«Շիկահող» պետական արգելոցի ջրային զարկերակ Ծավ գետի և նրա Մազրայի վտակի վրա մտադիր են փոքր ՀԷԿ-եր կառուցել

«Շիկահող» պետական արգելոցի ջրային զարկերակ Ծավ գետի և նրա Մազրայի վտակի վրա մտադիր են փոքր ՀԷԿ-եր կառուցել

ԷկոԼուր

Շիկահող արգելոցի ջրային զարկերակ Ծավ (Բասուտա) գետի և նրա վտակ Մազրայի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցում (ՓՀԷԿ) է ծրագրվում։ Այս մասին ԷկոԼուրին տեղեկացրին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ծավ բնակավայրի բնակիչները: Ըստ նրանց՝ փոքր ՀԷԿ-երից մեկը Ծավ գետի վրա ցանկանում է կառուցել «Լեսոմա» ԲԲԸ-ն, որը շահագործում է Ծավ գետի վրա 2010թ-ից կառուցված «ԾԱՎ» ՓՀԷԿ-ը: Բնակիչները դեմ են նոր ՓՀԷԿ-ի կառուցմանը Ծավ գետի վրա՝ աչքի առաջ ունենալով արդեն գործող ՓՀԷԿ-ը: «Ոռոգման և խմելու ջուրը մենք վերցնում ենք Ծավ գետից։ Ցանկացած միջամտություն բերում է մեծ վնասներ, մեծ աղետ։ Ջրի սակավությունը շատ է զգացվում, ջրերի ընդհանուր քանակը, ջրաղբյուրները ցամաքում են։ Նոր ՓՀԷԿ-ի կառուցումն էլ ավելի կնվազեցնի ջրի քանակը, գյուղացիները շատ կտուժեն,  գետի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն կունենա։ Գետում կարմրախայտ տեսակի ձուկ ունենք։ Կենդանական ու բուսական աշխարհին վնաս կպատճառվի»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Ծավ գյուղի վարչական ներկայացուցիչ Սեյրան Զաքարյանը։

«Լեսոմա» ԲԲԸ-ի կողմից նոր ՓՀԷԿ կառուցելու մտադրության մասին Ծավի բնակիչները պատահաբար տեղեկացել են Կապանի համայնքապետի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ըստ բնակիչների՝ «Լեսոմա» ԲԲԸ-ն ձեռք է բերել գյուղի համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ հետագայում ՓՀԷԿ-ի շինությունների կառուցման համար: «Խոշորացված համայնք ենք։ Ինձ մոտ որևէ փաստաթուղթ չկա, բոլորը Կապանի համայնքապետարանում են։ Տեղեկություն ունեմ, որ ներկայում ընթանում է այդ հողատարածքների՝ գյուղատնտեսական նշանակության կարգավիճակի փոփոխություն»,- ասաց Սեյրան Զաքարյանը։

Երկրորդ ՓՀԷԿ-ի կառուցումը նախատեսվում է Ծավ գետի Մազրա վտակի վրա։ Օրերս տեղանքն ուսումնասիրելու նպատակով, ըստ բնակիչների, Ծավ են այցելել նոր ՓՀԷԿ-ի կառուցումը նախատեսող ընկերության (խմբ․՝ ընկերության անվանումը բնակիչները չգիտեին) ներկայացուցիչ Սենիկ Ջուլհակյանը, Շրջակա միջավայրի նախարարության և Կապանի ջրօգտագործման ընկերության ներկայացուցիչներ։ Մամուլում Սենիկ Ջուլհակյանի մասին հիշատակված է որպես ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մտերիմ: Նա նաև եղել է «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն, «Որոտան սիստեմս» ընկերության հիմնադիր, ում մասնակցությունը ընկերությանը դադարեցված է, համաձայն e-register.am կայքի, ինչպես նաև «Որոտան Հիդրո» ՍՊԸ-ի սեփականատեր, սակայն e-register.am կայքում այս ընկերության հիմնադիրների թվում Սենիկ Ջուլհակյանի անունն առկա չէ: Վերջին երկու ընկերությունների գործունեությունն էլ առնչվել է փոքր ՀԷԿ-երի կառուցմանը:

Ծավի բնակիչները պատմեցին, որ, լսելով գյուղի վարչական ղեկավարի և բնակիչների բացասական արձագանքը ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ, Սենիկ Ջուլհակյանը խոստացել է Ծավում մի շարք սոցիալական խնդիրներ լուծել, ներդրումներ կատարել։ Սակայն բնակիչների դիրքորոշումը չի փոխվել: 

Շիկահողի արգելոցի տարածքը գտնվում է Ծավ գյուղի, ինչպես նաև Շիկահող, Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերի սահմաններում: Տեղի բնակչության գործունեությունը սահմանափակված է արգելոցի պահպանման խիստ ռեժիմով:

«Գյուղացիները գտնվում են երկու կրակի արանքում։ Մի կողմից արգելում են մտնել անտառ, չոր փայտ անգամ բերել։ Բայց միևնույն ժամանակ ուզում են՝ արգելոցի տարածքի գետի վրա ՓՀԷԿ կառուցվի։ Արգելոցով հոսող գետի վրա չի կարելի ՓՀԷԿ կառուցել։ Գետը շատ կարևոր նշանակություն ունի արգելոցում միկրոկլիմայի, կենսաբազմազանության համար։ Պետք է ռեսուրսը պահպանվի, շուրջը թռչուններ, սողուններ են ապրում»,- ասաց Ծավի բնակիչ Արսեն Աղաջանյանը։  

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավող հանձնաժողովի կողմից փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար տրամադրված լիցենզիաների ցանկում 2020թ-ի ապրիլի 1-ի դրությամբ Մազրայի կամ Ծավի վրա նոր փոքր ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ տեղեկատվություն չկա:

Շիկահողի արգելոցի ստեղծման նպատակներից է եղել Ծավ և Շիկահող գետերի ավազանների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի ապահովումը, ինչը կարող է խաթափվել փոքր ՀԷԿ-երի կառուցմամբ: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ պետական արգելոցի տարածքում, մասնավորապես, արգելվում է՝

  • ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով, և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
  • տնտեսական և բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունն ու շահագործումը,
  • բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը:

ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածով էլ մերժվում են փոքր ՀԷԿ-երի կառուցման համար ՋԹ-ների հայտերը, եթե դրանք նախատեսվում է կառուցել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում:

13:32 Հուլիս 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news