Ինչո՞ւ բնապահպանության նախարարությունը ցույց չի տալիս ‹‹Dundee Precious Metals Kapan›› ընկերության վրա դրված 30 միլիոն դրամ տուգանքը

Ինչո՞ւ բնապահպանության նախարարությունը ցույց չի տալիս ‹‹Dundee Precious Metals Kapan›› ընկերության վրա դրված 30 միլիոն դրամ տուգանքը

ԷկոԼուր

‹‹Dundee Precious Metals Kapan›› ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված: Խոսքն այն մասին է, որ բնապահպանական տեսչությունը ընկերության վրա 380 միլիոն դրամի տուգանք էր դրել, ինչի հետ ընկերությունը համաձայն չի եղել: Մանրամասները  ‹‹Dundee Precious Metals Kapan››  ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հետ հարցազրույցում: 

ԷկոԼուր.

- 2013 թ. դեկտեմբերին դուք ընկերության աշխատողներին հայտարարել եք, որ չեք կարող նրանց վճարել ամանորյա խրախուսական պարգևատրումները, քանի որ ընկերության վրա դրված է 1 միլիոն դոլարի տուգանք: Ստուգումները անցկացվել են բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության կողմից հասարակության ահազանգերի հիման վրա: Մինչ օրս նախարարությունը չի պատասխանել ստուգումների արդյունքների և տուգանքի չափի վերաբերյալ հարցմանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք: 

Հրաչ Ջաբրայան.

 - Ես երբևիցե նման հայտարարություն չեմ արել, դա ճիշտ տեղեկատվություն չէ, դա ինչ-որ մեկի ենթադրությունը կամ երևակայությունն է: Մեր աշխատավորների գնահատումը որևէ կապ չունի կառավարության կամ արտաքին քաղաքականության գործերի հետ: Մեր աշխատողները վարձատրվում են իրենց աշխատանքի հաջողության պայմաններով: Ինչ վերաբերում է ստուգումներին, ապա հստակ ասեմ, որ բնապահպանության նախարարությունը եկավ մեզ մոտ և երկար ժամանակ ստուգումներ անցկացրեց,  մոտ 70 օր: Ես զգացի, որ այդտեղ մի բան այն չէ, այսինքն, երբ դու հիմնավորված ինչ-որ բանով ես եկել, դու ինձ հստակորեն ասա, ինչ ես ման գալիս: Ես արտահայտեցի իմ դճգոհությունը և նախարարության, և պետական եկամուտների կոմիտեի դեմ և խնդրեցի նախարար Արամ Հարությունյանին հանդիպել, քանի որ տեսնում եմ, որ ինչ-որ բան կա, որը ես չգիտեմ և ուզում եմ հասկանալ: Իմիջիայլոց, ես նոր տնօրեն եմ և երբեք չէի հանդիպել նախարարի հետ:
Հոկտեմբերին կազմվել է ակտը, և տուգանքի գումարը կազմել է 380 միլիոն դրամ: Իհարկե ես համաձայն չէի դրա հետ: Պետք է լինի հիմնավորում, թե ինչի են մեզ վրա այդքան մեծ տուգանք դրել, համապատասխան ո՞ր օրենքի:

Ես հանդիպեցի նախարարի հետ և ասացի, որ համաձայն չեմ և նախարարությունը ունի խնդիր, որը պետք է լուծի: Ստեղծվեց հանձնաժողով (բնապահպանական տեսչության պետի տեղակալ մարզպետ Քամալյանի ղեկավարությամբ): Հանձնաժողովի կազմում էին նաև մեր աշխատակիցները և իրավաբանները: Ի վերջո հստակորեն պարզվեց, որ նախարարության աշխատակիցները սխալ աշխատանք էին տարել մեր տարածքում: Իրենք, սխալ հոդվածներ օգտագործելով, ոչ ճիշտ մոտեցումներ ցուցաբերելով, տվել էին այդ գումարի եզրակացությունը: Մենք հաշվեցինք և եկանք այն հայտարաության, որ ընդհանուր գումարը պետք է կազմի մոտ 30 միլիոն առավելագույնը: 

ԷկոԼուր.

- Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ գումարի չափը մի քանի անգամ պակասեց՝ 380 միլիոնից հասնելով մինչև 30 միլիոն դրամի: 

Հրաչ Ջաբրայան.

 - Ես զարմացած չեմ: Եթե մենք լրջորեն նայենք որակին որոշ կառույցների, այնտեղ լուրջ բացթողումներ կան: Այստեղ ես չեմ կարող ասել, որ Սյունիքի բնապահպանական տեսչությունը լավ է աշխատում: Ես կանադահայ եմ, և մեր ստանդարտները այնտեղ շատ բարձր են, և մենք այստեղ այդ մակարդակին չենք հասել: Այսինքն, հնարավորությունները այստեղ շատ ավելին են, որ աշխատողները ճիշտ արած չանեն, կամ ուրիշ տրամադրություն, ուրիշ լարվածություն ունենա, կարող է նաև անձնական հարցեր ունենա:

ԷկոԼուր.

 - Այսինքն, չե՞ք բացառում անձնական մոտեցում ձեր ընկերության նկատմամբ:

Հրաչ Ջաբրայան.

 - Ես ոչ մի բան չեմ բացառում: Իմ վրա եղել են անձնական հարձակումներ, որպես սփյուռքահայ այնքան դժվարություններ են ստեղծված եղել ինձ համար, որ ես չեմ զարմանա: Ես չեմ ուզում, որ որևէ մեկը օրենքը խախտի` ո′չ ընկերությունը, ո′չ կառավարության աշխատակիցը, ո′չ էլ հասարակ քաղաքացին: Երբ մեր և իրենց իրավաբանները հաշվարկեցին և տեսան, որ որոշ հոդվածներ, որոնք իրենք օգտագործել են մեր դեմ, կիրառելի չեն, այդ գումարը իջավ 30 միլիոնի: Ասեմ, որ այդ 30 միլիոնը մենք արդեն վճարել ենք, փոխանցել ենք նախարարությանը 2013 թ-ի դեկտեմբերին: 

ԷկոԼուր. 

 - Մենք ամեն շաբաթ ստանում ենք բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքները և ոչ մի հաղորդագրության մեջ մենք նման գումար չենք տեսել: 

Հրաչ Ջաբրայան. 

 - Ես չգիտեմ իրենց ներքին օրենքները, երբ են ստանում, երբ են հրապարակում:  

ԷկոԼուր.

- Մենք հրաժարվեցինք Եվրոասոցացման պայմանագրից և մտադիր ենք մտնել Մաքսային միություն: Կ՞ա արդյոք մտավախություն, որ դա քաղաքական ճնշում է:

Հրաչ Ջաբրայան.

 - Որքան քաղաքականությունից հեռու մնանք, այնքան ավելի լավ մեզ համար: Ես մտերիմ հարաբերություններ ունեմ Հայաստանի կառավարության բարձագույն մարմինների հետ, բայց և այնպես դրանք բիզնեսի առումով են: Մինչև օրս Հայաստանի կառավարության կողմից որևէ ճնշում չենք զգացել, որևէ նախարարության ներկայացուցչի կողմից, կամ նախագահի մակարդակով, ոչ էլ շշուկներ ենք լսել: Մենք չպիտի քաղաքականությամբ զբաղվենք, մենք պիտի թողնենք, որ ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը կառավարի երկիրը այնպես, ինչպես ինքն է ուզում, մենք ասելիք չունենք այդտեղ: Բայց մտահոգություն միշտ էլ կա: 

ԷկոԼուր.

 - Եվրոպական բանկը միշտ ասել է, որ կաջակցի ձեզ այն դեպքում, եթե լինի բաց հանք: Բանկի պատվիրակները ձեզ այցելո՞ւմ են, կա՞ն բանակցությունների արդյունքները:  

Հրաչ Ջաբրայան.

 - Այստեղ բանկի կողմից աջակցվող ծրագրեր չկան:  Քանի դեռ Դանդիի տնօրենը Հրաչ Ջաբրայանն է, այստեղ բաց հանք չի լինելու: Ես այդ մասին ասել եմ և չեն դրժի իմ խոսքը: Բայց և այնպես EBRD-ի հետ հարաբերություններ կան, քանի որ  ‹‹Dundee Precious Metals Kapan›› բանկի հաճախորդն է: Բանկը աջակցում է մեր ծրագրերին այլ երկրներում: Բայց Կապանի համար մենք ֆինանսավորման կարիք չունենք, մենք այստեղ մեր ջանքերով կարող ենք ֆինանսավորենք: Բայց եթե լինի համապատասխան նախագիծ, հնարավոր է: 



11:36 Մարտ 03, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news