«էԿՈԱՀԱԶԱՆԳ»` նոր գործիք էկովճիռ ստանալու համար

«էԿՈԱՀԱԶԱՆԳ»` նոր գործիք էկովճիռ ստանալու համար

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ստեղծել է բնապահպանական ահազանգերի ընդունման և դիտարկման նոր գործիք` «էԿՈԱՀԱԶԱՆԳ» կայքէջը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին` «Հոդված 3» ակումբում: Կայքէջը ներկայացրեցին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, ԷկոԼուրի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը, «էԿՈԱՀԱԶԱՆԳ» կայքէջի պատասխանատու Մոնիկա Երիցյանը:

«էԿՈԱՀԱԶԱՆԳ» կայքէջում ահազանգեր կարող են տեղադրել բոլոր ցանկացողները և հետևել ահազանգի ընթացքին: Այս գործիքի առավելությունն այն է, որ ահազանգը կունենա արձագանք փորձագետների կողմից, կուղղվի պատասխանատու մարմիններին: Եթե ահազանգը պարունակում է էկոլոգիական հանցագործության հատկանիշներ, այն կներկայացվի և կքննվի Հասարակական դատարանում, որը կկայացնի վճիռ:

Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին շնորհանդեսին ներկայացվեցին մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգության և կանաչ տարածքների ոչնչացման, աղբի անպատասխանատու կառավարման վերաբերյալ ահազանգեր:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը նշեց, որ բուռն կառուցապատման հետևանքով Երևանը կորցրել է իր պատմական և մշակութային հին շենքերը` 30-ից ավելի, ոտնահարվել է բնակիչների սեփականության իրավունքը:

«Մենք ժամանակին ուզում էինք մեր կազմակերպության անունը դնել Քոչարյանի (ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան) զոհեր, բայց չգրանցեցին, - ասաց Սեդրակ Բաղդասարյանը, - պետք է պահպանել այն, ինչ դեռ մնացել է: Գրեթե բոլոր պատմամշակութային հուշարձանները քանդվել են հանրային գերակա շահի անվան տակ, ընդ որում` դա ոչ հանրային, ոչ գերակա շահ է: Հանրային գերակա շահ ասվածը պետք է քննարկման առարկա դառնա»:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը խոսեց Երևանի կանաչ տարածքների օտարման և ոչնչացման մասին:

«Իմ դիտարկումներով վերջին ամիսներին, հատկապես հեղափոխությունից հետո, կարծես թե փորձում են պոկել վերջին կտորները Երևանի շատ լավ տարածքներում: Կարծում եմ` պետք է պահանջել, որպեսզի Երևանի նոր իշխանությունները շատ արագ վերանայեն այդ բոլոր հողհատկացումները, որպեսզի տեսնենք, թե ինչ անօրինականություններ են տեղի ունեցել, և անհրաժեշտության դեպքում նաև քրեական գործեր հարուցվեն: Այս հարցը պետք է դնել համապարփակ ձևով` վերականգնել Երևանի կանաչ տարածքները, որպես քաղաքային մշակույթի մի մաս:

Պետք է շուտափույթ վերականգնել Մոնումենտի և Նորքի անտառները, առանց որոնց Երևանում ջերմաստիճանի աճ է տեղի ունեցել, չհաշված այն ծանր մետաղները և փոշին, որը կա մեզ մոտ: Դա լուրջ վտանգ է մեր առողջության համար: Նաև պետք է չերկարացնել արդեն իսկ վարձակալության տրված տարածքները», - նշեց Վահրամ Սողոմոնյանը:

Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը ներկայացրեց Նուբարաշենի աղբավայրի խնդիրը:

Գաբրիելյանը նշեց, որ ժամանակին Ճապոնիայի կառավարությունը պատրաստ էր իր ներդրումներով աղբավայրի 30 հեկտարի վրա իրականացնել մեթան գազի ուտիլիզացման և էլեկտրակայանի կառուցման ծրագիր: Տարեկան շահույթը 300.000 դոլար էր: Երևանի քաղաքապետարանը հրաժարվեց այդ ծրագրից, ճապոնական կողմին տրամադրեց ընդամենը 10 հեկտար տարածք` առանց էլեկտրաէներգիա ստանալու պայմանով: Փոխարենը Հայաստանի կառավարությունը վերցրեց 16 միլիոն եվրո վարկ և 10 միլիոն եվրո դրամաշնորհ գործող աղբավայրի կողքին նոր աղբավայր կառուցելու համար` առանց տեսակավորման և վերամշակման:

Արամ Գաբրիելյանն առաջարկեց. «Մանրամասն վերլուծության ենթարկել կազմակերպչական, համակարգային, այդ թվում կոռուպցիոն հանգամանքները, որոնք հանգեցրել են երևանցիների կրած վնասների: Ֆինանսական վերլուծության միջոցով որոշել տույժի չափը և բացահայտել մեղավորներին: Կոշտ թափոնների կառավարման խնդիրն ընդգրկել նոր ձևավորվող ավագանու ծրագրում` որպես օրակարգային հարց: Անհապաղ ձևավորել երևանցիներին պատկանող Երևան համայնքի «Կլիմայական շրջանառու նեդրումային հիմնադրամ», և վերընշված փոխհատուցման միջոցները ուղղել հիմնադրամին»:

Մանրամասները տեսանյութում:

13:51 Սեպտեմբեր 20, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news