Նախարարը վստահեցնում է, որ, բնապահպանական եզրակացություն տալիս, հաշվի են առնելու բնակիչների կարծիքները

Նախարարը վստահեցնում է, որ, բնապահպանական եզրակացություն տալիս, հաշվի են առնելու բնակիչների կարծիքները

ԷկոԼուր

Արդեն երկար տարիներ հասարակությունը ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում է կարգ մշակել, որի համաձայն հասարակական լսումների և բնապահպանական փորձաքննության ժամանակ պետք է հաշվի առնվի հասարակության կարծիքը, և եթե հասարակությունը դեմ է այս կամ այն նախագծին, փորձաքննությունը պետք է տրամադրի բասացական եզրակացություն: Այս խնդրի շուրջ օգոստոսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԷկոԼուրը հարց ուղղեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին՝ ե՞րբ է նախարարությունը մտադիր մշակել այդ կարգը:

«Կարգը ՇՄԱԳ-ի  նոր օրենքով արդեն հստակեցված է, բայց այստեղ հասարակական լսումները դարձել են չորսը: Մենք իրականացնելու ենք վերջին՝ մասնագիտական լսումները: Սա իրականություն է՝ անպայման հաշվի առնել համապատասխան տարածքի բնակիչների կարծիքը, և եթե լինեն բացասական կարծիքներ, մենք, բնականաբար, կտանք բացասական եզրակացություն: Պիտի ասեմ, որ նախնական փուլերում ամբողջական դրական կարծիքներ են լինում, հետո չգիտես ինչ է պատահում, և որոշումը կայացնելուց հետո մարդիկ փոխում են իրենց մտադրությունը՝ ներկայացնելով բացասական կարծիք: Այնուամենայնիվ, այս խնդիրը կա, և մենք առաջնահերթություն տալու ենք բնակիչների ցանկությանը, և մեր եզրակացությունը կներկայացնենք այնպես, ինչպես ցանկանում է բնակիչը: Եթե շատ անհրաժեշտություն առաջանա, այնպիսի իրավիճակ լինի, որը մեր երկրի համար շատ կարևոր է, ինքներս կգնանք, մի քանի անգամ կփորձենք հասկանալ, ներկայացնել բոլոր խնդիրները, որպեսզի համապատասխան հանքարդյունաբերողը կարողանա լիարժեք իր հնարավորությունները օգտագործի նաև տարածքի զարգացման համար, նոր այդ ժամանակ, եթե հասարակությունը կողմ կկանգնի, մենք կտանք դրական եզրակացություն»,- ասաց Արամայիս Գրիգորյանը:

ԷկոԼուրը բազմիցս մասնակցել է տարբեր նախագծերի վերաբերյալ հասարակական լսումների և շատ անգամներ արձանագրել է, որ բնակչության մեծ մասը պարզապես տեղյակ չէ հասարակական լսումների մասին: Օրինակ,  «Արփա-3» փոքր ՀԷԿ-ի նախագծի հանրային լսումները, որին, բացի Ջերմուկի քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներից, ներկա էր ընդամենը մեկ բնակիչ, որը պատահաբար էր տեղեկացել լսումների մասին, կամ «Կոշ» փոքր ՀԷԿ-ի նախագծի լսումները, որին ներկա էին գյուղապետը և նրա «մերձավոր շրջանակը», իսկ մնացած բնակիչները անգամ տեղյակ չէին, որ իրենց համայնքում ինչ-որ կառույց է ավելանալու և իրենք հայտնվելու են դրա անմիջական ազդեցության տակ, կամ «Իջևան-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի լսումների ժամանակ, երբ ներկա էին միայն կառուցապատողի հարազատները և «պաշտպանները», ովքեր լրագրողներին հրահանգում էին լռել և հարցեր չտալ: Եվ այդպես բազմաթիվ այլ դեպքերում: Սա է պատճառներից մեկը, երբ սկզնական շրջանում արձանագրվում է դրական կարծիք, իսկ բնակիչները տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ արդեն սկսվում է շինարարությունը, իսկ դրական եզրակացությունը տրված է:



13:22 Օգոստոս 14, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news