Ձևական դրույքաչափերից` փափուկ ռոյալթիներ

Ձևական դրույքաչափերից` փափուկ ռոյալթիներ

www.armef.com, Էրիկ Գրիգորյանը,  Երիտասարդ բնապահպան իրավաբանների և տնտեսագետների ասոցիացիայի նախագահ

ՀՀ բնօգտագործման, բնապահպանական վճարների համակարգը ներդրվել է 1998թ.: Այդ ժամանակ հանքարդյունաբերական հիմնական ձեռնարկությունները պետական սեփականություն էին, այդ պատճառով էլ դրվել են ավելի ձևական բնույթ կրող դրույքաչափեր: Բնապահպանական և ջրի օգտագործման վճարները շատ ցածր էին, ձկնարդյունաբերության համար վճարը` աննշան, հիդրոէներգետիկայի համար վճարներ չէին նախատեսվում: Մետաղական հանածոների համար էլ վճարները կազմում էին 1-1.5%: Դա այդպես էր, որովհետև եղածը պետական էր, պետությունը մի գրպանից հանում, մյուսն էր դնում: Դրա համար էլ բնապահպանական խնդիրներին էական նշանակություն չէր տրվում: 

 1998թ. օրենքի ընդունումից հետո հանքերի մեծամասնության շահագործումը հանձնվեց մասնավոր կազմակերպությունների: Դրանք գնվել են, սեփականաշնորհվել: Դրանից հետո երկար ժամանակ մեր օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ չեն եղել: Հանքերը շահագործում էին (և են) մասնավոր կազմակերպություններ, իսկ վճարները ցածր էին:  

Ընդերքի մասին նոր օրենսգրքի ընդունմամբ (2011), բնօգտագործման վճարների մեջ փոփոխություն կատարվեց: Ռոյալթիների գաղափարը ներդրվեց: Դա Համաշխարհային բանկի առաջարկն էր: Ընդ որում` նրանք առաջարկում էին ռոյալթիների 0.25% վճար: Շահագրգիռ տարբեր կազմակերպություններ պնդեցին ու հիմնավորեցին, որ աշխարհում նման ցածր թվեր չկան: Ի վերջո` կառավարությունը որոշեց, որ ռոյալթիների վճարը պետք է լինի 4%+: Դա նշանակում է` ինչ գնով որ վաճառում են, դրա հասույթից հաշվարկվում է 4%, իսկ պլյուսը բանաձև է` կապված շահութաբերության նորմայի հետ, որը կարող է ավելի բարձր լինել: Ամեն դեպքում այն բնապահպանական մասով դարձյալ շատ «փափուկ» է:  

Չհարկվող լցակույտից` չհարկվող տեխնոլոգիական հանք 

Կարևոր է հատկապես թափոնների հարցը: Նախորդ օրենսդրությամբ` լեռնամետալուրգիայի թափոնները չէին հարկվում: Օրենքի համապատասխան հոդվածում գրված էր, որ լեռնամետալուրգիայի թափոնների դրույքաչափը զրո դրամ է: Մնացած դեպքերում, ելնելով վտանգավորության աստիճանից, հարկվում էր 60, 600, 1200-ից մինչև 48 հազար դրամով: Դա խնդիր էր ստեղծում, որովհետև, ելնելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից, 2010թ. Հայաստանում արտադրված արդյունաբերական թափոնների 99.66%-ը հենց լեռնամետալուրգիայի թափոններն էին:

Նոր օրենքով` սկզբում լցակույտ տերմինն օգտագործվեց, որը թափոն չէ ու այդ առումով շեղող տերմին է և այդքանով հանդերձ` դարձյալ չպետք է հարկվեր: Հետո օգտագործվեց տեխնոլոգիական հանքեր տերմինը: Այսինքն` շահագործում են հանքը, ինչ պետք է` վերցնում են, դրա համար դարձյալ չեն վճարում` հաշվելով, որ դա տեխնոլոգիական հանք է: Ողջ աշխարհում թափոնների համար հարկում են: Կան երկրներ, որոնք հարկերը բաղդատում են` պայմանավորված այն բանով` դա դատարկ ապար է թե մակաբացման, թե մեկ այլ բան է, և ըստ դրա` դրույքաչափեր են սահմանում: Կան երկրներ, որտեղ դրույքաչափը սահմանում են` ըստ հեկտարի: Կիրառվում են հարկման տարբեր մեխանիզմներ:  

Փաստորեն` Հայաստանը Կանադայից զարգացած է 

Ընդերքի մասին ՀՀ նոր օրենսգրքի կիրառմամբ` դուրս եկավ նաև բնօգտագործման վճարը: Ռոալթին ներառեց և´ շահութահարկը, և´ բնօգտագործման վճարը: Այս պարագայում հանքարդյունաբերողի համար տնտեսական որևէ խթան գոյություն չունի, որպեսզի վերջինս ռեսուրսն ավելի ռացիոնալ օգտագործի: Արդյունահանողը որքան էլ հանքաքար հանի, միևնույն է` հարկ վճարելու է միայն վաճառքի գնից: Խնդիր չունի նաև թափոնների տեղակայման հետ կապված: Եթե ելնելով դրանց տեղակայումից` հանքը շահագործողը ստիպված լիներ շատ վճարել, ապա հենց սկզբից կփորձեր արդյունահանման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպել: Փաստորեն` նա թե´ հանքաքարը վերցնելիս և թե´ թափոնները տեղակայելիս ռացիոնալ օգտագործման որևէ խթան չունի:  

Աշխարհում հանքարդյունաբերության ոլորտում կիրառվում են եկամտահարկ, բնօգտագործման վճարներ և ռոյալթիներ: Կան երկրներ, որտեղ գործում են միայն ռոյալթիները կամ միայն բնօգտագործման վճարներ: Կան երկրներ էլ, որտեղ երկուսն էլ գործում են. բնօգտագործման վճարը` որպես պետության բացառիկ սեփականություն հանդիսացող ռեսուրսի օգտագործման գին, իսկ ռոալթիները` որպես գերշահույթներ ապահովող ոլորտի համար գերշահույթից վճարվող լրացուցիչ հարկատեսակ:

Սովորաբար` ռոյալթիները կիրառում են այն երկրներում, որոնք ավելի զարգացած են, վերհսկողական մեխանիզմներն ավելի բարձր են, ու պետությունը հստակ տիրապետում է վաճառքներին վերաբերող տվյալներին:

Կանադայում, օրինակ, կա երկու մակարդակի եկամտահարկ` ֆեդերալ և լոկալ մակարդակով վճարվող: Մեզանում լոկալ մակարդակով վճարվում է միայն գույքահարկն ու հողի հարկը, որը բավական փոքր թիվ է կազմում: Կանադայում գործում են բնօգտագործման վճարներ, որ մինչև 16% վճարվում են ֆեդերալ և լոկալ մակարդակներով: Այնտեղ կան ռոյալթիներ, որ հաշվարկվում են ոչ ռեզիդենտների, օտարերկրյա ներդրողների կողմից: Այնտեղ գոյություն ունեն և չորս տեսակի հարկեր: Դիվիդենտներից 25%-ի չափ են կազմում, ռոյալթիներից` գրեթե նույնչափ:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Հայաստանում վճարումը կատարվում է հասույթից, այսինքն` վերջնական թվից: Կանադայում հաշվարկները կատարվում են` ելնելով եկամտից: Միջին եկամտաբերությամբ հաշվարկելիս նշյալ 4% հասույթից վճարվող ռոյալթիները Հայաստանում կկազմեն 10-15%-ի կարգի եկամտի տեսքով` կախված կոնկրետ կազմակերպության շահութաբերության նորմայից:  

Եվրոպական երկրներից` հարուստ 

Ամեն դեպքում Հայաստանում չեն վճարում բնօգտագործման վճարներ, ԱԱՀ, արտահանման մաքսատուրքեր: Մեզանում լրացուցիչ հարկային բեռ, որպես այդպիսին, չկա: Իսկ բնապահպանական վճարներն էլ շատ փոքր են: Օդի, ջրի աղտոտման համար նախատեսվող գումարների փոքր լինելը մեղմ է ասված:  

Կա տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության բնապահպանական տվյալների բազա, որտեղ ներառված են անդամ և ոչ անդամ երկրների` բնապահպանական գրեթե բոլոր տեսակի վճարները: Չեխիայում, Սլովակիայում, Մերձբալթիկայում, Բուլղարիայում, որոնց հետ համեմատական վերլուծություններ ենք անցկացրել, բնօգտագործման վճարներն ու հարկերը Հայաստանում կիրառվողների համեմատ բավական բարձր են: Սլովակիայում բնօգտագործման վճարները մինչև 10% են կազմում` մետաղական հանածոների համար: Օդի աղտոտման համար, օրինակ` ծծմբի օքսիդի պարագայում, վճար ունենք, որ մեզ մոտ 1800 դրամ է, իսկ եվրոպական երկրներում` առնվազն 40-60 եվրո: Ընդ որում` եթե նույնիսկ համադրենք ՀՆԱ-ները` ըստ բնակչի գնողունակության, և համադրենք թվերը, միևնույն է` մեզ մոտ բնապահպանական վճարները շատ ցածր են ու չեն ապահովում համապատասխան փոխհատուցում:  

Իսկ աշխարհում` բացառիկ 

Մեր օրենքը բավական լավն է` այն առումով, որ օդի աղտոտման համար ամրագրված են վեց-յոթ աղտոտիչներ, որ իրականում փակում են աղտոտման 95%-ից ավելին, ինչը ճիշտ է: Ընդհանրապես` օրենքները, որ վերաբերում են բնօգտագործմանն ու բնապահպանությանը, լավն են: Մեր խնդիրներն ավելի շատ կապված են դրույքաչափերի հետ:  

Թափոնների տեղակայման ժամանակ հարկերից ազատումը բացառիկ է: Աշխարհի փոքրիշատե կայացած երկրներում նման բան չկա. վճարներ են սահմանվում` ջրի աղտոտման համար, համազարկային աղտոտման համար և այլն:  

Հայաստանում տնտեսական գործունեության հետևանքով բնությանը վնաս է հասցվում, և տեսչությունը փորձում է հաշվարկել այդ վնասը, պարզվում է` այն ընդամենը 4 հազար դրամ է: Դա լուրջ չէ: Հայաստանի պատմության ողջ ընթացքում հողի աղտոտման հետ կապված որևէ հաշվարկ չի կատարվել, մինչդեռ հսկայական ծավալներով հող է աղտոտվում հանքավայրերում և դրանց հարակից տարածքներում: 

Թափոնների մի մասը ձևավորվում է դատարկ ապարներից, որը կարող է չհարկվել, կարող է հարկվել` ըստ տարածքի: Եթե այդ ապարները լցվում են հողի վրա, որը հնարավոր է գյուղատնտեսական նպատակներով օգտագործվեր, ապա այն կարող է հարկվել` ըստ տարածքի: 

Բնօգտագործման, բնապահպանական վճարները նաև կարգավորիչ գործառույթ ունեն: Դրանց միջոցով հնարավորություն է ստեղծվում կարգավորել աղտոտողի և ռեսուրսն օգտագործողի վարքը` տնտեսական մեխանիզմների միջոցով:  

Առաջին օրենքի ներդրման տարում` 1998-ին, հավաքագրվել է 600 մլն դրամ բնօգտագորման և բնապահպանական վճար: 2013-ին` 35 մլրդ դրամ: 55 անգամ ավելի: Ֆիսկալ տեսանկյունից դա լավ է, բայցև նշանակում է, որ այդքան անգամ ավելի շատ հանքային ռեսուրս է օգտագործվել, այդքան անգամ շատացել է աղտոտումը: Իհարկե` որոշ դեպքերում դրույքաչափերն են ավելացել, բայց մի շարք դեպքերում էլ` ֆիզիկական ծավալները: 

12:47 Մարտ 31, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news