Բնապահպանության նախարարության կողմից «Դարանակ» ՓՀԷԿ-ում կատարված ուսումնասիրությունը սահմանափակվել է լուսանկարահանմամբ. դարանակցիներ

Բնապահպանության նախարարության կողմից «Դարանակ» ՓՀԷԿ-ում կատարված ուսումնասիրությունը սահմանափակվել է լուսանկարահանմամբ. դարանակցիներ

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Դարանակ գյուղի բնակիչները դժգոհ են Բնապահպանության նախարարության գործողություններից, որոնք ձեռնարկվել են վարչապետին ուղղված իրենց նամակից հետո: Դարանակի բնակիչները նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին (կրկնօրինակն ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն)՝ պահանջով դադարեցնել «Դարանակ» փոքր ՀԷԿ-ի շահագործումը, քանի որ գյուղի ոռոգման և խմելու ջրի աղբյուրները ցամաքել են ՓՀԷԿ-ի պատճառով: Նամակն ուղարկվել էր Դարանակի բնակիչ Գյուլնազ Գրիգորյանի անունից:

Բնապահպանության նախարարությունը Գյուլնազ Գրիգորյանի նամակին ի պատասխան տեղեկացրել է, որ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Սևանի ջրավազանային կառավարման բաժնի աշխատակիցների կողմից 2019 թ. մարտի 13-ին իրականացվել է ուսումնասիրություն գործող «Դարանակ» ՓՀԷԿ-ում:

Նախարարության աշխատակիցների այցելության ժամանակ ՓՀԷԿ-ը չի գործել, ջրառի կետում ջրընդունիչ պատվարի վահանակը բաց է եղել և ջուրը հոսել է գետ: Ուսումնասիրությունը կատարվել է ջրառի միայն մեկ կետում, ձախ վտակի ջրառի կետում ձյան պատճառով ուսումնասիրություններ չեն կատարվել: Նամակում նշված է նաև, որ «Դարանակ» ՓՀԷԿ-ում լիարժեք ուսումնասիրությունը հնարավոր կլինի իրականացնել ձնհալից հետո:

ԷկոԼուրի հետ զրույցում Գյուլնազ Գրիգորյանն ասաց, որ գյուղ այցելած բնապահպանության նախարարության աշխատակիցը նշված տարածքում որևէ ջրաչափում չի իրականացրել, այլ միայն հեռախոսով լուսանկարներ է կատարել:

«Նախարարության պատասխանից դժգոհ ենք: Դժգոհ ենք, հատկապես այն բանի համար, որ մենք նամակն ուղղել ենք Երևան, բայց եկել է գործակալության Սևանի բաժնի աշխատակիցը, ով, նախկինում թույլ է տվել «Դարանակ» ՀԷԿ-ի կառուցումը»- նշեց Գրիգորյանը: «Ասացի համագյուղացիներին, որ ջրաչափում է արվել (ըստ նամակի): Բոլորը զարմացան, որովհետև էդ մարդը ոչ մի բան էլ չէր արել: Երկու անգամ հեռախոսով նկար է արել ջրի վրա: Ներկա են եղել գյուղապետը, գյուղացիները: Գյուղի բնակչության կեսը բարձրացել էին ջրի մոտ: Մոտ 1 կմ կա, որ ջուրը հասնի գյուղին»,- նշեց նա՝ հավելելով, թե ՓՀԷԿ-ի աշխատանքները 3 ամիս է ինչ դադարեցված են:

Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ «Դարանակ» ՓՀԷԿ-ի տնօրենը համագյուղացիներին է ներկայացրել փաստաթուղթ, համաձայն որի ՓՀԷԿ-ից վերև 9 հա հողատարածք ունի, և ցանկության դեպքում կարող է ՓՀԷԿ-ը տեղափոխել այնտեղ, ավելի բարձր տեղ. «Ընդհանրապես ջրի երես չենք տեսնելու»:

Բնապահպանության նախարարության պատասխան նամակն ուղարկվել է նախարարության գլխավոր քարտուղար Վահե Ջիլավյանի անունից: Մեջբերում ենք նամակն ամբողջությամբ.

«Ի պատասխան Ձեր 2019 թ. մարտի 4-ի գրության հայտնում ենք, որ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Սևանի ջրավազանային կառավարման բաժնի աշխատակիցների կողմից 2019 թ. մարտի 13-ին իրականացվել է ուսումնասիրություն Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Դարանակ գյուղի վարչական տարածքում գործող «Դարանակ» ՓՀԷԿ-ում:

«Դարանակ» ՓՀԷԿ-ը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Դարանակ գյուղի վարչական տարածքում՝ Դարանակ գետի աջ ափին: Այցելության ժամանակ ՓՀԷԿ-ը չի գործել, ջրառի կետում ջրընդունիչ պատվարի վահանակը բաց է եղել և ջուրը հոսել է գետ, ջրաքանակը կազմել է 50լ/վրկ:

Ուսումնասիրությունը կատարվել է ջրառի միայն մեկ կետում, ձախ վտակի ջրառի կետում ձյան պատճառով ուսումնասիրություններ չեն կատարվել: «Դարանակ» ՓՀԷԿ-ում լիարժեք ուսումնասիրություններ հնարավոր կլինի իրականացնել ձնհալից հետո:

Հայտնում եմ նաև, որ բնապահպանության նախարարությունը 2011 թ. մայիսի 24-ին «Ագրոսպասարկում» ԱՍ Վարդենիսի շրջանային միավորում» ԲԲԸ-ին, Գեղարքունիքի մարզի Դարանակ համայնքի վարչական տարածքում Դարանակ գետի վրա «Դարանակ» ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով տվել է N000176 ջրօգտագործման թույլտվություն, ինչի գործունեության ժամկետը սահմանված կարգով 2012 թ. ապրիլի 19-ին երկարաձգվել է N000062 ջրօգտագործման թույլտվությամբ մինչև 2012 թ. օգոստոսի 19-ը և 2013 թ. մայիսի 14-ին N000082 ջրօգտագործման թույլտվությամբ մինչև 2014 թ. օգոստոսի 2-ը:

2017 թ. սեպտեմբերի 12-ին վերոնշյալ ընկերությունը «Դարանակ» ՓՀԷԿ-ի շահագործման նպատակով ստացել է N000218 ջրօգտագործման թույլտվությունը մինչև 2030 թ. օգոստոսի 2-ը գործողության ժամկետով՝ համաձայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Ագրոսպասարկում» ԱՍ Վարդենիսի շրջանային միավորում» ԲԲԸ-ին 2014 թ. հուլիսի 30-ին տրված N0554 էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի:

Այնուհետև, սահմանված կարգով նույն պայմաններով վերոնշյալ ընկերությունը փոխանցվել է «Հ.Ե.Կ.Շին» ՓԲԸ-ին, ինչի համար վերջինս 2018 թ. դեկտեմբերի 6-ին ստացել է N000279 ջրօգտագործման թույլտվություն մինչև 2019 թ. դեկտեմբերի 6-ը գործողության ժամկետով՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հ.Ե.Կ.Շին» ՓԲԸ-ի անունով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիան վերանվանելու նպատակով»:

17:29 Մարտ 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news