Դարբաս գյուղում տեղադրվել է փողոցային լուսավորության էներգաարդյունավետ համակարգ

Դարբաս գյուղում տեղադրվել է փողոցային լուսավորության էներգաարդյունավետ համակարգ

ԷկոԼուր-ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն

Փետրվարի 20-ին ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի (ՄԷՋԾ) կողմից Դարբաս գյուղում նշվեց փողոցային լուսավորության բարելավման ծրագրի ավարտը: Ծրագրի արդյունքները ներկայացվեցին Սիսիանի տարածաշրջանի այլ համայնքների և կազմակերպությունների ներկայացուցիչներին: Միջոցառման հիմնական նպատակներից է եղել խթանել նմանատիպ փոքրամասշտաբ ծրագրերի իրականացումը այլ համայնքների և կազմակերպությունների կողմից՝ շեշտադրելով էներգախնայող տեխնոլոգիաների շնորհիվ ստացվող ֆինանսական օգուտները:

Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ-ի, ՄԷՋԾ-ի, Ուորլդ Վիժնի, Խաղաղության կորպուսի, ինչպես նաև հարևան համայնքների ՏԻՄ-երի, հասարակական ու մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Դարբասի գյուղապետ Մայիս Միրզոյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ դոնորների աջակցության շնորհիվ նախորդ երկու տարիների ընթացքում իրենց հաջողվել է լուծել համայնքի որոշ ենթակառուցվածքային և սոցիալական խնդիրներ, մասնավորապես՝ պոլիկլինիկայի ջեռուցման և փողոցային լուսավորության: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերի բաժնի տնօրեն Ռիչարդ Բայասը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ նշելով որ համայնքի ավելի քան 2200 բնակիչ կօգտվեն ծրագրի արդյունքներից: Դարբասի փողոցային լուսավորության համակարգի արդիականացման և բարելավման աշխատանքներն իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ-ի ՄԷՋԾ-ի կողմից՝Ուորլդ Վիժնի և Դարբասի գյուղապետարանի հետ համատեղ: Գոյություն ունեցող լուսավորության համակարգը փոխարինվեց էներգաարդյունավետ, քիչ ծախսատար, մատչելի ու դիմացկուն լուսադիոդային լամպերով: Ծրագրի շնորհիվ համայնքը կկարողանա էներգիայի և պահպանման ծախսերի վրա խնայել տարեկան մինչև 2500 ԱՄՆ դոլար: Խնայողությունների հաշվին հնարավոր կլինի լուծել գյուղի այլ խնդիրները: ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի նպատակները միտված են Հայաստանում ջրային և էներգետիկ ռեսուրսների կառավարման փորձի, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված միջոցառումների բարելավմանը:

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ ՄԷՋԾ-ն իրականացնում է մի շարք ջրի և էներգաարդյունավետության ծրագրեր տարբեր գյուղական համայնքներում, որոնց նպատակն է ներկայացնել և տարածել էներգետիկ և ջրային համակարգերի կառավարման լավագույն փորձը: Ծրագրերն իրականացվում են ջրամատակարարման, էներգաարդյունավետ լուսավորության, ջեռուցման և ջրատաքացման, կենսագազի և արևային էներգիայի կիրառման ոլորտներում:

17:12 Փետրվար 22, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news