Կարինե Դանիելյան՝ Հայաստանը տնտեսական, էկոլոգիական, սոցիալական ոլորտներում կայուն զարգացման դեռ չի մոտեցել

Կարինե Դանիելյան՝ Հայաստանը տնտեսական, էկոլոգիական, սոցիալական  ոլորտներում կայուն զարգացման դեռ չի մոտեցել

ԷկոԼուր

Հունիսի 18-ին տեղի ունեցավ Կարինե Դանիելյանի, Լիլիթ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի հեղինակած «Կայուն զարգազման տեսությունն ու պրակտիկան (Համաշխարհային գործընթացը եւ Հայաստանը)» բուհական ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը: Շնորհանդեսը կազմակերպվել էր «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ««Կանաչ» տնտեսություն` ճանապարհ դեպի կայուն զարգացում» խորագրով սեմինար շնորհանդեսի շրջանակներում:

Ձեռնարկը նվիրված է գլոբալ գործընթացների հետեւանքով առաջացած ճգնաժամային իրավիճակը շտկելու քաղաքականության ձգտմանն ու փորձին` կայուն զարգացմանը: Այն ներկայացրեց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:

ԷկոԼուրի հետ զրույցում Կարինե Դանիելյանը նշեց, որ Հայաստանը ո՛չ տնտեսական, ո՛չ էկոլոգիական, ո՛չ սոցիալական  ոլորտներում կայուն զարգացման դեռ չի մոտեցել: «Մենք վիրտուալ ծրագրեր ենք մշակում, վիրտուալ օրենքներ ենք ընդունում, իսկ իրականությունը հակառակ ուղղությամբ է գնում հիմնականում: Ստեղծվել է օլիգարխիկ համակարգ, որն իր էությամբ բացարձակ  հակառակ է կայուն զարգացման  գաղափարներին»,-ասաց նա:

Ընդերքօգտագործում, քաղաքաշինություն, փոքր ՀԷԿ-եր: Ահա սրանք են, ըստ Կարինե Դանիլեյանի, կայուն զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոնները: «Կա մեծ դրական համաշխարհային փորձ, որը պետք է  անպայման կիրառել: Հայաստանում կան, օրինակ, արեգակնային էներգետիկայի, օրգանական գյուղատնտեսության առաձին փորձեր, որոնք նույնպես պետք է  տարածել»,-ասաց նա: Ըստ Կարինե Դանիելյանի` կայուն զարգացման ուղղությամբ այժմ մշակվում է նոր ծրագիր:

Հունիս 19, 2014 at 11:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր