«Անպատասխանատու հանքարդյունաբերություն Հայաստանում» այլընտրանքային գիտաժողով

«Անպատասխանատու հանքարդյունաբերություն Հայաստանում» այլընտրանքային գիտաժողով

ԷկոԼուր

Ի պատասխան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանատների, Կանադայի կառավարության, ինչպես նաև հանքարդյունաբերող ընկերությունների աջակցությամբ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կազմակերպած  «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում» խորագրով միջազգային համաժողովի` հասարակայնությունը կազմակերպեց «Անպատասխանատու հանքարդյունաբերություն Հայաստանում» այլընտրանքային գիտաժողովը։ ԷկոԼուրը սկսում է հրապարակել այլընտրանքային գիտաժողովում ներկայացված նյութերը։

Պատասխանատու տուրի՞զմ, թե՞անպատասխանատու հանքարդյունաբերություն

Մովսես Մանուկյան` «Առողջ Հրազդան» բնապահպանական խմբի անդամ

ՀՀ կառավարությունը զբոսաշրջության զարգացումը Հայաստանում դիտարկում է որպես առաջնահերթություն և հռչակել է զարգացման գերակա ուղղություն: Պետությունն ու ոլորտում տնտեսվարողներն անում են ամեն ինչ` բազմապատկելու զբոսաշրջիկների հոսքը Հայաստան: Իրականացվում են գովազդային թանկարժեք ծրագրեր, ապահովվում է մասնակցություն արտերկրյա զբոսաշրջային ցուցահանդեսներին ու ֆորումներին, կատարվում են սպասարկման որակի բարձրացմանը միտված որոշակի քայլեր:

Ներգնա տուրիզմի ցուցանիշները վերջին տարիներին, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների, անշեղորեն աճում են: Այս ոլորտի զարգացման համար Հայաստանն, իրոք, ունի մեծ պոտենցյալ, հատկապես էթնիկ, կուլտուր-մշակութային, էքստրեմալ, առողջարանային-սպորտային, գիտակրթական-գործարար, գյուղական, էկոտուրիզմի և այլ սեգմենտներում: Այնուհանդերձ, փաստ է, որ զբոսաշրջության զարգացման համար ամենածանրակշիռ կռվանը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում եղել և մնում է անաղարտ բնության գրավականը: Համացանցի առկայությունն այսօր աշխարհի ցանկացած անկյունից հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր պոտենցիալ զբոսաշրջիկի ուղևորություն նախաձեռնելուց առաջ մանրամասն ուսումնասիրել ընտրված տարածաշրջանը: Այս առումով այսօր (խուսափում եմ առայժմ բառից) մեր տարածաշրջանը շահեկան վիճակում է:

Վերջին տարիներին Հայաստանում մայրաքաղաքից զատ հստակ ուրվագծվում են տուրիզմի զարգացման որոշակի կենտրոններ, որոնց գրավչությունը պայմանավորված է առանձնահատուկ բնակլիմայական ու պատմամշակութային միջավայրով, մասնավորապես`

  • Ջերմուկը, որտեղ առկա է առողջարանային, սպորտային և էկոտուրիզմի զարգացման լուրջ պոտենցիալ և որտեղ արդեն ներդրվել ու ներդրվում են հսկայական ֆինանսական միջոցներ
  • Ծաղկաձորը, որտեղ գործում են բարձրակարգ և միջին կարգի բազմաթիվ հյուրանոցներ, հարմարավետ ճոպանուղին, կահավորված սահուղիներ և Կեչառիսի վանական համալիրը, առկա է զարգացած ինֆրաստրուկտուրա, սուպրաստրուկտուրա և իրականացվում են նորանոր մեծամասշտաբ ներդրումներ
  • Աղվերան-Արզական ձորը․ այստեղ նույնպես վերջին տարիներին սկսել են իրենց ծառայություններն առաջարկել մի քանի բարձրակարգ հյուրանոցներ
  • Գոյություն ունի շատ հետաքրքիր հեռանկարային ծրագիր` Թեղենիսի արևմտյան լանջերին ճոպանուղի և սահուղիներ կառուցելու մտադրությամբ, որը Ալպերի օրինակով կբազմապատկի Ծաղկունյաց լեռնաշղթայի ձմեռային մարզաձևերի, էքստրեմալ և էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները`շաղկապելով դրանք ծաղկաձորյան ճոպանուղիների ու սահուղիների համակարգին
  • Հանքավանի ձորը, որի թերմալ ջրերի, ցեխերի, անզուգական բնաշխարհի ու այս տարի վերջապես ավարտվող Մարմարիկի ջրամբարի ընձեռած առավելությունները զբոսաշրջության զարգացման հեռանկարային լուրջ խթան կարող են դառնալ
  • Եվ, իհարկե, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող Տաթևի և հարակից շրջանների զբոսաշրջային զարգացման շնորհակալ նախաձեռնությունը` արդեն կյանքի կոչված Տաթևեր ճոպանուղիով ու նոր հետաքրքիր մտահղացումներով:

Այս ոլորտը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և նրա կազմում գործող զբոսաշրջության վարչության գործունեության տիրույթում է իր զարգացման, գուցե քիչ դանդաղ, բայց հաստատուն ընթացքով: Սակայն, ի հեճուկս այս ամենի, կամ, գուցե «ի ձեռամբ չարոյ», վերջերս ի հայտ են եկել ՀՀ էներգետիկայի նախարարության և նրա կազմում գործող ընդերքի տրամադրման գործակալության կողմից հատկացված հանքարդյունահանման լիցենզիաներ՝ Ջերմուկում՝ Ամուլսարի ոսկու հանքի արդյունահանման, Ծաղկաձորում՝ Հրազդանի երկաթահանքի արդյունահանման ու  երկաթաձուլարանի շահագործման, Հանքավանում՝ Մարմարիկ գետի երկանքով մոլիբդենի, նեֆելինային սիենիտների արդյունահանման և մի քանի նոր ոսկու հանքերի ու ոսկու կորզման արտադրամասի շահագործման, Տաթևում՝ Սվարանցի երկաթահանքի, երկաթաձուլարանի շահագործման։
Ի՞նչ է սա: Նախարարությունների ու նրանց ենթակառուցվածքների համագործակցության պակա՞ս, կարապի, խեցգետնի ու գայլաձկան սինդրո՞մ, թե՞ Հայաստանում էկոնոմիկայի զարգացման վեկտորների փոփոխության՝ կառավարության քողարկված որոշում: Ինչպես էլ մեկնաբանվեն նման գործառույթի դրդապատճառները, միևնույն է, դա խիստ մտահոգիչ ու հասարակությունից թաքուն իրականացվող գործելաոճ է:

Զբոսաշրջության և հանքարդյունաբերության ճյուղերը միևնույն տարածաշրջանում, մեր դեպքում իրար կողք կողքի զարգացնելու միտումը անհեռանկար, եթե չասենք, անմիտ նախաձեռնություն է: Տխուր է նկատել, բայց փաստ է, որ զարգացող հանքարդյունաբերությունը տվյալ տարածաշրջանում կդառնա զբոսաշրջության «գերեզմանափորը»: 

Ո՞ր ոլորտին կտրվի առաջնահերթությունը, հանքարդյունաբերությա՞նը, թե՞ զբոսաշրջությանը, պետք է ընտրի երկու տարբեր նախարարությունների գործունեությունը համակարգող ՀՀ կառավարությունը, մեր կարծիքով` հիմնվելով ժողովրդի կամարտահայտության և առողջ տրամաբանության վրա: Իսկ առողջ տրամաբանությունը աներկբա զբոսաշրջության զարգացման երկրպագուն ու ջատագովն է, քանզի այն հանրության ընդգրկվածության առումով էկոնոմիկայի ամենաէֆեկտիվ ճյուղն է, որտեղ միավոր արդյունքի ստեղծման և հասույթի բաշխման գործընթացին մասնակցում են առավելագույն թվով մարդիկ` ստանալով փոքր, բայց կայուն ու երկարատև եկամուտներ: Մեզ այցելած զբոսաշրջիկները` որպես մեր մշակույթի պոտենցիալ կրողներ, Հայաստանն ու Արցախը ավելի ներկայանալի և ընկալելի են դարձնում աշխարհում: Երկրում անընդհատ զարգանում է ինֆրաստրուկտուրան, մշտական ուշադրության ու խնամքի են արժանանում պատմական ու բնական հուշարձանները զբոսաշրջության զարգացումը չի հարուցում բնապահպանական խնդիրներ:

