«Ազատ դեմոկրատներ»-ը խոստանում է արգելել օֆշորային ընկերություններին Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվել

«Ազատ դեմոկրատներ»-ը խոստանում է արգելել օֆշորային ընկերություններին Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվել

ԷկոԼուր

2017թ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խոստանում է արգելել օֆշորային ընկերություններին Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվել:

Կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանի հանքարդյունաբերության, ատոմային էներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ մասնավորապես գրված է.
«… Բացառել օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին՝ գործունեության թույլտվությունների, պետական գույքի սեփականաշնորհման, պատվերների տեղադրման և գնումների գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև՝ նրանց արգելել հանքարդյունաբերությամբ զբաղվելը՝ արդեն գրանցված և գործող օֆշորային ընկերություններին ժամանակ տրամադրելով պարտադիր կարգով վերագրանցվելու և «բաց» կարգավիճակով գործունեությունը շարունակելու համար:
… Գույքագրել և քվոտավորել ընդերքի օգտագործումը, միջազգային և եվրոպական կառույցների հետ համագործակցաբար ներդնել ջրային, հանքային և բնական այլ ռեսուրսների օգտագործման արդյունավետ, խնայողական ու թափանցիկ համակարգեր:

…2017-2018թթ. գործարկել շուրջ 200 մեգավատ հզորության ոչ ավանդական (արև և քամի) էներգահզորություն։ Այս նպատակով կառավարության երաշխիքներով ներգրավել շուրջ 400 լն դոլար։ 2018թ. սկսել Հայկական ԱԷԿ-ի 600 մեգավատանոց էնարգաբլոկի շինարարությունը։

… Մարդու համար ապահովել առողջ շրջակա սոցիալական միջավայր՝ խստացնելով բնապահպանական օրենսդրությունը, քաղաքացիական ու պետական վերահսկողական
մեխանիզմները, ինչպես նաև պատշաճ պայմաններ ու հնարավորություններ ստեղծել դպրոցականների, երիտասարդության ու հասարակության առողջ ապրելակերպի, անվտանգ սննդի, մարզական ու սպորտային կյանքի, լիարժեք ինտեգրման ու ինքնաիրացման համար:

… Ընդերքի գույքագրում և օգտագործման քվոտավորում։ ՀՀ ընդերքը պետք է գույքագրվի՝ նկատի ունենալով հետազոտված պաշարների ծավալները և հումքատեսակների համաշխարհային գները։ Յուրաքանչյուր տարի բյուջեի հետ միասին ԱԺ կողմից պետք է հաստատվի ընդերքի օգտագործման (արդյունահանման) քվոտա` ըստ հանքատեսակների և շահագործման թույլտվություն ստացած տնտեսվարող սուբյեկտների։

… Ընդերքի հանրային տնօրինում: Հանքա-հումքային արդյունաբերության մեջ (մոլիբդեն, պղինձ, պեռլիտ, տուֆ, բազալտ, երկաթ, ոսկի և այլն) պետք է վերացնել բնության պաշարների, բնության վերականգման համար վճարները կամ 2012թ. մտցված ռոյալթիի թերի մեխանիզմը։ Դրա փոխարեն ամեն տարի բյուջեի հետ միասին պետք է հաստատել բուն հանքի (ընդերքի) գինը, որով շահագործողն այն գնում է հասարակությունից։ Այդ կերպ հնարավոր կլինի հարկման մեխանիզմն այստեղ կապակցել հումքի համաշխարհային գների փոփոխության հետ»։

Մարտ 20, 2017 at 15:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր