Հասարակության հայտարարությունը կառավարության ձևավորման վերաբերյալ

Հասարակության հայտարարությունը  կառավարության ձևավորման վերաբերյալ

ԷկոԼուր

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարության ձևավորման վերաբերյալ*

*Սույն հայտարարությունը բաց է, և ցանկացած այլ նախաձեռնություն և անձ կարող է միանալ դրան

 Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո սկսեցին և նոր վարչապետի նշանակումից հետո շարունակում են տարվել վարչապետի անձի շուրջ նեղմիտ և գավառական սպեկուլյացիաներ: Վարչախմբի տարբեր թևեր ակնարկներով կամ բացահայտորեն հայտարարում են ժողովրդի կամքին հակառակ գործելու և իրենց նեղ խմբային շահերը պաշտպանելու մասին, իսկ մեդիաների մեծամասնությունն ու հասարակության մի մասը գտնվում է այս ամենի կապակցությամբ պասիվ բողոքողի դիրքում: Հանրային բանավեճից դուրս է մնացել ամենակարևոր հարցը՝ թե, անկախ անձից, ինչ հանրօգուտ քաղաքական փոփոխություններ պետք է կատարի նոր կառավարությունը՝ համաձայն հասարակության պատվերի և թե որն է այդ պատվերը։

Համարելով, որ մեդիաներով լոկ անձերի շուրջ տարվող այս քննարկումները, իրականում, հանրությանը բուն խնդրից շեղելու և մոլորեցնելու ճանապարհ է, պահանջում ենք ՀՀ-ում կառավարություն ձևավորել հավակնող բոլոր ուժերից մանրամասն ներկայացնել իրենց քաղաքական հայեցակարգը` ապահովելով դրա համապատասխանությունը քաղաքացիական դաշտում արդեն իսկ ձևակերպված հետևյալ պահանջներին.

  • Ցանկացած քաղաքականություն վարելիս՝ առաջնորդվել ՀՀ ինքնիշխանության, մարդու իրավունքների և ժողովրդաիշխանության, հանրային շահի, քաղաքացիների բարեկեցության և երջանկության, քաղաքական, տնտեսական և այլ ազատությունների խթանման սկզբունքներով:
  • Բացառել շահերի բախում ենթադրող որևէ անձի նշանակումը կառավարության կազմում` սկիզբ դնելով հանրային ծառայության մաքրման գործընթացին, և ազատվել հանրային պաշտոնում իրենց մասնավոր շահերով առաջնորդվող պաշտոնյաներից:
  • Իրականացնել ոչ իմիտացիոն հակակոռուպցիոն միջոցառումներ` թիրախավորելով բարձր մակարդակի քաղաքական կոռուպցիան և մենաշնորհային օլիգարխիկ տնտեսությունը, ապահովելով կոռուպցիոն գործարքներում ներգրավված անձանց պատշաճ բացահայտում և դատապարտում: Ապահովել օֆշորներում գրանցված մասնավոր ընկերությունների վերաբերյալ տվյալների հրապարակում:
  • Տնտեսությունն ամբողջությամբ բերել հարկային դաշտ՝ ստվերից հանելով օլիգարխների բիզնեսները և խստորեն կիրարկել հակամենաշնորհային օրենսդրությունը: Ազատել մանր ու միջին բիզնեսը օլիգարխիկ վերահսկողությունից, հարկային բեռը վերաբաշխել ի օգուտ ցածր և միջին եկամուտ ստացողների, վարել սոցիալական արդարությանը նպաստող հարկային քաղաքականություն:
  • Դադարեցնել տարբեր պետական մարմինների կողմից հակասոցիալական որոշումների ընդունումը՝ կենսաթոշակների, տրանսպորտի սակագների, կոմունալ ծառայությունների գների, հանրային տարածքների սեփականաշնորհման վերաբերյալ: Բացառել վարչական մարմինների կողմից ճնշումները գործատուների և աշխատողների վրա՝ քաղաքացիների կամքին հակառակ կենսաթոշակային ֆոնդերի համար պարտադիր գանձումներ կատարելու նպատակով:
  • Հատուկ հայեցակարգ և քաղաքականություն մշակել հանքարդյունաբերության ոլորտը կարգավորելու, պետական մասնաբաժիններ ստեղծելու միջոցով օտարերկրյա տնտեսական շահագործումից և կախվածությունից դուրս բերելու, խիստ հարկային քաղաքականություն սահմանելու և ընդերքից ստացված եկամուտները ներկա և ապագա սերունդների միջև արդարացի բաշխելու, ապօրինաբար և խախտումներով ընդերքօգտագործման թույլտվություններ ստացած ծրագրերը դադարեցնելու, բնությանը, տնտեսությանը և բնակչության առողջությանը մինչ այժմ հանքարդյունաբերության հասցրած վնասները հատուցելու, հանքարդյունաբերությունը զսպելու և բնապահպանությանն առաջնահերթություն տալու ուղղությամբ:
  • Ապակուսակցականացնել բուհերի ուսխորհուրդները, դադարեցնել կրթական հաստատությունները նեղ կուսակցական շահերին ծառայեցնելը, չխոչընդոտել որակյալ և քննադատական կրթության զարգացմանը:
  • Ձեռնարկել միջոցներ կանխարգելելու ոչ կանոնակարգային հարաբերությունները զինված ուժերում: Հայկական բանակը զարգացնել որպես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների պաշտպանության նպատակով պրոֆեսիոնալ գիտելիքների ձեռքբերմանն ուղղված հաստատություն: Ստեղծել իրավական երաշխիքներ` կանխելու բանակի միջամտությունը ներքաղաքական իրադարձություններին և ապահովելու քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ:
  • Դադարեցնել պատմամշակութային ժառանգության ոչնչացումը և ձեռնարկել միջոցներ շուտափույթ վերականգնելու մինչ օրս ապամոնտաժված հուշարձանների վերականգնումը, ինչպես նաև տեղափոխված հուշարձանների վերադարձը իրենց պատմական տարածք:
  • Ապահովել հանրային մարմինների բոլոր որոշումների ընդունման գործընթացում շահագրգիռ կողմերի լայն շրջանակի մասնակցություն` երաշխավորելով քաղաքացիների ներկայությունը այդ որոշումները կայացնող մարմինների բոլոր նիստերին և պարբերաբար հրապարակել հանրային միջոցների ծախսման մասին մանրամասն հաշվետվություններ:

Այսօր հասունացել է քաղաքացիական նախաձեռնությունների կողմից քաղաքական օրակարգ ձևավորելու հարցը՝ ընդգրկելով հանրային շահին և բարեկեցությանն առնչվող ողջ շրջանակը։ Կառավարությունը պետք է հայտնվի քաղաքացիական վերահսկողության տակ և կատարի միմիայն հասարակության պատվերը՝ հակառակ մինչ օրս անձերի շուրջ վարվող սակարկությունների։

Սույն հայտարարությամբ պատրաստակամություն ենք հայտնում ներքոստորագրյալ քաղաքացիական խմբերի և այլ սուբյեկտների հետ համատեղ աշխատանք իրականացնել հանրային օրակարգի շուրջ, որը կներառի գործադիրի կողմից իրականացվելիք շատ որոշակի փոփոխությունների կետեր։

«Ազատագրում»

«Ինքնիշխան Հայաստան» քաղաքացիական նախաձեռնություն

Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորում

Եկեք կանխենք գազի թանկացումը

Համահայկական բնապահպանական ճակատ

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Վճարում ենք 100 դրամ» շարժում

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

«Էկոլուր» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Պետական կարիքների զոհեր ՀԿ

17:55 Ապրիլ 14, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news