

ԷկոԼուր
Մայիսի 16-ին ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Նշենք, որ այս նախագծի հետ մեկտեղ կառավարությանը կներկայացվեն նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Որպես այս օրենքներում փոփոխություններ կատարելու հիմնավորում` ՀՀ կառավարության պաշտոնական կայքը գրում է.
««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում առկա են հետևյալ բացերը`
1.բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները և հիմքերը.
2.հստակ չեն շարադրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները.
3.բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները.
4.բացակայում են բնության հուշարձանի դասակարգումը, ստեղծման չափանիշները և պահպանության ռեժիմը.
5.բացակայում է արգելավայրի պահպանության ռեժիմը.
6.բացակայում են պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի և էկոլոգիական ցանցի կառավարման սկզբունքները և պահպանության ռեժիմը.
7.բացակայում են կենսոլորտային արգելոցի ստեղծման և կառավարման հարցերը:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի միջև առկա են անհամապատասխանություններ և հակասություններ: Այդ նպատակով կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ հողային օրենսգրքում, ՀՀ ջրային օրենսգրքում և «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում:
Անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխանեցնել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը միջազգային չափանիշներին, մասնավորապես`
1.ապահովել Բնության պահպանության միջազգային միության կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների բոլոր կատեգորիաների ստեղծումը.
2.նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում»:
Նախագծերի փաթեթը կառավարությանն է ներկայացրել Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Մայիս 15, 2013 at 12:20
