Ո՞վ է տուգանք վճարելու «Ջերմուկ-1» ՓՀԷԿ-ի նախագծով հատվելիք անտառի համար

Ո՞վ է տուգանք վճարելու «Ջերմուկ-1» ՓՀԷԿ-ի նախագծով հատվելիք անտառի համար

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությունը դրական եզրակացություն է տվել «Ջերմուկ-1» ՓՀԷԿ-ի նախագծին հետին ամսաթվով, այն բանից հետո, երբ ՓՀԷԿ-ի շինարարությունն ընթանում էր ամբողջ թափով, եւ Արփա գետի հունն արդեն փոխված էր: «Ջերմուկ Տուրբոշին» ՍՊԸ-ն «Ջերմուկ-1» ՓՀԷԿ-ի կառուցումը սկսել է դեռ 2012թ. գարնանը: Իսկ Բնապահպանության նախարարությունը  «Ջերմուկ-1» ՓՀԷԿ-ի հասարակական լսումներն անցկացրել է 2012թ. օգոստոսի 20-ին, որի մասնակիցները հայտարարեցին, որ լսումներն անցկացվել են խախտումներով եւ դեմ արտահայտվեցին նախագծին:

Այնուամենայնիվ, առանց անցկացնելու երկրորդ եւ երրորդ հասարակական լսումները, տասը օր անց` 2012թ. օգոստոսի 31-ին, Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն տվեց նախագծին:

Հաշվի չառնվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցչի կարծիքը, որ նրանք նույնիսկ տեղյակ չեն, որ փոքր ՀԷԿ-ը զբաղեցնում է անտառային ֆոնդի տարածքը: Ինչպես ավելի ուշ պարզեցին հասարակայնության ներկայացուցիչները, կառուցապատման համար տրամադրված սերվիտուտի պայմանագիրը կնքվել է միայն Ջերմուկի քաղաքապետարանի հետ, իսկ «Հայանտառ»-ը անտեսվել է:

Իր իրավունքները «Հայանտառ»-ը չպաշտպանեց, թեպետ պատասխանեց Ջերմուկի ակտիվիստ Մակեդոն Ալեքսանյանի նամակին, որ  «Ջերմուկ Տուրբոշին» ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք «Ջերմուկ-1» ՓՀԷԿ-ը սնող ջրագծի խողովակաշարը ներկայացված նախագծով անցնում է «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառտնտեսության թիվ 11-րդ քառակուսու տարածքով: Ընդորում, նախագծում նշված կտրվելիք ծառերի քանակը 200-ից 500-ն է: Հասարակական կազմակերպությունները չեն համաձայնվում այդ գնահատականի հետ, քանի որ բոլոր չափորոշիչներով, հաշվի առնելով անտառային տարածքի թեքությունը, ծառերի քանակը պետք է որ ավելի շատ լինի: Զարմանալի է, որ պետական մարմինները ոչ միայն հաշվի չառան արդեն իսկ առկա խախտումները, բայց եւ գործնականում անտեսեցին հասարակայնության ահազանգերը, որը ներկայացրեց համոզիչ ապացույցներ այն մասին, որ «Ջերմուկ-1» ՓՀԷԿ-ի նախագծի  թույլատրող փաստաթղթերի տրամադրման գործընթացը եւ ինքնին նախագծի իրականացումը կատարվում է էական խախտումներով: Ավելին, եթե «Հայանտառ»-ը  դուրս է բերված այս գործընթացից, ապա եւ կատարվելիք ծառահատումները կհամարվեն անօրինական: Հարց է մնում, թե արդյոք «Հայանտառ» ՊՈԱԿ-ը եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը կկատարեն իրենց պարտականությունները, որքան կլինի վնասի չափը 200-500 ծառերի անօրինական հատման դեպքում եւ ով կվճարի այդ տուգանքը:

«Ջերմուկ-1» ՓՀԷԿ-ի նախագիծը ներկայացված է KfW գերմանական զարգացման բանկի  ֆինանսավորմանը:

Lուսանկարը` Մակեդոն Ալեքսանյանի



Մայիս 17, 2013 at 15:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր