Վիճակագրությունը չի համապատասխանում իրականությանը. Մեղրիում հիվանդությունները շատացել են

Վիճակագրությունը չի համապատասխանում իրականությանը. Մեղրիում հիվանդությունները շատացել են

ԷկոԼուր

Վիճակագրությունը չի համապատասխանում իրականությանը. Մեղրիում հիվանդերի թիվը շատանում է: «Այսօր շատ դժվար է իրական ցուցանիշ տալ Մեղրիում հիվանդությունների տոկոսի վերաբերյալ: Վիճակագրական տվյալներով այդ ցուցանիշը Մեղրիում շատ ցածր է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ ցուցանիշը իրական չէ: Հիվանդացության մակարդակը մեզ մոտ բարձր է»,- ասաց  «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի անդամ, բժշկուհի Նվարդ Խաչատրյանը: Պատճառն այն է, որ Մեղրիի բնակիչներից շատերը հետազոտվում և բուժվում են ոչ թե Մեղրիում, այլ Երևանում, որտեղ նրանք չեն կանգնում հաշվառման: Իսկ Մեղրիում նրանք դիմում են տարբեր գանգատներով: Ըստ Նվարդ Խաչատրյանի` շատ մտահոգիչ են այն գանգատները, որոնք ունեն մինչև 30 տարեկան երիտասարդները: Իրենց առողջական խնդիրները բնակիչները բացատրում են հանքարդյունաբերության, մասնավորապես, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ազդեցությամբ: «Հիվանդները նշում են, որ իրենք Երևանում  իրենց վատ չեն զգում, իրենք վատանում են Մեղրիի տարածքում: Մենք բնակչության շրջանում հարցում անցկացրեցինք հասկանալու՝ կողմ են մարդիկ հանքարդյունաբերությանը, թե դեմ: Տուն առ տուն մտել ենք և հարցրել... շատ քչերն էին կողմ…»,- ասաց Նվարդ Խաչատրյանը: 

 «Բոլորը հանքեր են շահագործում` Ագարակի կոմբինատը, ոսկու գործարանը, Տաշտունի հանքավայրը, այդ բոլորը թույն է, չէ՞... ժողովուրդը վիճակ չունի, ղեկավարությունը շատ լավ գիտի, բայց ժողովրդի մասին մտածող չկա»,- բողոքում են ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչները: Բնակիչների կարծիքով` իրենց տարածաշրջանում շահագործվող հանքավայրերի թունավոր արտանետումներից և թափոններից ոչ միայն ոչնչանում է Մեղրիի բնությունը, այլև ավելանում են հիվանդությունները, այդ թվում ` թոքերի հիվանդություններ, սրտի անբավարարվածություն, ճնշման տատանումներ: Խնդիրը լուրջ մտահոգություն է առաջացրել բնակչության շրջանում: 

Հիշեցնենք, որ Մեղրի քաղաքի ավագանին 2013թ. ուղերձով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` նրա ուշադրությունը հրավիրելով հանքարդյունաբերության հետեւանքով տարածաշրջանում առաջացած խնդիրներին: Մեղրեցիներն առավելապես մտահոգված էին Լիճքի, Տաշտունի, Լիճքվազ-Թեյի հանքավայրերին տրված արտոնագրերով: Նրանք նշում էին, որ  այդ հանքավայրերի շահագործման դեպքում Մեղրիում էլ ավելի կսրվեն հիվանդությունները, անկում կապրի հողի բերրիությունը, կաղտոտվի եւ ոռոգման համար ոչ պիտանի կդառնա Մեղրի գետը:


Մանրամասները` տեսանյութում:



19:21 Մարտ 10, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news