ծրագրով նախատեսված գործողությունները թիրախավորում են ջրամատակարարման որակի բարձրացումը, ծրագրի արդյունքների ուղղակի ազդեցությունը սակագնային քաղաքականության վրա, յուրաքանչյուր սոցիալական խմբի և շահառուի համար ծառայությունների հասանելիության ապահովումը, ոռոգվող հողատարածքների ընդլայնումը: Կառավարությունը հիմնվում է՝ ջրային տնտեսության համակարգի զարգացման ու բարեփոխումների շարունակականության, ֆինանսական կայունության համար բավարար հիմքերի ապահովման, ենթակառուցվածքների ու ոլորտային հաստատությունների ինքնաբավ 56 և տնտեսապես անկախ գործունեությանը նպաստող կառավարման նոր համակարգերի ներդրման, ջրային համակարգերի մասով ջրային ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավման և շարունակական ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության վրա: Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ոլորտում առկա խնդիրները լուծելու, ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակականությունն ապահովելու, պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքը զարգացնելու նպատակով հետևողական աշխատանք կիրականացվի, մասնավորապես՝ նաև վարձակալության գործող պայմանագրով նախատեսված ծրագրերը և թիրախային ցուցանիշները ապահովելու համար։

Ոռոգման ոլորտում առկա խնդիրները լուծելու և վիճակը բարելավելու նպատակով նախատեսվում է՝

- ոռոգման ոլորտում իրականացնել անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումներ՝ նպատակ ունենալով շարունակաբար նվազեցնել ջրի կորստի ցուցանիշները և ավելացնել համակարգում հավաքագրվող եկամուտները.

- շարունակաբար իրականացնել ոռոգման մեխանիկական համակարգերը ոռոգման ինքնահոս համակարգերով փոխարինելու քաղաքականություն.

- 2019-2023 թվականների ընթացքում աշխատանքներ են տարվելու Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի, Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ:

Ոռոգման ոլորտում կիրականացվեն օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մասնավորապես՝

- կկանոնակարգվեն «Ջրառ» ՓԲԸ – ՋՕԸ - ջրօգտագործող իրավահարաբերությունները, կկատարելագործվի ոռոգման համակարգի կառավարումը՝ նպատակ ունենալով ավելացնել ոռոգելի հողատարածքները.

- ջրամատակարար ընկերությունների կանոնակարգային փաստաթղթերում կիրականացվեն անհրաժեշտ փոփոխություններ՝ ընկերությունների կառավարման գործում բարձրացնելով ջրօգտագործողների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցության աստիճանը, միաժամանակ ապահովելով ընկերությունների գործադիր օպերատիվ կառավարման ինքնուրույնությունը,

- 2019 թվականին կավարտվեն «Արփա-Սևան» N 2 թունելի առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքները.

- շարունակաբար կիրականացվեն խոնավ (գերխոնավ) գյուղատնտեսական հողատարածքների մելիորատիվ վիճակի բարելավման աշխատանքներ.

- մինչև 2019 թվականի ավարտը կգնահատվի և կկազմվի մեխանիկական ջրարտադրության սարքավորումների տեխնիկական վիճակը բարելավելու և կառավարման արդի համակարգերով վերազինելու (փոխարինելու) ծրագիր.

- ոռոգման համակարգերը շարունակաբար կկահավորվեն արդի ջրաչափական սարքավորումներով և տվյալների հավաքագրման ու վերահսկողական համակարգով.

- կիրականացվի գործող ջրամբարների տեխնիկական վիճակի գնահատում և վերականգնման ծրագրի մշակում.

- ջրօգտագործման ու ջրերի կառավարման ռազմավարական նշանակության խնդիրների լուծման նպատակով կիրականացվի մասնավոր, մասնավոր-հանրային գործընկերությամբ տեղական և հանրապետական նշանակության ջրամբարների կառուցման և շահագործման համար անհրաժեշտ նորմատիվ-իրավական դաշտի մշակում և հնարավոր ներդրողների համար դրանց հասանելիության ու հանրայնացման ապահովում (ջրամբարների հնարավոր տեղակայումների, նրանց տեխնիկա-տնտեսական նկարագրության, կառուցման ու շահագործման պայմանների, ոռոգման առկա համակարգում դրանց ընդգրկման, մասնավոր (հաստատված սակագներով) շահագործման վերաբերյալ կանոնակարգումներով)։

Փետրվար 08, 2019 at 15:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր