

Էկոլուր
«Դինո Գոլդ մայնինգ» կանադական ընկերությունը 2013 թ. հունվարին դատական հայց է ներկայացրել հայ բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ: Բանն այն է, որ Ե. Ներսեսյանը 2012 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է իրեն հասած այն տեղեկությունը, թե հանքագործների նկատմամբ «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը էլեկտրաշոկ է կիրառել: Սակայն ընկերությունը ժխտում է էլեկտրաշոկի մասին լուրերը, պահանջում է հերքել բարձրաձայնված տեղեկությունը և չարատավորել իր բարի համբավը: Հայկական մամուլը բազմիցս անդրադարձել է «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությանը, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալ ընկերության գործունեությանը և պարզել, թե որքանով է այդ համբավը «բարի»:
«Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը կանադական «Դանդի փրեշըզ մետալզ» միջազգային հանքարդյունաբերական ընկերության մասնաճյուղերից մեկն է: Հայաստանում այն հիմնադրվել է 2004 թ.-ին` Սյունիքի մարզի Կապան քաղաքում: «Դանդի Փրեշըզ Մեթալս» կազմակերպության պաշտոնական կայքում (http://www.dundeeprecious.com)1 հստակ նշված են այս ընկերության կողմից դավանած արժեքները՝ թափանցիկ աշխատելաոճ, հարգանք դեպի մարդու արժանապատվությունը, անվտանգ աշխատանքային պայմաններ, շրջակա միջավայրին վնաս չհասցնելու պարտավորություն և այլն: Այսպիսի արժեքներ նշված են լինում գրեթե բոլոր հանքարդյունաբերող ընկերությունների կայքերում, սակայն այդ արժեքները իրականում չեն գործում Հայաստանում և նմանատիպ երկրներում, որոնք, ըստ էության, դարձել են այլ երկրների հանքահումքային կցորդներ: Բացառություն չէ նաև «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը, որն իր գործունեության ընթացքում բազմիցս խախտել և խախտում է վերոնշյալ արժեքները: Այդ մասին են վկայում մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումները, որոնց ցանկանում ենք անդրադառնալ հերթականությամբ.
Բնապահպանական խնդիրներ
1.«Դանդի փրեշըզ մետալզ»-ն իր հրապարակած արժեհամակարգի մեջ նշում է, որ ստանձնել է բնապահպանական որոշակի պարտավորություններ, որոնք ենթադրում են շրջակա միջավայրին չվնասող գործունեության ծավալում: Սակայն փաստերը խոսում են այն մասին, որ «Դինո Գոլդ մայնինգ»ն իր բնապահպանական պարտավորությունները չի կատարում կամ կատարում է խիստ թերի: Այսպես, ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբարում արդեն մի քանի վթար է տեղի ունեցել2 : Ուսումնասիրության արդյունքներով`2012 թ.-ի նոյեմբերի 15-ին3 և նույն թվականի դեկտեմբերի 1-ին4 այս վթարները շրջակա միջավայրին, հողատարածքին և ջրային ռեսուրսներին հասցրել են զգալի վնասներ (վնասը գնահատվել է համապատասխանաբար 2 մլն 280 հազար դրամ և 2 մլն 4 հազար 8 հարյուր դրամ): Ի դեպ, բնակիչներն ի սկզբանե դեմ են եղել պոչամբարի կառուցմանը5, սակայն այն կառուցվել է, որով, փաստորեն, ոտնահարվել է համայնքի բնակիչների՝ իրենց վերաբերող որոշումներին մասնակցելու իրավունքը: Ընդ որում՝ ընկերությունն ի սկզբանե հավաստիացնում էր, թե Գեղանուշի պոչամբարի նախագիծը կազմվել է` հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը, և հետևաբար` պոչամբարի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա հասցված է նվազագույնի: Պոչամբարում տեղի ունեցած վթարները վկայում են հակառակը: Իսկ 2013 թ.