«Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» այլընտրանքային գիտաժողովի մասնակիցների հայտարարությունը

«Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» այլընտրանքային գիտաժողովի մասնակիցների հայտարարությունը

ԷկոԼուր 

«Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» այլընտրանքային գիտաժողովի մասնակիցները պատրաստել են հայտարարություն՝ ուղղված Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում» միջազգային կոնֆերանսի մասնակիցներին։ Հիշեցնենք, որ մարտի 25-ին Երևանի Մարիոթ հյուրանոցում մեկնարկում է  է «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է  ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանատների, Կանադայի կառավարության, ինչպես նաև հանքարդյունաբերող ընկերությունների աջակցությամբ։ Ի պատասխան այս գիտաժողովին, ակտիվ բնապահպանական հասարակայնությունը կազմակերպում է այլընտրանքային գիտաժողով «Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» անվանմամբ։ Այլընտրանքային գիտաժողովի մասնակիցները «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում» միջազգային գիտաժողովը գնահատում են որպես Հայաստանում օտարերկրյա կորպորացիաների կողմից իրականացվող և ՀՀ կառավարության կողմից հովանավորվող հանքարդյունաբերության, ներկայում բնական պաշարների անխնա թալանի «տնտեսվարման մոդելի» լեգիտիմացմանը և շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության ունեցած աղետալի ազդեցության սքողմանն ուղղված քայլ։

 Իրենց հայտարարությունը այլընտրանքային գիտաժողովի մասնակիցների հայտարարությունը կներկայացվի Մարիոթ հյուրանոցի ներսում անցկացվող գիտաժողովի մասնակիցներին, այնուհետև կքննարկվի հյուրանոցից դուրս անցկացվող այլընտրանքային գիտաժողովի ընթացքում:

Հայտարարության մեջ ասված է․ 

«Մենք՝ «Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» ալտեր-կոնֆերանսի մասնակիցներս, Մարիոթ հյուրանոցում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում» միջազգային կոնֆերանսը գնահատում ենք որպես Հայաստանում օտարերկրյա կորպորացիաների կողմից իրականացվող և ՀՀ կառավարության կողմից հովանավորվող հանքարդյունաբերության, ներկայում բնական պաշարների անխնա թալանի «տնտեսվարման մոդելի» լեգիտիմացմանը և շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության ունեցած աղետալի սքողմանն ուղղված քայլ։

Կոնֆերանսը կազմակերպվում է ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Կանադայի դեսպանատների աջակցությամբ։ Այս երկրների հանքարդյունաբերական կազմակերպությունները ներկայում շահագործում են կամ պլանավորում են շահագործել հանքեր Հայաստանում։ Մասնավորապես՝ անգլիական «Լիդիան Ինթերնեշնլ» կազմակերպությունը շարունակում է փորձեր կատարել Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ուղղությամբ՝ օգտվելով Համաշխարհային բանկ գրուպի անդամ հանդիսացող Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական և այլ տեսակի աջակցությունից։ Հատկանշական է, որ կոնֆերանսի ընթացքում «միջազգային լավ պրակտիկայից և պատասխանատու հանքարդյունաբերությունից» խոսելու են հենց այս կազմակերպությունները, ինչպես նաև հանքարդյունաբերական  ընկերությունների ներկայացուցիչները՝ առանց նախապես անդրադառնալու հանքարդյունաբերության արդյունքում բազմաթիվ իրավունքների և նորմերի խախտումներին, աղքատության աճին և բնակչության առողջության վրա աղետալի ազդեցությանը: Կոնֆերանսի կազմակերպիչները, մասնակիցները և օրակարգը, չնայած դրանցում Հայաստանի քաղաքացիական հասարակության փոքրաթիվ մասնակիցների, հուշում են, որ այն անց է կացվում միակողմանիորեն շահագրգիռ սուբյեկտների կողմից և չի կարող համարվել ոչ չեզոք, ոչ գիտական, ոչ էլ հավասարակշռված:

 Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ-ում`

 ●հանքարդյունաբերությունը կառավարությունը հռչակել է տնտեսական զարգացման հիմնական ուղղություն, քանի որ.

○այն ամենահեշտ միջոցն է քիչ ներդրումով հսկայական շահույթ ստանալու

○նվազ վերահսկելի է 

○օֆշորային գրանցումների շնորհիվ առավել անտեսանելի է

○չի կրում պոտենցիալ կամ առաջացրած վնասների դիմաց տույժեր

○գտնվում է աշխարհում ամենացածր հարկման դաշտում

○ապահովում է հսկայական եկամուտներ քչերի համար

○հեշտ է դրանից կորզել հսկայական կաշառքներ

●հանքարդյունաբերությանն այլընտրանք հանդիսացող ծրագրեր և մաքուր տնտեսական զարգացման մոդելներ չեն մշակվում և խթանվում,

●հանքարդյունաբերական ընկերություններն առաջնորդվում են բացառապես սեփական շահի մաքսիմալացման սկզբունքով և «պատասխանատու» քայլերի չեն դիմի մինչև այդպիսիք չպահանջվեն օրենսդրությամբ, իսկ  օրենսդրությունն այսօր նման պահանջներ չի ներկայացնում (ՀՀ օրենսդրությունը ձևավորվում, կարգավորվում և փոփոխվում է մասնավորապես Համաշխարհային Բանկի «թավշյա» թելադրանքով),

●շահագործման լիցենզիա է տրված Հայաստանի բնական ռեսուրսների պաշարների  ավելի քան 70%-ին. մետաղական հանքերի 84%ին և ոչ մետաղական հանքերի 64%-ին,

●հանքարդյունաբերությունն ապահովում է պետբյուջեի մուտքերի ընդամենը 5%ը, որի մեծամասնությունն էլ (շուրջ 80%-ը) ապահովում է ընդամենը մեկ ընկերություն,

●պաշտոնական տվյալների համաձայն աղքատ է բնակչության 36%-ը, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ունեն օրական  3 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտ,

●չկան գործուն մեխանիզմներ՝ ապահովելու շահագրգիռ հանրության վճռորոշ մասնակցությունը հանքարդյունաբերական ծրագրերում որոշումների կայացման գործընթացում և պաշտպանելու համայնքների գույքային և առողջ ու բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը,

●առողջապահական պետական հատկացումները գնալով նվազում են, էկոլոգիայի վատթարացմամբ պայմանավորված շատ հիվանդություններ այլևս պետպատվերով չեն բուժվում, սակայն բնակչության առողջական վիճակը գնալով վատթարանում է,

●չկա դատաիրավական պրակտիկա պատասխանատվության ենթարկելու հանքարդյունաբերական մեքենայություններում և կոռուպցիայում թաթախված պաշտոնյաներին,

Եվ հաշվի առնելով, որ այս հարցերը չեն քննարկվելու միջազգային կոնֆերանսի ընթացքում, ապա նման խորագրով միջազգային կոնֆերանսի կազմակերպումը մեկնաբանում ենք որպես իրական պատկերը և իրական մարտահրավերները կոծկելու փորձ:

 

Փոխարենը, պահանջում ենք հետևյալը։

ՀՀ կառավարությունից  պահանջում ենք`

Կասեցնել ընդերքօգտագործման իրավունք ունեցող, բայց շահագործումը չսկսած աղետալի ծրագրերը, հատկապես մետաղական հանքերին վերաբերող ծրագրերը (Թեղուտ, Ամուլսար, Մեղրաձոր, Սվարանց, Բարձրաբերդ, Տաշտուն և այլն)

Ապահովել գործող հանքերի շահագործման թափանցիկության, շահագործողներին պարտադրել տեխնոլոգիաների արդիականացում, իրականացնել հարկերի ավելացում, մասնավորապես՝ թափոնների տեղադրման համար հարկում, շրջակա միջավայրի վրա ունեցած վնասների փոխհատուցում, աշխատողների և ազդեցության անմիջական գոտում գտնվող բնակիչների առողջության ապահովագրում

