ԷկոԼուր
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կազմակերպեց փորձագիտական քննարկում փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ` հայտարարելով, որ ոլորտը համարվում է առաջնահերթայիններից: «Փոքր ՀԷԿ-երի նկատմամբ կառավարության հետարքրքրությունը շատ մեծ է` հասկանալու իրողությունները: Մենք ունենք գրություն և դատախազությունից, և բնապահպանության նախարարությունից, որ անհրաժեշտ է համապարփակ ստուգում անցկացնել: Բնապահպանության նախարարության գրությունը կապված է ջրօգտագործման թույլտվությունների պայմանների խախտումների հետ, սակայն դատախազության դիրքորոշումն ավելի լայն է: Եվ տեսչությունը որոշեց ավելի լայն կոնտեքստում հարցը նայել, արմատից: Մենք ուզում ենք ուսումնասիրել ոչ թե ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտման հանգամանքը, այլ ավելի լայն կոնտեքստում` քաղաքաշինական նորմերի հետ կապված խնդիրներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության խնդիրներ: Պետք է հասկանալ, պատվարները, որ կառուցվում են, ձկնուղիները, որքանով են համապատասխանում քաղաքաշինական նորմերին: Նույն Եղեգիսի կիրճում նայում ես 17 ՀԷԿ-երից կազմված կասկադ է, որտեղ գետ չկա: Երբ մտնում ենք ՓՀԷԿ-երը ստուգելու, պարզվում է, որ բոլորը թույլտվություններն ունեն և օգտագործում են թույլտվության սահմանից շատ ավելի քիչ ջուր, քան թույլտվության պայմաններն են, բայց իրականում մենք տեսնում ենք, որ գետ իրականում չկա: Պետք է պարզել, թե տրված ՋԹ-ները որքանով են համապատասխանում մեր օրենսդրությանը և համապատասխան առաջարկություններ անել կառավարությանը և գերատեսչություններին` այդ թվում և օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ: Դա մեր իրավասությունների շրջանակներում է»,- ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:
ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից 2014-2018թթ. իրականացված «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի փորձագետներն առաջարկեցին որպես հիմք վերցնել ուսումնասիրված 125 փոքր ՀԷԿ-երի տվյալների բազան, որը ներառում է իր մեջ յուրաքանչուր ՓՀԷԿ-ի նկարագրություն 75 չափորոշիչներով, գետային էկոհամակարգերի և շրջակա միջավայրի վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, կենսաբազմազանութունը պահպանելու նպատակով ՓՀԷԿ-երի շահագործումը բարելավելու առաջարկություններ: Նաև առաջարկեցին դիտարկել ծրագրի շրջանակներում մշակված ՓՀԷԿ ոլորտի բարեփոխումների փաթեթը, որն իր մեջ ներառում է ՓՀԷԿ-երում տեսչական ստուգումների անցկացման ստուգաթերթի հաստատման և ՓՀԷԿ-երի էկոանձնագրավորման վերաբերյալ կառավարության որոշման նախագծերը:
Նոյեմբեր 26, 2018 at 13:31