Հանքարդյունաբերությունը, հակառակ այս ամենի, եկամտի բաշխման առումով ընձեռում է խիստ անհավասարաչափ ու սահմանափակ հնարավորություններ: Ոլորտի գործունեությունն անգամ ամենաառաջավոր տեխնոլոգիաների կիրառման պարագայում ամբողջովին չի բացառում բացասական ազդեցությունները բնության վրա: Թունավորվում է օդային ավազանը, աղտոտվում են խմելու և ոռոգման ջրային համակարգերը: Խաթարվում է բնական միջավայրը, հանքերի ու պոչամբարների, ինչպես նաև դրանց հարակից տարածքների լանդշաֆտն ամայանում է:

Ծանր մետաղներով ու թունավոր այլ նյութերով հարուստ պոչամբարներն ահռելի վտանգ են պարունակում իրենց մեջ, և հարյուրավոր տարիներ դրանց պահպանության համար պետական բյուջեն հսկայական միջոցներ է վատնելու: Ոլորտը գոնե այսօր ամբողջովին գտնվում է օլիգարխիկ համակարգում: Հանքարդյունաբերությունը Հայաստանում բնորոշվում է որպես զարգացած երկրների կողմից իրականացվող հանքահումքային էքսպանսիայի միջավայր, այսինքն՝ առկա է աֆրիկյան մի շարք երկրներին բնորոշ հանքահումքային կամ էկոլոգիական գաղութացման վտանգը: Պոչամբարները ստրատեգիական առումով իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում` դառնալով պատերազմական կամ դիվերսիոն հարձակումների հարմար թիրախներ:

Հանքարդյունաբերության զարգացումն արդեն կայացած զբոսաշրջային կենտրոնների հարակից տարածքներում ուղղակի նշանակում է խաչ քաշել ներգնա և ներքին զբոսաշրջության ապագայի վրա: Այս ամենի արդյունքում զգալիորեն կկրճատվեն ռեալ տարադրամային մուտքերը Հայաստան ներգնա տուրիզմից: Էկոնոմիկայի նախարարության 2013 թ-ի տվյալներով` օտար երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 700 հազարը: Խիստ մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր այցելու մեր երկրում թողնում է հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, այսինքն, տարվա կտրվածքով ոլորտից հասույթը միայն ներգնա տուրիզմից կազմել է մոտ 700 միլիոն ԱՄՆ դոլար: Եթե սրան հավելենք ներքին տուրիզմից ստացվող հասույթը, պատկերը տպավորիչ կլինի: Անտեսել այս ամենը, իմաստազրկել ոլորտում ցայսօր արդեն փաստացի իրականացրած բազմամիլիոն ներդրումներն ու վտանգել ստեղծված հազարավոր երկարաժամկետ աշխատատեղերը, չանսալով առողջ տրամաբանությանը, ապավինել հանքարդյունաբերության ոլորտին, ինչը տարածքով շատ փոքր մեր երկրի համար կարճաժամկետ և խիստ կասկածահարույց զարգացման հեռանկար ունի, կնշանակի զոհաբերել հանրային շահը անձնական, նեղ խմբակային նկրտումներին: 

Թե´ ազգաբնակչության մեջ արդեն իսկ զգալիորեն առկա մեր երկրից օտարվածության խաթարված հոգեբանության առավել խորացման վտանգը, թե´ երկրի բնականոն զարգացման տրամաբանական ընթացքը, և թե´ սերունդներին որպես ելման կետ մեր նախնիների ավանդած այս դժվար հայրենիքը ժառանգություն թողնելու մեր սրբազան առաքելությունը, մեզ՝ բոլորիս, հրամայելով հուշում են՝ պետք է կա´նգ առնել, քանզի հայրենիքի շինարարության առումով հանքարդունաբերության «պատասխանատու» զարգացման նման գործելակերպը տանում է փակուղի:

12:49 Մարտ 26, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news