-ին ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կազմած եզրակացության համաձայն՝ Գեղանուշի պոչամբարի ջրատարը կառուցվել է հին պոչամբարի վրա՝ խախտումներով և նախագծային շեղումներով: Ֆինանսավորումը իրականացվել է «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի» (EBRD) 4 միլիոն դոլար վարկային միջոցներով6: Եթե կառուցման մեջ նախագծային շեղումներ կան, և պոչամբարում վթարներ են գրանցվում, հետևաբար գումարը նպատակին չի հասել, իսկ որ պակաս կարևոր չէ, շրջակա միջավայրն ու բնակիչները ապահովվագրված չեն հետագա այլ վթարներից:
2007 թ.-ին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունում իրականացված բնապահպանական ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր մի շարք խախտումներ ընդերքի ոլորտում: Ընկերությունում հայտնաբերված խախտումների տուգանքի չափը, ըստ Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչության, կազմել էր ավելի քան 300 մլն դրամ, այսինքն` ապօրինաբար յուրացվել էր 550 կգ ոսկի7:
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2008 թ.-ին ընկերությունում նշանակվեց կրկնակի ստուգում, և 2007 թ.-ի տուգանքների չափը նվազեց մոտ 20 անգամ` դառնալով 12 մլն դրամ, այսինքն` ապօրինաբար յուրացված էր 50 կգ ոսկի: Առաջին ստուգման հանձնաժողովի անդամ, ընդերքի փորձագետ Սամվել Գասպարյանը, որն էլ հայտնաբերել էր վերոհիշյալ խախտումները, 2008-ի կրկնակի ստուգման ժամանակ չընդգրկվեց ստուգման հանձնաժողովի կազմում և պայմանագիրը նրա հետ խզվեց8:
Ուստի, հիմնավոր կասկածներ են առաջ գալիս, որ հայաստանյան պաշտոնյաների գործունեության մեջ կան կոռուպցիոն ռիսկեր, իսկ հանքարդյունաբերող ընկերության անպատասխանատու գործունեությունը հանգեցնում է նրան, որ կազմակերպությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, որից հետո` խույս տալիս լիարժեք պատասխանատվության ենթարկվելուց: Մի՞թե կանադական ընկերությունը բնապահպանական պարտավորություններ վերցնելով ի նկատի ունի դրանք մասնակիորեն կատարելը, բնությանն ու մարդկանց հասցված վնասը լիարժեք չփոխհատուցելը և կոռումպացված պաշտոնյաների հետ համաձայնության գալը:
Բացի այդ, ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ նաև «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության գործունեության արդյունքում Կապան համայնքը և շրջակա համայնքներն աղտոտված են ծանր մետաղներով և թունավոր տարրերով, սակայն ընկերությունն այս վնասները վերացնելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում9:
Ավելին, ընկերության կողմից Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի շահագործման պատճառով անհնար է դառնում տվյալ տարածքում ապրելը և գյուղատնտեսությամբ զբաղվելը10:
Հարգանք դեպի մարդու աշխատանքը
2. «Դանդի փրեշըզ մետալզ» ընկերությունն իր արժեքների մեջ նշում է հարգանքը դեպի մարդու աշխատանքն ու կարիերայի զարգացումը, գործընկերների հետ շփման մեջ կարևորում է ազնվությունը և այնպիսի լուծումներ գտնելը, որոնց դեպքում կհարգվեն թե´ մարդկանց անհատական կարիքները, թե´ կորպորատիվ շահերը: Սակայն 2009 թվականից սկսած` «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունում պարբերաբար բարձրանում են բողոքի ալիքներ, օրեր շարունակվող գործադուլներ: Պատճառը` աշխատողներին չվճարված գիշերավճարներն են, վնասակար աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձերը, ընկերությունում կատարվող կրճատումները, ցածր աշխատավարձերը11 : Ավելին, գործադուլներին ու բողոքներին հաջորդում են աշխատանքից հեռացումները, ինչը դժգոհության նոր ալիք է բարձրացնում12: Ընդ որում` աշխատանքից ազատվում են հիմնականում նրանք, ովքեր գործադուլի են դուրս եկել և պահանջել են իրենց ոտնահարված իրավունքների վերականգնում: 2011 թ. դրությամբ՝ հաշվարկների համաձայն` ընկերությունը միայն գիշերավճարի դիմաց աշխատողներին պարտք էր ամսական 11 մլն դրամ: Այսինքն` միայն գիշերավճարների մասով ուներ տարեկան 264 մլն դրամ պարտք, որը կուտակվել էր օրենքը սխալ կիրառելու հետևանքով13: Աշխատակիցներից շատերն իրենց հասանելիք աշխատավճարները կարողացան ստանալ միայն դատական կարգով: «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն 2005-2007 թթ. նախկին և ներկա աշխատակիցներին գիշերավճարների պարտքը ամբողջությամբ վճարեց միայն 2011 թ. գարնանը14: Դատական մի գործ ցայտուն կերպով ցույց է տալիս, թե որքանով է «Դինո Գոլդ Մայինինգ»-ը հոգում իր աշխատակիցների առողջության ու իրավունքների պաշտպանության մասին: Հանքում աշխատելու պատճառով հիվանդություն ձեռք բերած մի աշխատակցի ընկերությունն ազատում է աշխատանքից՝ խուսափելով տեղափոխել նրա առողջական վիճակին համապատասխան մեկ այլ աշխատանքի և հրաժարվելով հոգալ նրա բուժման ծախսերը: Աշխատակիցը ստիպված է լինում դատական գործ հարուցել ընկերության դեմ, և միայն սրանից հետո կարողանում է վերականգնել աշխատելու և բուժում ստանալու իր իրավունքները15:
Թափանցիկ աշխատանք
3. Ընկերությունը նշում է, որ իր գործընկերների և աշխատակիցների հետ աշխատում է թափանցիկ և բաց: Սակայն աշխատակիցներին աշխատանքից ազատելիս մեծամասամբ չեն բերվում օրինական հիմնավորումներ: Բացի այդ, թափանցիկ աշխատելաոճի կարևորագույն խախտումներից է այն, որ «Դինո Գոլդ մայինինգ»-ը պարբերաբար հրաժարվում կամ խուսափում է տրամադրել իր գործունեության մասին տեղեկատվություն, որն անմիջականորեն վերաբերում է ՀՀ քաղաքացիների առողջությանը և բնապահպանական խնդիրներին: ԶԼՄ-ները բազմիցս նշել են, որ իրենց չեն տրամադրվում 2007-2009 թթ. կատարված բնապահպանական ստուգումների արդյունքները: Բնապահպանական նախաձեռնությունները նույնպես դիմել են «Դինո Գոլդ մայինինգ»-ին՝ ստանալու համար մինչև օրս իրականացված բնապահպանական ստուգումների ակտերի կրկնօրինակները, հարցում է ուղարկվել, թե արդյոք աշխատակիցներն ունեն առողջապահական ապահովագրություն, թե ոչ, բժշկական ի՞նչ հետազոտություններ են անցնում աշխատակիցները, ի՞նչ հիվանդություններ են հայտնաբերվել և այլն:
Ի դեպ, թերթերից hetq.am-ը նշում է, որ իրենց տրամադրության տակ կա մի փաստաթուղթ, որտեղ նշված են մեկ այլ ստուգման արդյունքներ` կատարված 2010 թ.: Ըստ այս ստուգման` 2010 թ. առաջին եռամսյակի հաշվետվությունում չեն հաշվարկվել մետաղների հետևյալ չափաքանակները' Zn-152,20 տ, Pb-22,7 տ, Au - 38,81 կգ, Ag -100 կգ: Հայտնաբերված չարաշահումների համար «Դինո Գոլդ Մայնինգ»-ը տուգանվել է մոտ 250 մլն դրամ:Սակայն այդ ակտն այսօր պարզապես չկա: Եվ այս ստուգումների մասին նախարարությունը թերթի հարցման պատասխանում չի հիշատակել: Ո՞ւր է անհայտացել այս ակտը և ի՞նչ պատասխանատվության ու թափանցիկության մասին կարող է խոսք գնալ այստեղ16:
Սակայն հարցումներից շատերը մինչև օրս մնում են անպատասխան: Վերջերս կայացած ասուլիսում ընկերության նորանշանակ տնօրեն Հրաչ Ջաբրայանը հրապարակային հայտարարեց, որ չի պատրաստվում իրենց գործունեության մասին որևէ տեղեկատվություն տրամադրել բնապահպաններին, քանի որ «նրանք իրեն վիրավորել են»17: Սա որևէ կերպ չի ապացուցում, որ ընկերությունն աշխատում է թափանցիկ ու բաց:
Անվտանգություն
4. Ընկերությունը նշում է նաև, որ աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը կարևորագույն տեղ ունեն իրենց արժեհամակարգում, որ մարդկանց անվտանգությունը չի կարող վիճարկվել: Սակայն «Դինո գոլդ մայնինգ» ընկերությանը պատկանող հանքավայրում, ցավոք, մահվան մի շարք դեպքեր են գրանցվել: Հայկական մամուլում առկա է առնվազն 6 հոգու մահվան դեպք՝ 2006թ., 2008թ., 2009թ., 2011թ.18: Մեզ հայտնի է միայն մեկ մահվան դեպքի հետաքննության արդյունքը, ըստ որի՝ աշխատանքի համար պահանջվող մի շարք պայմաններ բավարարված չեն եղել, որոնք, ուղղակիորեն դժբախտ պատահարների պատճառ չհանդիսանալով, կարող էին նպաստել դժբախտ պատահարների տեղի ունենալուն: Հարց է առաջանում. որո՞նք են անվտանգության այն երաշխիքները, որոնք վիճարկման ենթակա չեն և որոնք պետք է պաշտպանեն ընկերության աշխատակիցների կյանքը, առողջությունն ու անվտանգությունը, ունեն արդյո՞ք աշխատակիցները կյանքի ապահովագրման պայմանագրեր: Ի դեպ, «Դանդի փրեշըզ մեթալզ» ընկերության պաշտոնական կայքում նշված է մահվան միայն մեկ դեպք «Դինո Գոլդ Մայնինգ»-ում20: Ի՞նչ պատասխան ունի «Դինո Գոլդ մայնինգ»-ը մամուլում նշված այս բոլոր մահվան դեպքերի առնչությամբ, որո՞նք են եղել այս աշխատակիցների մահվան պատճառները, ինչո՞ւ մինչև օրս որևէ հրապարակային պարզաբանում չի տրամադրվել:
Համայնք և սոցիալական ծրագրեր
5. Դժվար է չկիսել «Դանդի Փրեշըզ մեթալզ»-ի այն համոզմունքը, որ ընկերությունները պետք է ձգտեն ավելի լավը դարձնել այն համայնքի բնակիչների կյանքը, որտեղ իրենք գործունեություն են ծավալում և անհրաժեշտության դեպքում այս ուղղությամբ ներդրումներ կատարեն: Սակայն «Դինո Գոլդ մայնինգ» ընկերության գործունեության արդյունքում բազմաթիվ մարդիկ լքել են իրենց բնակավայրերը կամ տարհանվել: Հարց է առաջանում. համայնքին օգնելը և տվյալ բնակավայրն ապրելու համար ավելի լավ վայր դարձնելը ինչպե՞ս է պատկերացնում ընկերությունը. արդյո՞ք տվյալ համայնքի բնակիչներին իրենց բնակավայրից տարհանելով:
Դատական հայց՝ բնապահպան ակտիվիստի դեմ և նոր հանքի շահագործման նախագիծ
Փաստորեն, «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը բազմիցս ոտնահարել է իր աշխատակիցների իրավունքները, իր գործունեությամբ վնաս է հասցրել շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը, չի ապահովել իր կողմից շահագործվող հանքի պոչամբարի անվտանգությունը, մինչև օրս չի տրամադրել հանրության կողմից պահանջվող տեղեկատվությունը, և այսքանով հանդերձ՝ դեռ ծրագրեր ունի բաց եղանակով շահագործելու Շահումյանի ոսկու հանքը, այն դեպքում, երբ նոր հանքի շահագործման դեմ բազմաթիվ մասնագիտական փաստարկներ կան21:
Ճիշտ է, ընկերությունը մերժում է էլեկտրաշոկ կիրառելու մասին լուրերը և դատական հայցով փորձում է վերականգնել իր, այսպես կոչված, բարի համբավը: Սակայն հարկ է նշել, որ այս մասին տեղեկությունը մամուլում հայտնվել է Եղիա Ներսեսյանի ելույթից շատ ավելի վաղ: Ըստ «Սյունյաց երկիր» պարբերաթերթի՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտան անհնազանդ հանքագործների հանդեպ էլեկտրաշոկ կիրառելու պատրաստություն էր տեսնում: Թերթի ունեցած տեղեկություններով, «այդ մասին ընկերության սեփականատերը տեղեկացվել է փոքր-ինչ ուշացումով, ինչը և դարձել է առանձնահատուկ քննարկման առարկա»22: 2011թ. ապրիլին բնապահպան ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանն այս մասին նշել է իր հարցազրույցում23, սակայն ընկերությունը նրանից առ այսօր ոչ մի հերքում չի պահանջել: Ի դեպ, 1in.am-ում տեղադրված մի նյութում նշվում է, որ ««Առաջին լրատվական»-ին հաջողվեց ճշտել, որ իրականում էլեկտրաշոկ գնել էին: Բայց դա ոչ թե անհնազանդ բանվորների համար էր, այլ պիտի օգտագործվեր հատուկ դեպքերում»24: Այժմ ընկերությունը ժխտում է, որ ձեռք բերվել էլեկտրաշոկ: Սակայն լրատվական կայքին միգուցե նո՞ւյնպես պետք է հարցաքննության կանչել. հնարավոր է` նրանք ճշգրտեն, թե կոնկրետ ումից են ստացել այդ տեղեկությունը:
Հատկանշանական է նաև այն փաստը, որ ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալետտան պաշտոնանկ արվեց 2011թ.՝ ընկերությունում բարձրացած գործադուլների ալիքից, դատական գործերից ու էլեկտրաշոկի մասին տեղեկությունների տարածումից հետո: Հարց է ծագում, թե ինչո՞ւ դատական հայց ներկայացվեց Եղիա Ներսեսյանի դեմ և ինչո՞ւ հենց 2012 թ. ԱՄՆ-ում ունեցած ելույթից հետո։ Կարելի է եզրակացնել, որ Եղիա Ներսեսյանի՝ ԱՄՆ-ում հնչեցված խոսքերն ավելի լայն արձագանք գտան, և «Դինո Գոլդ Մայնինգ»ը, լինելով մեծ չափի վարկ ստանալու ճանապարհին, պահանջում է չարատավորել իր բարի համբավը՝ ցանկանալով մեծացնել բանկից վարկ ստանալու իր հնարավորությունը: Սակայն ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ թերահավատ են ընկերության ասածների հանդեպ, քանի որ արդեն տեսել են ընկերության կողմից հռչակված արժեքների, ասված խոսքի և գործնականում կատարվող քայլերի միջև լուրջ հակասություններ: Իսկ ընկերության բարի համբավը արատավորվում է հենց ընկերության կողմից թույլ տված բացթողումների, օրինախախտ ու մահաբեր գործունեության արդյունքում: Ուստի, մենք հիմքեր ունենք մտածելու, որ ակտիվիստի նկատմամբ կիրառվող ճնշումը նպատակ ունի լռեցնելու բնապահպանների ձայնը և իրագործելու ընկերության հաջորդ նախագիծը՝ բաց հանքի շահագործում բնակելի տարածքից ընդամենը 1,5-2 կմ հեռավորության վրա:
Վերոնշյալը հաշվի առնելով՝ հարց է առաջանում. «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն» ի՞նչ հիմքերով է պատրաստվում տրամադրել 40 միլիոն դոլար վարկային միջոց իր գործունեության մեջ այսքան օրինախախտումներ ու թերացումներ ունեցող մի ընկերության: Բանկից պահանջում ենք լրջորեն ուսումնասիրել ընկերության տարիների գործունեությունը և նախքան Շահումյանի հանքի շահագործման ֆինանսավորումն ապահովելը ՀՀ քաղաքացիներին ներկայացնել համոզիչ հիմքեր, որ գործնականում պահպանվում և պահպանվելու են ընկերության ու բանկի կողմից հռչակված բոլոր արժեքները, որոնք վերաբերում են աշխատողների կյանքին, անվտանգությանը, աշխատանքային պայմաններին, բնության պահպանությանը, աշխատելաոճի թափանցիկությանը և սոցիալական պատասխանատվությանը: Մենք հետամուտ ենք լինելու այս խնդրին և պայքարելու ենք հանուն մեր հայրենի բնության պահպանության ու սոցիալական արդարության հաստատման: Իսկ բոլոր այն կազմակերպություններն ու բանկերը, որոնց գործունեության արդյունքում կվնասվի մեր բնությունը, կվտանգվի ՀՀ քաղաքացիների առողջությունն ու կյանքը և հարցականի տակ կդրվի նրանց անվտանգությունը, կարժանանան հանրության խորը անվստահությանն ու կվարկաբեկեն իրենց գործարար անունն ու համբավը:
1.http://www.dundeeprecious.com/English/sustainability/overall-approach/our-values/default.aspx
2.http://www.pastinfo.am/hy/node/6459
3.http://www.ecolur.org/hy/news/mining/already-second-breakdown-at-deno-gold-mining-in-2012-photos/4348/
4.http://arminfo.am/index.cfm?objectid=6217C0D0-3D2E-11E2-9013F6327207157C
5.http://archive.168.am/am/articles/30704-pr
6.http://www.aravot.am/2013/04/12/230508/
7.http://old.hetq.am/am/ecology/deno-4/
8.Տե´ս 7-րդ հղումը:
9.http://www.aravot.am/2010/04/29/185249/
10.http://www.ecolur.org/hy/news/mining/environmentalists-and-deno-gold-mining-crossed-swords-again/656/
11.http://www.aravot.am/2011/03/10/170696/
12.http://www.aravot.am/2013/03/15/215074/
13.http://hetq.am/arm/print/1774/
14.http://www.ecolur.org/hy/news/mining/deno-gold-mining-company-served-debts-for-overtime/2545/
15.http://econews.am/hy/?p=13155
16.http://hetq.am/arm/news/646/
17.http://www.youtube.com/watch?v=vfGwZ7FYgCE
18.1)http://hetq.am/arm/print/10709/, 2)http://www.armtown.com/news/am/a1p/20080110/56200/, 3) http://old.hetq.am/am/society/deno-gold-mining-4/, 4)http://www.aravot.am/2011/02/09/172147/
19.http://www.ecolur.org/hy/news/mining/deno-gold-mining-company-workers-death-cause-revealed/2262/
20.http://www.dundeeprecious.com/English/sustainability/our-people/health-and-safety/health-and-safety-data/default.aspx
21.http://www.ecolur.org/hy/news/mining/we-oppose-to-opencast-development-of-shahumyan-polymetallic-mine-in-kapan-armenia/2008/
22.http://www.1in.am/arm/armenia_society_10446.html
23.http://www.1in.am/arm/a_a_17788.html
24.Տես 21-րդ հղում
Մայիս 14, 2013 at 16:47
