AWHHE` բնապահպանական կրթություն

AWHHE` բնապահպանական կրթություն

ԷկոԼուր- AWHHE

2014թ. մարտի 19-ին` ժամը 11:00-17:00, Երևանի Օրհուս կենտրոնում (Չարենցի 46) «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի»հասարակական կազմակերպության (ՀԿՀԱԱՇՄ) նախաձեռնությամբ անցկացվում է «Արտադասարանային պայմաններում բնապահպանական կրթության կազմակերպում և իրականացում» խորագրով սեմինար հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների համար:

Միջոցառմանը ներկա են փորձագետներ ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտից, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ից, Էստոնիայի «Չուդ լճի անդրսահմանային համագործակցության կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունից, ՀՀ Կոտայք, Վայոց ձոր, Տավուշ, Գեղարքունիք և Արարատ մարզերի դպրոցների ուսուցիչներ, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Սեմինարի մասնակիցներն իրենց խորին մտահոգությունն են արտահայտում աշխարհում, մասնավորապես Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ և հաստատակամ են դպրոցականների շրջանում բնապահպանական կրթության իրականացման անհրաժեշտության հարցում:

Սեմինարն անցկացվում է «Հայաստանում բնապահպանական կրթության զարգացում` ի նպաստ կենսաբազմազանության բարելավման»ծրագրի շրջանակում, որը ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն իրականացնում է` համագործակցելով  Էստոնիայի «Չուդ լճի անդրսահմանային համագործակցության կենտրոն»-ի հետ: Ծրագրի հովանավորն է «Էստոնիայի զարգացման հարցերով համագործակցություն» հիմնադրամը:

Բոլորիս է հայտնի, որ ներկայումս մարդկությունը հայտնվել է բնապահպանական բազմաթիվ խնդիրների առաջ, որոնցից ամենակարևորը Երկիր մոլորակի պահպանությունն է:

Մեր ժամանակներում առանձնակի կարևորվում է բնապահպանական գիտելիքներով, Երկիր մոլորակի պահպանությամբ մտահոգված նոր մտածելակերպով մարդու կայացման խնդիրը: Երկիրը պահպանելու խնդիրը պետք է դառնա ապրելակերպ, մտածելակերպ թե փոքրերի և թե մեծերի համար:

 Այս հարցում հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին օժանդակելու նպատակով վերոհիշյալ ծրագրի շրջանակում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն ստեղծել է բնապահպանական կրթության ձեռնարկ, որի նպատակն է օգնել ուսուցիչներին` արտադասարանային պայմաններում իրականացնել բնապահպանական կրթություն, զարգացնել դեռահասների բնապահպանական հմտությունները և կարողությունները, բարձրացնել նրանց էկոկրթական մակարդակը, օգնել նրանց ճիշտ գնահատել սեփական բնության ժառանգությունը և գիտակցել առողջ և կայուն շրջակա միջավայր ունենալու անհրաժեշտությունը: Ձեռնարկում, տեղեկատվական նյութերից բացի ներառված են վիկտորինաներ ու խաղեր, որոնք միտված են սովորողների՝ դիտարկում կատարելու,  հետազոտելու ունակության,  տրամաբանական մտածողության և եզրակացություն անելու կարողության ձևավորմանը:

Սեմինարի ավարտին հրավիրված բոլոր ուսուցիչներին կտրվեն այդ ձեռնարկի, ինչպես նաև սեղանի խաղի մեկական օրինակ:

12:40 Մարտ 19, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news