WWF-ը տոնեց Հայաստանում գործունեության տասնամյակը (Լուսանկարներ)

WWF-ը տոնեց Հայաստանում գործունեության տասնամյակը (Լուսանկարներ)

ԷկոԼուր


Հունիսի 19-ին Երևանի բուսաբանական այգում Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) տոնեց Հայաստանում գործունեության տասնամյակը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Գերմանիայի և  Շվեյցարիայի դեսպանները, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Մեր համագործակցությունը որակական նոր հարթության վրա է դրվել 2005 թ-ի ապրիլին Բնապահպանության նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի միջև ստորագրված ՀՀ-ում բնության պահպանության ոլորտի համագործակցության վերաբերյալ փոխընբռնման հուշագրով»,- իր շնորհավորական խոսքում ասաց նախարար Արամայիս Գրիգորյանը` մաղթելով WWF-Հայաստանին շարունակական և արդյունավետ աշխատանք:

WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը ներկայացրեց 10-ամյա գործունեության արդյունքները: «Երբ 2003 թ-ին սկսում էինք ծրագրերը, մենք սկսեցինք Խոսրովի և Շիկահողի արգելոցներից: Այն ժամանակ այդ երկու արգելոցներն էին մեր կազմակերպության հիմանական թիրախում, որովհետև դրանք համարվում են ընձառյուծի հիմնական բնակավայր: Հասկանալով, որ այդ տարածքները բավարար չեն հովազին պահպանելու համար, մենք այդ ժամանակվանից բնապահպանության նախարարության հետ համատեղ սկսեցինք աշխատել նոր հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ուղղությամբ: Մեր ծրագրերի ֆոկուսը գտնվում էր Հայաստանի հարավում, քանի որ դա հիմնական ապելավայրն է կովկասյան ընձառյուծի և այն տեսակների, որոնք նույնպես գրանցված են Հայաստանի և միջազգային Կարմիր գրքերում:  2003 թ-ին Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները կազմում էին Հայաստանի ընդհանուր տարածքի 10.3 տոկոսը: Այսօր մենք ունենք 13.1 տոկոս հատուկ պահպանվող տարածքների ծածկույթ»,- ասաց Կարեն Մանվելանը` նշելով, որ անհնար կլիներ իրականացնել այդ ամենը, եթե չլիներ բնապահպանության նախարարության և այլ գործընկեր կազմակերպությունների աջակցությունը և գործընկերությունը:

«Որպես էկոլոգներ՝ մենք, իհարկե, գիտենք, որ Կովկասը յուրահատուկ վայր է կենսաբազմազանության տեսանկյունից, բայց Կովկասի բնությանը սպառնում է որոշակի վտանգ, քանի որ մեր երկրներում զարգանում է տնտեսությունը, և միայն  միասին մենք կարող ենք պահպանել այս տարածաշրջանը- ասաց WWF-Ռուսաստանի տնօրեն Իգոր Չեստին,- WWF-ը Կովկասում ներառում է 6 երկիր: Մեզ երկար տարիներ կապում է համագործակցությունը, փոխադարձ օգնությունը: Մենք իսկական Կովկասյան բարեկամներ ենք: Այս առումով քաղաքական գործիչները շատ բան ունեն սովորելու WWF-ից»:

Միջոցառման ընթացքում «WWF-Հայաստանի լավագույն գործընկեր» անվանակարգում մրցանակներ հանձնվեցին ՀՀ բնապահպանության նախարարությանը, Եվրամիությանը, Գերմանիայի կառավարությանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր / Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին, «Հայաստան-ծառատունկ» կազմակերպությանը, Շաղիկ համայնքին և ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտին:

ԷկոԼուրը հետաքրքրվեց Կարեն Մանվելյանից, թե նա ինչ կցանկանար WWF-Հայաստանին, ինչը կփոխեր կամ ինչը կլրացնել: «Ես կցանկանայի, որ մեր կազմակերպությունն ավելի զարգանա, ավելի շատ գործեր անի ի շահ մեր բնության և մարդկության: Որքան շատ գործընկերներ ունենանք, այդքան լավ, քանի որ մենք չենք կարող ամբողջը մեր ուժերով անել: Կցանկանայի, որ քիչ բնապահպանական խնդիրներ ունենանք Հայաստանում, կցանկանայի` գնալով քչանան այդ խնդիրները, մեր աշխատանքն էլ դրանով պակասեր, բայց մոտիկ ապագայում դա դժվար կլինի, սակայն կա ձգտում: Ինչպես ասում են, «Մոսկվան միանգամից չի կառուցվել»: Բնապահպանությունը ժամանակատար և օրվա չարչարանք պահանջող աշխատանք է: Կարևորը, որ  փոխվեն մարդկանց մոտեցումները և պետության քաղաքական կամքը»,- նշեց Կարեն Մանվելյանը:

Հունիս 20, 2014 at 15:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր