ԷկոԼուր
Էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները պատրաստում են բողոքի նոր գործողություններ: Հուլիսի 2-ին ակտիվիստները Մաշտոցի պուրակում հանրային քննարկում են անցկացնելու` որոշելու հետագա գործողությունները: Հիշեցնենք որ հուլիսի 1-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունեց էլեկտրաէներգիայի գնի թանկացման մասին որոշումը, ինչին բացասաբար արձագանքեցին Հանձնաժողովի շենքի մոտ հավաքված ցուցարարները: «Մինչև ՀՀ քաղաքացիները դուրս չգան լուրջ պայքարի, լուրջ քաղաքացիական անհնազանդությունների, այս իշխանությունները և իրենց այս մանկլավիկները չեն գնալու որևէ զիջման: … Մենք պետք է պատրաստ լինենք քաղաքացիական ահնազանդությունների խաղաղ պայքարի մեթոդներով: Պիտի կոչ անենք մեր հայրենակիցներին ոտքի կանգնել և պայքարել: Եթե անցյալ անգամ այսքան լինեինք, ոստիկանությունը չէր կարողանա իր ստորությունները կատարել: Մենք պետք է շատանանք և մարդկանց ոտքի հանենք»,- հայտարարեց «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը՝ չմոռանալով շնորհավորել ոստիկաններին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման առթիվ:
Նշենք, որ Հանձնաժողովի շենքի մոտ հավաքվածներին թույլ չեն տվել մասնակցել նիստին` պատճառաբանելով, թե տեղ չկա, մինչդեռ նիստին ներկա եղած քաղաքացի Վաղինակ Շուշանյանը շենքից դուրս գալով հայտարարել է, թե դահլիճում մոտ 50 հոգու տեղ կար: Որպես բողոքի նշան ցուցարաները փակել են Սարյան փողոցը, սակայն ոստիկանները նրանց ուժով հեռացրել են փողոցից:
Ակտիվիստները հայտարարել են, որ չնայած կայացված որոշմանը, իրենք շարունակելու են պայքարել:
Հուլիս 02, 2014 at 12:13