Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմքում Համաշխարհային բանկի 18931 MA փաստաթուղթն է

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմքում Համաշխարհային բանկի 18931 MA փաստաթուղթն է

Հակոբ Սանասարյան, Հայաստանի Կանաչների միության նախագահ    

1999 թվականին  ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Համաշխարհային բանկի 18931 MA փաստաթուղթը, որի մեջ ամփոփված է Հայաստանի Հանրապետությանը 185 մլն դոլար վարկ հատկացնելու (SAC-1` 60, SAC-2՝ 60, SAC-3՝ 65 մլն դոլար, հաստատված 1996-98 թթ. ), ինչպես նաև ՀՀ էներգահամակարգի ապապետականացման ծրագիրը: Այս փաստաթղթում Համաշխարհային բանկի վարկային պահանջներից ու նախապայմաններից են՝ Հայաստանի էներգահամակարգը դնել կոմերցիոն հիմքերի վրա, վերացնել ֆինանսական դոտացիաները և ծախսերը չծածկող սակագները, նախկինում կուտակված պարտքերրն ընդգրկել սակագների մեջ (այլ ոչ թե վճարել ընթացիկ եկամուտներից) և շարունակաբար բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները, իրականացնել անջատումների քաղաքականություն, սեփականաշնորհել էներգահամակարգը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, ներմուծումը և արտահանումը ազատականացնել, ինչպես նաև, էներգահամակարգն արդյունավետ առևտրային հիմքի վրա դնելով, հասնել այն բանին, որ էլեկտրականության սակագներն ապահովեն մրցակցային շահույթ...  (Այս փաստաթղթին վերաբերող վերլուծականը 2000 թվականին հրապարակվել է «Գարուն» ամսագրի թիվ 3 և «Голос Армении»  թերթի  հուլիսի 15-ի համարներում, «Վարկեր... բնության դեմ» և «Кредиты против кредитов» վերնագրերով):

Համաշխարհային բանկի18931 փաստաթղթի բովանդակությունից պարզ երևում է, որ ՀՀ կառավարությունը ստրկաբար (կամ այլ դրդապատճառներով) ընդունել ու կատարել է բանկի բոլոր պահանջները, իսկ էներգահամակարգը ապապետականացնելու գործարքը ավելի է արագացրել, քան Համաշխարհային բանկն է պահանջել:

 Ահա թե ինչու քննարկվող փաստաթղթում բանկն իր գոհունակությունն է հայտնում իր հլու-հնազանդ  ծառային՝ ՀՀ կառավարությանը, որ ստեղծել է էներգետիկայի անկախ հանձնաժողով, որն իրագործուելու է ՀՀ էներգետիկայի մասին օրենքի պահանջները, հաստատելու է շուկայական կանոնները և կանոնակարգված սակագները,   բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագները (1994թ. մեկ կՎտ ժամի միջին սակագինը կազմում էր 1,4 ցենտ,  իսկ 1999թ. հունվարին այն հասավ 4,6 ցենտի), վերացրել է կենսասահմանային և անապահով խավերի համար գոյություն ունեցող զեղչերը...

Այժմ, երբ հերթական անգամ քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման հարցը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը իրականում ստեղծվել է Համաշխարհային բանկի պահանջով և նրա զավակն է, սակագնի բարձրացումը «հիմնավորեց»  համակարգում առաջանալիք ֆինանսական ճեղքվածքով (հաշվարկվել է, որ 2014-15թթ. այն կկազմի 17,9 մլրդ դրամ), իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն էլ գտնում է, որ սակագնի բարձրացումն անխուսափելի է, քանի որ դրանով է պայմանավորված Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Նա, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր հաշվարկները համարում է հիմնավոր (lurer.com2014.07.02):

Մինչդեռ  ՀՀ էներգահամակարգի իրական սահմանադրության՝ ՀԲ-ի 18931 փաստաթղթի մասին որևէ խոսք չկա:  Շահագրգիռ կողմը ստեղծում է այն կեղծ պատկերը, որ իբր էներգահամակարգի անվտանգության ապահովումից  է բխում հերթական թանկացումը, երբ  ՀՀ էներգահամակարգը կառավարվում է հենց այդ փաստաթղթով, որի մեջ անգամ նշված է սակագների բարձրացման ժամանակացույցը: Այսինքն,  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ասածների մեջ ճշմարտություն չկա: Նրանք ժողովրդից շարունակում են թաքցնել թանկացման իրական հիմքերը՝ Համաշխարհային բանկի հանձնարականները:

Այստեղ նաև պետք է նշել, որ ըստ 18931 փաստաթղթի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա է դրված էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականության պատասխանատվությունը: Փաստորեն, ՀՀ կառավարությունն իր որոշ նախարարությունների որոշ գործառույթները հանձնել է օտարածին և օտարի թելադրանքով գործող,  Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը չճանաչող մի հանձնաժողովի (Համաշխարհային բանկի18931 AM փաստաթղթի վերջում դրված է Ջուդի օԿոնորի ստորագրությունը, ով ներկայացված է որպես՝ երկրի տնօրեն):

Քանի դեռ չեն կասեցվել էներգետիկայի մասին օրենսգրքի որոշ դրույթները և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությունը, անիմաստ է մտածել էներգահամակարգը ժողովրդի շահերին համապատասխանեցնելու և սակագների անօրեն բարձրացումը արգելելու մասին: Օրինակ, նշված օրենսգրքի «Կարգավորող սակագների ձևավորման սկզբունքները» 21-րդ հոդվածում ասվում է. «Էլեկտրական, ջերմային և բնական գազի կարգավորվող սակագների և այդ ոլորտներում ծառայությունների մատուցման դիմաց վճարումների ձևավորման սկզբունքներն են՝ ա) լիցենզիայի պայմաններին համապատասխան լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը. բ) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը. գ) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը. ... ե) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը. զ) բնապահպանական նորմերն ապահովելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված ծախսերի ներառումը. է) ՀՀ կառավարության կողմից հաստատված էներգետիկայի զարգացման ծրագրով նախատեսված էներգատեղակայանքների կոնսերվացման և պահպանման ծախսերի ներառումը. ը) օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և ատոմակայանը շահագործումից հանելու հիմնադրամին անհրաժեշտ հատկացումների ապահովումը. թ) հիմնավորված տեխնիկական և առևտրային կորուստների ներառումը. ժ) օրենսդրությամբ նախատեսված հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը»:

Այս հոդվածը սեփականատիրոջ ձեռքին մի առաձգական նյութ է, որը կարող է ձգել-մեծացնել այնքան, ինչքան կցանկանա: Օրինակ, կապիտալիստի համար «ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը»՝ այն էլ պետականությունը կորցրած երկրում, արդեն վճռում է ամեն ինչ: Նաև պետք է ասվի, որ մենք՝ սպառողներս, «հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառում» ասվածը չենք ուզում ճանաչել, քանի որ էներգահամակարգը խիստ ցածր գնով վաճառվել է, որպեսզի սեփականատերը լուծի այդ և մյուս խնդիրները: Իսկ էլեկտրաէներգիայի  սակագների մեջ «օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և ատոմակայանը շահագործումից հանելու հիմնադրամին անհրաժեշտ հատկացումների ապահովումը»  ներառելն անմաքուր գործարք է, փաստորեն, քողարկվում է ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի իրական ինքնարժեքը: Նշվածները պետք է ներառվեն ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքի մեջ:

Նույն այլանդակությանը հանդիպում ենք նաև ՀՀ ջրային օրենսգրքում, որտեղ սակագներում ներառված են՝ «ողջամիտ շահույթի ապահովումը»,  «հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի և տեխնիկական կորուստների ներառումը» ևն (2003 թվականից ջրի սակագինը սահմանում է ՀԲ-ի հիշյալ հանձնաժողովը):

Ստեղծվել է մի ողբերգական իրողություն, երբ անգամ արտագաղթը՝ բնակչության թվի նվազումը և էլեկտրաէներգիայի ու ջրի խնայողությունը ակնհայտորեն բերելու են էլեկտրաէներգիայի և ջրի սակագների առավել մեծացման, քանի որ սեփականատերերը ՀՀ օրենքներով արդեն արտոնված են իրենց համար ողջամիտ շահույթ  ապահովել:

Ամփոփելով նշեմ, որ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացումն արդյունք է Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների միջև ձեռք բերված հանցավոր  համաձայնության:

12:59 Հուլիս 25, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news