Ամուլսարի նախագիծը պետք է լինի լավագույնը աշխարհում. բնապահպանության նախարար

Ամուլսարի նախագիծը պետք է լինի լավագույնը աշխարհում. բնապահպանության նախարար

ԷկոԼուր

«Ամուլսարի նախագիծը պետք է լինի լավագույնը աշխարհում,  լավագույն բնապահպանական նախագիծը, այսինքն, պետք է օգտագործվեն ամենաբարձր տեխնոլոգիաները, շրջակա միջավայրի նկատմամբ  նախատեսվող միջոցառումները պետք է լինեն ամենալավը և ամենաշատ ներդրումն ունենան, իսկ արտանետումները և շրջակա միջավայրին հասցվող վնասը պետք է լինի  նվազագույն», - ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը 2013 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ: Նա նշեց, որ նախարարությունը Ամուլսարի հետ կապված ունեցել է շուրջ 200-300 նամակագրություն՝ պարզաբանումներով եւ հաշվարկներով:

Ամուլսարի  ոսկու  հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծում Ջերմուկ քաղաքը չի ընդգրկվել ազդակիր համայնքների շարքում, ինչը համայնքում բուռն քննարկումների առիթ է դարձել: Ջերմուկ քաղաքի բնակիչները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցով մտադիր են դիմել Եվրոդատարան: Խնդրի վերաբերյալ Արամ Հարությունյանը նշեց. «Ամուլսարի հետ կապված մենք ունեցել ենք 2-3 քննարկում, որոնց ժամանակ իմ հանձնարարությամբ և մեր գրագրության արդյունքում Ջերմուկ քաղաքը ներգրավված է եղել բոլոր քննարկումների, լսումների ժամանակ: Անձամբ ես զանգ եմ տվել, խոսել եմ, որ գան, մասնակցեն և իրենց առաջարկությունները կամ առարկությունները ներկայացնեն: Ես առաջարկում և հանձնարարում եմ լսումները անցկացնել նախարարությունում, որպեսզի  կաշկանդված  չլինենք»,- ասաց  նախարարը: 

Հիշեցնենք, որ «Lydian International»-ը նախատեսում է բաց եղանակով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, որի հանքաքարի մեկ տոննայում 0.9 գրամ ոսկի կա և վերամշակել ոսկու հանքաքարը ցիանային եղանակով: Ընկերությունն արդեն երրորդ անգամ է փոխում ցիանային ֆաբրիկայի գտնվելու վայրը, քանի որ նախկին տարածքները լուրջ վտանգ էին ներկայացնում ջրային ռեսուսների, մասնավորապես` Հայաստանի ռազմավարական առաջնահերթություն հանդիսացող Սևանա լճի համար:

2014թ. երկրորդ քառորդում ընկերությունը նախատեսում է ավարտել անհրաժեշտ էկոլոգիական և սոցիալական ազդեցության գնահատումները (ՇՄԱԳ):

Հունվար 09, 2014 at 10:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր