Լևոն Տեր-Պետրոսյան. Որոտանի վաճառքը դարի հանցագործությունն է

Լևոն Տեր-Պետրոսյան. Որոտանի վաճառքը դարի հանցագործությունն է

ԷկոԼուր

«Օրենդրության կոպտագույն և բազմակի խախտումներով, Ազգային ժողովի շրջանցմամբ մասնավորեցված Որոտանի կասկադը առանց մրցույթ հայտարարելու և իրական արժեքից անհամեմատ ցածր գնով՝ ընդամենը 180 միլիոն դոլարով, վաճառվեց ամերիկյան երկու ընկերությունների: Հայաստանը, այսպիսով, կորցրեց իր էներգետիկ համակարգի պետությանը պատկանող վերջին նշանակալի հանգույցը, ինչը ոչ այլ կերպ, քան դարի հանցագործություն, չի կարելի կոչել»,- մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Նորանոր հարկատեսակների, պարտադիր ապահովագրումների և չդադարող թանկացումների միջոցով ժողովրդի վերջին լուման կորզող իշխանությունը օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ պետության գանձարանից հափշտակեց 180 միլիոն դոլար, քանի որ այդ գումարը ոչ թե մուտքագրվել է Հայաստանի բյուջե, այլ, արդարադատության նախարարի հավաստմամբ, իբրև թե փոխանցվել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր կոչվող կոնսպիրատիվ մի ընկերության, սակայն ես վստահ չեմ, որ այս տեղեկությունը ճիշտ է»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Հանցագործության աստիճանը պատկերացնելու համար ավելորդ չէ նշել, որ Հայաստանի նման երկրի համար 180 միլիոն դոլարը փոքր գումար չէ` նկատի ունենալով, որ այն կազմում է երկրի այս տարվա բյուջեի եկամտային մասի շուրջ 7 տոկոսը: Չեմ կարծում, որ ամերիկյան ընկերությունները այս հանցագործության հետ որևէ կապ ունեն: Նրանք օրինական կարգով բանակցել են Հայաստանի կառավարության հետ, պայմանագիրը ստորագրել էներգետիկայի նախարար Մովսիսյանի հետ և գումարը փոխանցել այն հաշվեհամարին, որը նրանց տրամադրվել է վերջինիս կողմից: Արդարության դեմ չմեղանչելու համար հարկ է ավելացնել նաև, որ ամերիկյան ընկերությունների հետ կնքված գործարքը ինքնին կարող է նաև որոշակի դրական հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար՝ երկրի էներգետիկ համակարգը մոնոպոլիայի վերածվելու վտանգից զերծ պահելու և այդ համակարգում ցանկալի մրցակցություն ձևավորելու տեսակետից: Դրանով հանդերձ, 180 միլիոն դոլարի վերադարձը պետական բյուջե պետք է դառնա հասարակության, քաղաքական ուժերի և խորհրդարանի կողմից գործադիր իշխանության առջև դրված ամենահրամայական և հրատապ պահանջը»,- ամփոփեց Տեր-Պետրոսյանը: 



20:36 Մարտ 01, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news