Lydian International-ի ներդրումային ծրագրերը Գնդեվազ գյուղից տեղափոխվում են Ջերմուկ հանգստյան գոտի

Lydian International-ի ներդրումային ծրագրերը Գնդեվազ գյուղից տեղափոխվում են Ջերմուկ հանգստյան գոտի

ԷկոԼուր

Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը մտահոգված է համայնքների խոշորացման սպասվելիք ծրագրով: Գյուղապետի ունեցած տեղեկատվության համաձայն` Գնդեվազի և այլ գյուղերի հաշվին նախատեսում են ընդլայնել Ջերմուկ համայնքը: «Ջերմուկը հետաքրքրված է Գնդեվազով ֆինանսական տեսանկյունից»,- ասաց գյուղապետը ԷկոԼուրի հետ զրույցում: Հարցն այն է, որ Գնդեվազ գյուղի բյուջեի կեսից ավելին կազմում են «Գեոթիմ» հանքարդյունաբերական ընկերության վարձավճարները այն  հողերի համար, որոնք տրված են ընդերքօգտագործման նպատակով: «Ներկայումս բյուջեն կազմում է 81 միլիոն դրամ, որից 54 միլիոնը «Գեոթիմի» փոխանցած գումարն է: Եթե Գնդեվազը միացնեն Ջերմուկին, ապա վճարները կստանան Ջերմուկի իշխանությունները,-կարծում է գյուղապետը,-Մենք հարց ենք բարձրացրել, թող սկսեն փոքր համայնքներից, որոնք ոչինչ չունեն»: 

Բրիտանական  Lydian International-ը Հայաստանում ներկայացնող «Գեոթիմ» ընկերությունը մտադիր է բաց եղանակով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը և կառուցել ցիանային արտադրություն: Նախատեսվում է ցիանային գործարանը կառուցել Գնդեվազ գյուղի տարածքում: Բայց գործարանի կառուցման համար հողերի վարձակալության պայմանագիր կնքված չէ: «Մենք ունենք մոտ 1000 հեկտար, որից 320 հեկտար տրված է ընդերքօգտագործման համար, բայց ցիանային գործարանի համար մենք հող չենք տվել»,- ասաց Հայրապետ Մկրտչյանը: Բացի վարձավճարներից, նախկինում ընկերությունը գյուղում իրականացրել է սոցիալական ծրագրեր: 2013 թ-ին այդ ծրագրերը Գնդեվազ գյուղում կրճատվեցին և տեղափոխվեցին Ջերմուկ: «Անցյալ տարի մենք առաջարկեցինք կառուցել չորանոց, բայց ծրագիրը հաստատեցին 2014 թ-ին»,- ասաց գյուղապետը: Հիմա գյուղում իրականացվում է 1,4 միլիոն դրամ կազմող փոքր ծրագիր. տեղի դպրոցում բացվել է ավիամոդելավորման խմբակ:

Խնդրով մտահոգված են նաեւ գյուղի մյուս բնակիչները: «Մեզ մոտ կառուցելու են, իսկ փողերը կգնան Ջերմուկ...Ի՞նչ ենք անելու...Ամեն ինչ կփակվի` և մանկապարտեզը, և ամեն ինչ, մարդիկ էլ կգնան...Մենք դեմ ենք խոշորացման ծրագրին...»,- բողոքում էին բնակիչները: 

Ցավոք, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի հետ զրուցել չհաջողվեց, քանի որ նա քաղաքում չէր: Բայց լրատվամիջոցներով նրա բազմաթիվ ելույթներից պարզ է դարձել, որ հիմա քաղաքապետը «կողմ» է նախագծին: 

Հիշեցնենք, որ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը 2012 թ-ին մի շարք պաշտոնական հայտարարարություններ է արել, որ նման նախագիծը կազդի Ջերմուկի ապրանքանիշի վրա` որպես միջազգային կարգի առողջարան-հանգստյան գոտու, և որ բաց շահագործումից, բարձր սեյսմիկության պայմաններում կարող է վնասվել Ջերմուկի հանքային ջրերի հանքավայրը: Նա աջակցեց բնապահպանական հասարակությանը, որը ահազանգում էր Ամուլսարի նախագծի ռիսկերի և հանգստյան գոտուն մոտ գտնվելու վերաբերյալ:  2013 թ-ին Ամուլսարի նախագծի նկատմամբ տեղի իշխանությունների վերաբերմուքը փոխվեց: Դա համընկավ «Գեոթիմ», Lydian եւ Հայաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաներ  բանակցությունների հետ: Եվ այդ ժամանակ Ջերմուկի քաղաքապետը հայտարարեց, որ հավատում է նախագծի անվտանգության վերաբերյալ  ընկերության փաստարկներին: 2013 թ. նոյեմբերի 11-ին «Գեոթիմ» ընկերության մամլո հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Այս տարի «Գեոթիմը» ընդլայնել է սոցիալական ծրագրերը՝ ընդունված 2007 թ-ին, և բացի Ամուլսարի նախագծի ազդակիր համայնքներից՝ Գնդեվազից, Սարավանից և Գորայքից, որոշել է իրականացնել սոցիալական ծրագրեր Ջերմուկում...Մշակույթի տան վերականգնման համար ընկերությունը տրամադրել է 45 միլիոն դրամ,  1,2 միլիոն դրամ տրամադրված է դպրոցին մարզահրապարակի շինարարության համար, 24 միլիոն՝ Ջերմուկի զարգացման հիմնադրամի համար, 15 միլիոն այլ բարեգործական ծրագրերի համար»:  Այսինքն, կարճ ժամանակահատվածում Ջերմուկում ծախսվել է 85 միլիոն դրամ (մոտ 200 000 դոլար):  



12:24 Մարտ 04, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news