Ամուլսարի նախագիծը. բազմաթիվ ռիկեր և անհայտ օգուտներ

Ամուլսարի նախագիծը. բազմաթիվ ռիկեր և անհայտ օգուտներ

ԷկոԼուր

Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման նախագծով զբաղվում է  «Lydian International» ընկերությունը՝ ի դեմս «Գեոթիմ» ՓԲԸ-ի: Գլխավոր ներդրողները, ըստ  «Lydian International»-ի, Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) է, որը տնօրինում է բաժնետոմսերի 8.1 տոկոսը, և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), որին պատկանում է բաժնետոմսերի 6.9 տոկոսը: Իր կայքում   «Lydian»-ը պնդում է, որ նախագծին աջակցում են Հայաստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանները: 

Ամուլսարի հանքավայրի յուրացումը իրականացվել է և շարունակում է իրականացվել  ինչպես ազգային օրենսդրության, այդպես էլ IFC-ի կողմից հայտարարված էկոլոգիական և սոցիալական պատասխանատվության սկզբունքների խախտումներով: Խախտվում են բնակչության առողջության և առողջ շրջակա միջավայրի սահմանադրական իրավունքները, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածով: 

Խախտվում են Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործունեության ստանդարտները՝

- էկոլոգիական և սոցիալական կայունության ապահովման վերաբերյալ

- պաշարների ռացիոնալ օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման կանխման վերաբերյալ

- առողջության պահպանման և բնակչության անվտանգության ապահովման վերաբերյալ: 

 Ամուլսարի ոսկու հանքավայրի մեկ տոննա հանքաքարը պարունակում է 0,9 գրամ ոսկի: Բացի ոսկուց և արծաթից պարունակում է մետաղների խառնուրդ, այդ թվում՝ բարձր թունավորություն ունեցող կապար, կադմիում և այլն /տես Հ. Ավագյան,   «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում», Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ/: Թունավոր մետաղների ընդհանուր պարունակությունը ոսկու և արծաթի պարունակությունից բարձր է: Խառնուրդների պարունակությունը ներկայացված է «Lydian»-ի պատվերով  «Radman Association» ընկերության կողմից անցկացված հանքաքարի նմուշի անալիզներում:

Խոստացված 2.5 միլիոն ունցիա ոսկու արդյունահանման դեպքում կգոյանա 56 միլիոն տոննա խառնուրդներով լցակույտ: Խառնուրդները կաղտոտեն Հայաստանի գլխավոր ջրային պաշարները. Արփա և Որոտան գետերի ջրային ավազանը, երկու ջրամբար՝ Կեչուտը և Սպանդարյանը, ինչպես նաև Սևանա լիճը: Աղտոտման են ենթակա Ամուլսարի հանքավայրի մերձակա հողերը՝ արոտավայրերը, մարգագետինները, պահպանվող տարածքները:

Այսպիսով, խախտվում է ՀՀ Ջրային օրենսգիրքը / հոդված 98 «Փոխկապակցված էկոլոգիական համակարգերի եւ լանդշաֆտներիպահպանությունը» և հոդված 99՝ «Ջրային ռեսուրսների պահպանության հիմնական պահանջները» /: Սակայն ընկերությունը լռում է թունավոր խառնուրդների առկայության և շրջակա միջավայրի և առողջության վրա դրանց ազդեցության մասին:   Ռիսկերի մասին ոչինչ ասված չէ բնապահպանական փոձաքննությանը ներկայացված բաց եղանակով Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման  նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում (ՇՄԱԳ)՝:  Այսպիսով, խախտված է  «Շրջակա  միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին»  ՀՀ օրենքի հոդված 5-ը /Փորձաքննության սահմանները/՝ բոլոր երեք կետերով: 

Սևանա լիճ

Ամուլսարի նախագծի տարածքը, ներառյալ ենթակառուցվածքները՝ բաց հանքեր, ճանապարհներ, ցիանային ֆաբրիկա, թափոնների և արտադրական պոչերի տեղակայման հրապարակ, պահեստային տարածքներ, այդ թվում նաև պայթուցիկ նյութերի պահեստարանը, տեղակայված են Սևանա լճի ջրահավաք ավազանում՝ ուղիղ ազդեցության գոտում: 37 միլիարդ խ/մ քաղցրահամ ջրի պաշարով Սևանա լիճը Հայաստանի և Կովկասի տարածաշրջանի ջրային ազգային և ռազմավարական առաջնահերթությունն է: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Սևանա լճի ջրահավաք ավազանի մասն են կազմում Արփա և Որոտան գետերի ջրահավաք ավազանները մինչև Կեչուտի ջրամբար: Իսկ համաձայն նույն օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածների՝ արգելված է ցանկացած գործունեության տեսակ, որը կունենա բացասական ազդեցություն Սևանա լճի էկոհամակարգի վրա: 

«Գեոթիմ» ընկերությունն անտեսել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը Ամուլսարի նախագծի  ՇՄԱԳ-ում, չի դիտարկել Սևանի էկոհամակարգի համար հնարավոր ռիսկերը: Բայց Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը, որի լիազորությունները ամրագրված են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 19, 20, 21 հոդվածներում, տվել է բացասական եզրակացություն: 

Ուրան

75 տոննա ուրանի և 100 տոննա թորիումի պաշարով  Ամուլսարի ուրանի հանքավայրի մասին նշված է «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» գիտական հոդվածում («Горный журнал» ռուսական գիտական պարբերականի 2007թ. 6-րդ համար):  Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործումը կարող է ազդել նաև ուրանի հանքավայրի վրա՝ առաջացնելով տարածքի ռադիացիոն թունավորում՝ ներառյալ Ջերմուկը, Գնդեվազ, Սարավան, Գորայք գյուղերը: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է հստակ գծել ուրանի հանքավայրի սահմանները: Խնդիրը նրանում է, որ ուրանը համարվում է ռազմավարական հումք, և այդ ռադիոակտիվ հումքի երկրաբանական  հետախուզման մենաշնորհային իրավունք, 06.03.2008թ կառավարության    634 N որոշմամբ ունի «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը» ՓԲԸ-ն, բայց ոչ «Գեոթիմ» ընկերությունը և նրա հետ համագործակցող կազմակերպությունները: Այդ իսկ պատճառով «Գեոթիմ» ընկերության բոլոր հայտարարությունները՝ կապված ուրանի հետ, չեն կարող համարվել հավաստի, մինչև ընկերությունը չդիմի «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին՝ Ամուլսարի ուրանի հանքավայրի սահմանները գծելու խնդրանքով: 

Կարմիր գրքի տեսակներ


2013 թ-ին WWF-Հայաստանի հրապարակած տվյալների համաձայն՝  Ամուլսարի նախագծի քարտեզի վրա նշված են    Potentilla   porphyrantha  բուսատեսակի, 18 տեսակի թռչունների և 4 տեսակի կաթնասունների բնադրավայրեր: Բոլոր տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Իսկ Ամուլսարի նախագծի ՇՄԱԳ-ում նշված է, որ նախագծի տարածքում բնակվում է «Կովկասյան գորշ արջ»՝ գրանցված Կարմիր գրքում: Այսպիսով, Ամուլսարի նախագծով նախատեսված գործունեությունը խախտում է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածը: 

Ջերմուկ առողջարան

Ամուլսարի նախագիծը կրում է էական վտանգներ Ջերմուկ առողջարանի համար, որը գտնվում է Ամուլսարից 12 կմ հեռավորության վրա: Կառավարությունը  18.09.2008թ․ 1064-N որոշմամբ հայտարարեց Ջերմուկը որպես զբոսաշրջության կենտրոն: Ջերմուկի զարգացման պլանի համաձայն՝ զբոսաշրջության գոտու սահմանը մոտենում է Ամուլսարին 2-4 կմ տարածության վրա:

Ջերմուկը հարուստ է  տաք աղբյուրներով և հանքային ջրերով: 

Ցիանային արտադրություն

«Lydian   International»  ընկերությունը սկսել է գնել հողեր Գնդեվազ գյուղում, որպեսզի կառուցի պոչամբար: Բայց ցիանային գործարանի կառուցման նախագծում չկա այդպիսի եզր, ինչպիսին է պոչամբարը, այլ կա «լցակույտային տերմինալ» եզրը: Հայաստանի բնակչության և տարածաշրջանի համար, որոնք կենթարկվեն ռիսկերի, նշանակություն չունի, ինչ եզր է  օգտագործում ընկերությունը, եթե խոսքը, միևնույնն է, ցիանային արտադրության ռիսկերի մասին է: Դա միայն  վկայում է ընկերության՝ բնակչությունից իրական ռիսկերը թաքցնելու ցանկության մասին, հավաստի տեղեկատվությունը թաքցնելու մտադրության մասին: 

Հասարակայնությունը Ամուլսարի նախագծի ռիսկերի վերաբերյալ դիմումով տեղեկացրել է IFC-ի պատասխանատու անձանց, Հարավային Կովկասի տարածաշրջանային մենեջեր պարոն Թոմաշ Լյուբեկին, Հայաստանում ներկայացուցիչ Աննա Դիրային, ներդրումների համար պատասխանատու պարոն Արման Բարխուդարյանին: Բայց, ցավոք, չի ստացել ոչ մի պատասխան: Իրական ռիսկերի քննարկման և խորհրդատվության փոխարեն  IFC-ն անտեսել է մի շարք անկախ փորձագետների կարծիքը, անցկացնում է խորհրդատվություն միայն ընկերության հետ և հիմք է ընդունում ընկերության կողմից վճարվող փորձագետների կարծիքները, չի անցկացնում խորհրդակցություն հասարակության հետ: 

Մենք կարծում ենք, որ Ամուլսարի հանքավայրի բաց շահագործման նախագծի և ցիանային տեխնոլոգիաների կիրառումը չի կարող իրականացվել շրջակա միջավայրի և մարդկանց անվտանգության, առողջության, օրենսդրության խախտումների հաշվին, և խնդրում ենք կանգնեցնել IFC-ի բարձր սոցիալական և էկոլոգիական բարձր ստանդարտներին չհամապատասխանող Ամուլսարի նախագծի ֆինանսավորումը։

12:38 Մարտ 26, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news