4 տարվա ազատազրկում՝ «գերհարստացված ուրանի» մաքսանենգության համար

4 տարվա ազատազրկում՝ «գերհարստացված ուրանի» մաքսանենգության համար

pastinfo.am

«Գերհարստացված  ուրան» տեսակի ռադիոակտիվ նյութի մաքսանենգության գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:    Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի, հունվարի 16-ի դատավճռով 62-ամյա ամբաստանյալ Հրանտ  Օհանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության համար, և դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման:    Ըստ մեղադրանքի, Հրանտ Օհանյանը 2010թ. մարտի սկզբներին իր ծանոթ Սումբատ Տոնոյանից Վրաստանում ստացել է «գերհարստացված ուրան» տեսակի ռադիոակտիվ նյութ իրացնելու և այդ նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գարիկ Դադայանի միջոցով այն հայթհայթելու ու Վրաստանի պատվիրատուներին մատակարարելու առաջարկ:   Ապա նա հեռախոսազանգով կապվել և պայմանավորվածություն է ձեռք բերել՝ այդ ժամանակ ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող Գարիկ Դադայանի հետ Երևան վերադառնալու և ռադիոակտիվ նյութն իրենց տրամադրելու համար, որի նպատակով, վերջինիս պահանջով, Սումբատ Տոնոյանի անունից բանկային փոխանցումով Գարիկ Դադայանին ուղարկել է 1000 ԱՄՆ դոլար գումար:  

2010թ. մարտի 10-ին հանդիպելով նույն օրը Երևան ժամանած Գարիկ Դադայանին՝ նրանից ստացել է ապօրինի ձեռք բերված 17 գրամ քաշով «գերհարստացված ուրան» տեսակի ռադիոակտիվ նյութ՝ ակնկալվող շահույթն ապրանքի իրացումից հետո բախշելու պայմանով, որից հետո Սումբատ Տոնոյանի հետ 2010թ. մարտի 11-ին ռադիոակտիվ նյութը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են Վրաստանի Թբիլիսի քաղաք և նույն օրը փորձել իրացնել այն, սակայն բռնվել են Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից»:  

Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Հրանտ Օհանյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանի որոշմամբ՝ գործը քննվել է արագացված դատաքննության կարգով:   Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, տառապում է «վահանաձև գեղձի քաղցկեղ» հիվանդությամբ:   Դատարանը գտել է նաև, որ Վրաստանի Հանրապետությունում ամբաստանյալի դատապարտվածությունը կապված չէ նախկինում կատարված արարքի հետ ու չի կարող իրավական հետևանքներ առաջացնել:

15:38 Հունվար 27, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news