Եվս մեկ խոշոր ներդրում միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից Հայաստանի էներգետիկ ոլորտում

Եվս մեկ խոշոր ներդրում միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից Հայաստանի էներգետիկ ոլորտում

ԷկոԼուր

Մարտի 4-ին կառավարությունում տեղի ունեցավ Երևանում 250 մեգավատտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ուղիղ համաձայնագրի ստորագրումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Համաձայնագիրը ստորագրել են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (Համաշխարհային բանկի խումբ) տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին, «Արմփաուեր»-ի լիազորված ներկայացուցիչ Սիմոնե Ջովաննինին, «Ամերիա» բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Գերմանական ներդրումային կորպորացիայի (DEG) Հայաստանի պատասխանատու Պետեր Գյերգյայը, «Սիմենս փրոջեքթ վենչրս»-ի գործադիր տնօրեն Կլաուս Քոլոֆը:

Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ դեռևս անցած տարվա նոյեմբերին ՀՀ կառավարության, «Արմփաուեր»-ի և «Ռենկո»-ի միջև եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրվեց Երևան քաղաքի տարածքում ժամանակակից ջերմաէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Ինչպես նախատեսվում էր շրջանակային համաձայնագրով, այսօր արդեն ստորագրվեց ուղղակի պայմանագիրը: Սա հնարավորություն է տալիս ավարտել ծրագրի ֆինանսական ամփոփումը և առաջիկայում սկսել ջերմաէլեկտրակայանի շինարարական աշխատանքները:

250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային նախագիծը կյանքի կկոչվի 26 ամսվա ընթացքում ու այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ էլէներգիայի արժեքը կլինի ամենացածրը։ Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ:

Տիգրան Ավինյանը նշել է, որ այս ներդրումային ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար, քանի որ ոլորտն առավել ուժեղանում է դիվերսիֆիկացված ներդրումային բազայի և մասնավոր հատվածի ավելի մեծ մասնակցության արդյունքում:

Ծրագիրը նախատեսվում է իրագործել արդիական սարքավորումների ներդրմամբ ու գիտական փորձի հիման վրա, ինչի շնորհիվ կունենանք բարձր արդյունավետությամբ ու անվտանգ գործող էներգետիկ կայան: Կնվազեցվի նաև Հայաստանի էներգետիկ համակարգի համար բնական գազի ծախսը և կբարձրանա էներգամատակարարման հուսալիությունը:

Փոխվարչապետը վերջում համոզվածություն է հայտնել, որ նման ծրագրերի հաջող մեկնարկն ու իրականացումը լրացուցիչ խթան և օրինակ են ծառայելու տեղական ու միջազգային պոտենցիալ ներդրողների համար:

Լուսանկարը՝ կառավարության կայքից

12:10 Մարտ 05, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news