Բանավեճ ակտիվիստի եւ նախարարի միջեւ

Բանավեճ ակտիվիստի եւ նախարարի միջեւ

ԷկոԼուր


Այսօր Երևանի Մարիոթ հյուրանոցում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողովին զուգահեռանցկացվեց բնապահպանների բողոքի ակցիան։ Այն ուղղված էր հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ կառավարության և միջազգային կառույցների վարած քաղաքականության դեմ:
«Դուք ընդամենը շինարար եք, գնացեք, ասֆալտ գցեք, բնապահպանությունը թողեք մասնագետներին»,- բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին դիմեց «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը:
«Նրանք ունեն միայն մեկ նպատակ՝ կատարել ինչ-որ մարդկանց պատվերներ և փորձել խանգարել»,- ասաց նախարար Արամ Հարությունյանը: Աննա Շահնազարյանը հարցրեց նախարարին՝ քանի՞ հանք ունի ինքը. «Վարդան Այվազյանն էլ էր բնապահպանության նախարար, 20 հատ հանք ունի: Իսկ Դուք քանի՞ հանք ունեք, կամ քանի տե՞ղ եք փայ մտել» :
«Ես չունեմ որևէ հանք և որևիցէ տեղ փայ չեմ մտել»,- պատասխանեց նախարարը:
Բնապահպանի հարցին, թե ինչ ներդրում է ունեցել նախարարը բնապահպանության ոլորտում, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Ես 2 ազգային պարկ եմ ստեղծել, դուք ինչ ե՞ք արել»: Ի պատասխան հնչեց.«Սուտ եք ասում,  դուք վերացրել եք Ջերմուկի ազգային պարկը, երբ Ամուլսարին լիցենզիա եք տվել: Ասեք՝որտե՞ղ է Ջերմուկի ազգային պարկի պլանը»:
Արամ Հարությունյանը պատասխանեց, որ Ջերմուկում ինքը ստեղծել է ջրաբանական արգելավայր: Արձագանքը չուշացավ. «Վատ եք արել, որ կրճատել եք ազգային պարկի տարածքը, հանել եք Ամուլսարը և անունը դրել եք ջրաբանական արգելավայր: Դուք վերացրել եք ազգային պարկ ստեղծելու գաղափարը»,- ասաց Աննա Շահնազարյանը:
Արամ Հարությունյանը նշեց, որ առաջին փուլում իրենք Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծին տվել են բացասական եզրակացություն, իսկ երկրորդ քննարկման ժամանակ տվել են այն պայմանները, որոնցով հնարավոր կլինի հանքը շահագործել: Նրա խոսքով, եթե պայմանները չբավարարեն, Ամուլսարի հանքը չի շահագործվի:
Աննա Շահնազարյանը անցկացվող գիտաժողովը որակեց որպես PR ակցիա է, որի նպատակն է «պատասխանատու» տերմինը պիտակել «Lydian International» ընկերությանը, որը ցանկանում է  ձեռք բերել թույլտվություններ Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու համար՝ դրանով կոտրելով Հայաստանի գոյության իրավունքը: Ինչ վերաբերում է  Հայաստանի կառավարությանը, Աննա Շահնազարյանն ասաց. «Հայաստանի կառավարությունն անատամ է և չունի այնպիսի կառավարման համակարգ, որ պաշտպանի իր սեփական պետության շահերը և ենթարկվում է միջազգային ճնշումների»:


Մանրամասները՝ տեսանյութում:



18:44 Մարտ 25, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news