Փորձագետն առաջարկում է շահագործված հանքավայրերի, պոչամբարների տարածքներում արևային պանելներ տեղադրել

Փորձագետն առաջարկում է շահագործված հանքավայրերի, պոչամբարների տարածքներում արևային պանելներ տեղադրել

ԷկոԼուր

Արևային ռեսուրսն այսօր Հայաստանում կարող է ստեղծել զարգացման բավականին մեծ հեռանկարներ ոչ միայն էներգետիկ տեսանկյունից, այլ նաև տնտեսության: Նման կարծիք հայտնեց Էներգախնայողության աջակցման հիմնադրամի փորձագետ Թամարա Բաբայանը «Հայաստան. փարոս, կայուն էներգիայի ընդլայնման համար» միջազգային համաժողովի ժամանակ` էկոլուրի հետ զրույցում: «Արևային ռեսուրսի գնահատումը ցույց է տալիս, որ մենք ունենք տեխնիկապես գրեթե անսպառ հնարավորություններ: Իհարկե, դա պետք է հավասարակշռել այլ մեխանիզմներով, այդ թվում՝ սոցիալական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական», - ԷկոԼուրի հետ զրույցում նշեց Թամարա Բաբայանը:

Արևային էներգետիկայի ոլորտի զարգացման ռիսկերից են հողային ռեսուրսների օգտագործումը և արևային տեխնոլոգիաների թափոնները: Թամարա Բաբայանն այս կապակցությամբ առաջարկում է. «Մենք ունենք հողեր, որոնք գյուղատնտեսության համար չեն կարող նշանակություն ունենալ, օրինակ, հանքերի, պոչամբարների, լքված գործարանների տարածքները: Կարելի է այդ տարածքները ռեկուլտիվացնել, դարձնել պիտանի և տեղադրել այնտեղ արևային պանելներ, իսկ այն կազմակերպություններին, որոնք կիրականացնեն դա, որպես խրախուսող մեխանիզմ առաջարկել ավելի բարձր սակագին»:

Նա նշեց, որ Հայաստանում էներգետիկայի ոլորտում կա ձևավորված մասնագիտական հասարակություն, որը կարող է աջակցել կառավարությանը՝ գտնելու նոր մեխանիզմներ այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար:

«Հայաստանը չունի նավթի, գազի պաշարներ, և մեզ համար շատ կարևոր է խթանել էներգաարդյունավետությունը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, զարգացնել վերականգնվող էներգետիկան»,- ասաց Թամարա Բաբայանը:

17:54 Դեկտեմբեր 04, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news