●Իրականացնել հանքարդյունաբերողների ֆինանսական ռեսուրսների խիստ վերահսկողություն

Կատարել ընդերքի հարստության շահագործման արդյունքում առաջացող եկամտի արդարացի բաշխում հանրության ներկայիս և ապագա անդամների միջև, օրինակ՝ ստեղծել սերունդների անձեռնմխելի ֆոնդ, իրականացնել խիստ հարկային քաղաքականություն, երաշխավորել պարտադիր պետական բաժնեմասի առկայություն

Կասեցնել օֆշորային գոտում գրանցված հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը, բոլորին բերել ներպետական հարկային դաշտ և ապահվելու բոլոր սեփականատերերի մասին տեղեկատվության մատչելիություն

Համայնքներին օժտել ծրագրերի հաստատմանը մասնակցելու լիարժեք և վճռորոշ իրավունքով

●Ստեղծել արդյունավետ մեխանիզմներ հանրության կողմից հանքարդյունաբերական ծրագրերի վերահսկողություն իրականացնելու համար

●Ամրագրել օգուտների և վնասների գնահատման ամբողջական մեխանիզմներ օրենսդրության մեջ, այդ թվում՝ ներմուծել էկոհամակարգերի ծառայությունների գնահատումը որպես օրենքով պահանջվող գործընթաց

●Պարտադիր դիտարկել այլընտրանքային տնտեսական հնարավորությունները հանքարդյունաբերական ծրագրերի քննարկման ժամանակ

●Կատարել մինչ այժմ հանքարդյունաբերական ընկերությունների պատճառած էկոլոգիական վնասի տնտեսական գնահատում և ապահովել վնասի հատուցում

●Ներդնել «աղտոտողը վճարում է» սկզբունքը և  հանքարդյունաբերական թափոնների համար սահմանել բարձր վճարներ ու կատարել գանձումներ

●Համագործակցել ՀՀ դատախազության հետ և ապահովել, որ քննվեն մինչև այժմ հանրության կողմից պետական մարմիններին ուղղված հանցագործությունների մասին հաղորդումները, որոնք վերաբերում են հանքարդյունաբերությանը և շրջակա միջավայրի անվտանգության նկատմամբ կատարված ոտնձգություններին, և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության

Միջազգային ֆինանսական կազմակերպություններից պահանջում ենք `

 ●Համաշխարհային բանկից՝ իրականացնել Հայաստանում զարգացմանն ուղղված 20-ամյա գործունեության աուդիտ, Հայաստանի զարգացման մեջ իր դերի գնահատում, իր կողմից հովանավորվող օրենսդրական փոփոխությունների, մասնավորապես նոր «Ընդերքի մասին օրենսգրքի»  արդյունավետության, այդ թվում՝ դրա արդյունքում ոլորտի բարելավման չափանիշների գնահատում և արդյունքների հանրայնացում

●Իսպառ բացառել Հայաստանում նոր հանքեր շահագործելուն ուղղված ներդրումային ծրագրերը (մասնավորապես՝ Ամուլսարի ոսկու հանքը)

●Ֆինանսական աջակցություն տրամադրել միայն մաքուր զարգացման ծրագրերին:

 Դիվանագիտական ներկայացուցիչներից /դեսպանատներից պահանջում ենք`

 

Դադարեցնել հանքարդյունաբերական մասնավոր գործընթացներին միջամտությունները և սեփական երկրների մասնավոր ընկերություններին հովանավորելը

Դադարեցնել ՀՀ կառավարության նկատմամբ հանուն հանքարդյունաբերության իրականացվող ճնշումները

Պահպանել բացարձակ չեզոքություն և հետապնդել ժողովուրդների միջև բարեկամության և աշխարհի ժողովուրդների բարեկեցության նպատակները»:



13:48 Մարտ 25, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news