«Տաշիր»-ը գնեց ՀԷՑ-ը եւ պարտավորվեց մինչև 2016թ. օգոստոսի 1-ը փոխհատուցել Էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը բնակչության և փոքր բիզնեսի համար

«Տաշիր»-ը գնեց  ՀԷՑ-ը եւ պարտավորվեց մինչև 2016թ. օգոստոսի 1-ը փոխհատուցել Էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը բնակչության և փոքր բիզնեսի համար

ԷկոԼուր

«Տաշիր» խումբը ստորագրեց «Ինտեր ՌԱՕ» խմբից Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր: Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտնել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:  Օֆշորում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, որը պատրաստակամություն էր հայտնել գնել «Հայկական էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը, «Տաշիր» խմբի ընկերություններից է: Չհիշատակելով այս ընկերության անունը` ՀՀ վարչապետը կառավարության նիստում մասնավորապես ասել է.  «…Քանի որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ կառավարման համակարգի էական բարելավման համար: Հաշվի առնելով «Տաշիր» խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ «Տաշիր» խմբի կազմում գործող «Կասկադ-Էներգո» ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի իշխանությունները դիմել էին «Տաշիր» խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ձեռք բերման հարցը: Ընդառաջելով մեր խնդրանքին`կարճ ժամանակահատվածում «Տաշիր» խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր «Ինտեր ՌԱՕ» խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին: Մեր խնդրանքով, «Տաշիր» խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները: Միաժամանակ, կառավարության հետ հավասար հիմունքներով «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը փոխհատուցել սակագների տարբերությունն ամսական մինչև 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը:

Մանրամասնեմ մեր մոտեցումը: Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատտ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական միչև 500 կիլովատտ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատտ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը:

Հանձնարարում եմ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով «Տաշիր» խմբի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով»:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի կուտակած միլոնավոր պարտքերը թեթևացնելու համար մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ բարձրացվեց էլեկտրաէներգիայի սակագինը: Վերջին` մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի 6 դրամ 93 լումայով թանկացումից հետո էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41 դրամ 85 լումայի փոխարեն 2015թ-ի օգոստոսի 1-ից կազմեց  48 դրամ 78 լումա, գիշերային սակագինը 32 դրամ 85 լումայի փոխարեն` 38 դրամ 78 լումա:

Հոկտեմբեր 01, 2015 at 17:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր