

ԷկոԼուր
Մայիսի 9-11-ին Ստամբուլում տեղի ունեցավ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) ամենամյա ժողովը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: EBRD-ն Հայաստանում իր գործունեությունն ակտիվացրել է վերջին տարիներին եւ 2012 թվականը անվանեց ամենահաջողված տարիներից մեկը, երբ կնքել է 94 միլիոն եվրոյի 15 գործարք: “The EBRD had a successful year in the country in 2012, signing a total of 15 transactions worth €94 million.” – նշում է բանկն իր էջում:
Ի տարբերություն նախորդ տարիների` Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը 2013թ. երկրի շնորհանդես չարեց, չներկայացրեց տեսակետ այն մասին, թե Հայաստանի համար ինչպես է իրականացվում EBRD-ի ռազմավարությունը, որն ընդունվել է մեկ տարի առաջ: Անհասկանալի մնաց, թե ինչու էր պատվիրակությունը ժամանել Ստամբուլ, ինչ հարցեր լուծեց:
Հասարակական սեկտորը շատ ավելի ակտիվ էր: Քաղաքացիական հասարակության համար հատուկ ծրագիր էր պատրաստվել, որը ավանդաբար անցկացվում էր փակ ռեժիմով, որպեսզի ապահովվեր արտահայտվելու ազատությունը եւ կարծիքների անկեղծ փոխանակումը: Հանդիպումներին մասնակցեցին ЕBRD-ի նախագահ Սումա Չակրաբարտին, փոխնախագահ, քաղաքականության եւ կառավարման գծով տնօրեն Հանս Պետեր Լանկսը (Vice-President, Polici and Managing Director, Hans Peter Lankes), բանկի տնօրենների խորհուրդը, Շրջակա միջավայրի եւ կայունության դեպարտամենտի տնօրեն Ալիստեր Կլարկը, Արտաքին կապերի տնօրեն Ալլան Ռուսսոն, Նախագծերի գնահատման, շրջակա միջավայրի կառավարման եւ կայուն զարգացման դեպարտամենտի տնօրեն Դարիուշ Պրաշեկը, այլ մասնագետներ: Հասարակական սեկտորից հանդիպմանը մասնակցեցին CEE Bankwatch Network միջազգային ցանցը, հասարակական կազմակերպություններ Արեւմտյան, Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի երկրներից, Եգիպտոսից, Հորդանանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից:
Ժողովին մասնակցեցին քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ Հայաստանից` «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի համանախագահ Էրիկ Գրիգորյանը եւ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Էրիկ Գրիգորյանը «EBRD-ն եւ սոցիալական մեդիան` սահմանափակումներ եւ խրախուսոմներ EBRD եւ քաղաքացիական հասարակություն երկխոսության մեջ» բանավեճի պլենարային զեկուցողների կազմում էր:
Ինգա Զարաֆյանը ներկայացրեց երեք խնդիր` կապված EBRD-ի ներդրումների հետ: «EBRD-ի մոտեցումը էներգետիկայի կառավարման եւ բնական ռեսուրսների շահագործման հարցերին» թեմայով հանդիպման ժամանակ ԷկոԼուրի ելույթը նվիրված էր Ամուլսարի նախագծին: “Armenia gold mining problems cast shadow over renewed EBRD financing” հոդվածը, որը նվիրված էր «Deno Gold Mining Company» ընկերությանը, CEE Bankwatch Network ցանցի կողմից բաժանվող նյութերի թվում էր: Այդ նյութերը պատրաստվել են հատուկ EBRD-ի 2013թ. ժողովի համար: EBRD-ի պատասխանատու անձանց` Ալիստեր Կլարկի եւ Դարիուշ Պրաշեկի հետ հատուկ հանդիպման ժամանակ Bankwatch-ի ներկայացուցիչները հարց բարձրացրեցին այն վտանգների մասին, որոնք իրենց մեջ կրում է փոքր ՀԷԿ-երի ինտենսիվ կառուցման քաղաքականությունը եւ մի շարք առաջարկություններ արեցին:
Մանրամասները կներկայացվեն Էկոլուրի հաջորդ նյութերում:
Մայիս 13, 2013 at 14:54
