Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագիրը վատ ուսանողի գրված կուրսային աշխատանք է

Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագիրը վատ ուսանողի գրված կուրսային աշխատանք է

ԷկոԼուր 

««Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» տնտեսագիտական հիմնավորումը չկա: Մենք գնահատեցինք այդ ծրագիրը. սա վատ ուսանողի գրված կուրսային աշխատանք է»,- ԷկոԼուրին ասաց Գյումրիի Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը: Նա պատմեց մի քանի դրվագներ Շիրակի մարզպետարանում ծրագրի վերաբերյալ անցկացված հասարակական լսումներից. «Մարզպետարանում` քննարկման ժամանակ, ես հարցնում եմ` Շիրակի մարզը ինչքա՞ն սևահող է կորցնում, նրանք ասում են` չգիտենք, չենք հաշվարկել: Ես ասում եմ, բա ինչպե՞ս եք տվել գնահատում, որտեղի՞ց եք վերցնում ջուր, որպեսզի ջրցան մեքենաներով իրականացնեք փոշու դեմ աշխատանք: Ասում են` դեռ չենք որոշել»: Գեւորգ Պետրոսյանի խոսքերով` ստացվում է, որ նախաձեռնող կողմը վարձում է պետության կողմից լիցենզավորված մի փորձագետ, ով, ֆինանսավորվելով նախաձեռնողի կողմից, պետք է ծառայի նրան` տալով վերջինիս շահերից բխող գնահատում: Հստակ չի գործում նաև բնապահպանական փորձաքննությունը: «Փորձաքննությունը նույնիսկ հստակ չի դնում, թե ինչ պետք է ներկայացնեն իրեն` ինչքան հողային ռեսուրս է օգտագործվում, որտեղից և ինչքան ջուր են վերցնում, կամ կենսաբազմազանության ինչպիսի տեսակներ են այդ ծրագրի հետևանքով վնասվում»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը: Նրա խոսքերով` բնակիչներին տեղեկատվություն չի տրամադրվել նաև ծրագրի տնտեսական վնասի եւ օգուտի վերաբերյալ:

«Մենք մի քանի անգամ հանրային քննարկումների ժամանակ հստակ հարց տվեցինք` ի՞նչ է տալիս հյուսիս-հարավը հայ ժողովրդին և ի՞նչ է կորցնում: Մեզ պատասխանեցին, որ շատանելու է տրանզիտ գնացող մեքենաների հոսքը Իրանից դեպի Վրաստան, Թուրքիա : Ասացինք` հաշվա՞րկ կա: Մենք վերցնում ենք 1 միլիարդ վարկ, ինչքա՞ն գումար է գալիս և քանի՞ տարի է դա փոխհատուցվում: Ոչ մի պատասխան, ասում են` մենք գործ չունենք, հիմնավորումը տալիս է կապի և տրանսպորտի նախարարությունը: Դա ռազմավարական ծրագիր է, դա ազգային անվտանգության մակարդակով լուծվող խնդիր է, դուք գործ չունեք այդ հարցի հետ: Այսինքն, ի սկզբանե այդ ծրագրի տնտեսագիտական հիմնավորումը չկա: Ընդհանուր առմամբ ճանապարհը լավ բան է, բայց երբ որ կառավարությունն չի տալիս տնտեսական, սոցիալական հիմնավորում, դա արդեն ծիծաղելի է»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկելու է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները` միանալով վրացական ճանապարհային ցանցին, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստներ, կամ դեպի արևելք` Թբիլիսի:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմելու է 556 կմ, կառուցման ժամկետը 2009թ.-ից մինչև 2017թ-ն է: Ծրագրի արժեքը 1,453միլիոն դոլլար է: Վարկը տրամադրել է Ասիական զարգացման բանկը:

17:27 Օգոստոս 30, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news