«Հայկական ժամանակ». «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ն արտադրել է քիչ էլեկտրաէներգիա, բայց ՀԷՑ-ից ստացել ավելի շատ գումար

«Հայկական ժամանակ». «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ն արտադրել է քիչ էլեկտրաէներգիա, բայց ՀԷՑ-ից ստացել ավելի շատ գումար

ԷկոԼուր

«Հայկական ժամանակ» թերթը օրերս հրապարկցեց նյութ, որում նշվեց, որ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում` Հախում գետի վրա գործող «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ն արտադրել է քիչ էլեկտրաէներգիա, բայց ՀԷՑ-ից ստացել ավելի շատ գումար:

Նյութում մասնավորապես նշված է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մեր աղբյուրները հայտնում են, որ ներկայումս ուսումնասիրվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացրած կոպիտ չարաշահումների վերաբերյալ մի դեպք: Խոսքը ՀԷՑ իրացման գծով տնօրեն Աշոտ Թոխունցի տեղակալ, էլեկտրաէներգիայի հաշվառման եւ հսկման դեպարտամենտի պետ Արսեն Գաբրիելյանի կողմից չարաշահումների եւ խախտումների մասին է:

Ստուգող մարմինները պարզել են, որ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում, Հախում գետի վրա գործող «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը արտադրել է քիչ էլեկտրաէներգիա, բայց ՀԷՑ-ից ստացել ավելի շատ գումար: ՀԷԿ-ի արտադրած իքս ծավալի էլեկտրաէներգիան ՀԷՑ-ի վրա վաճառվել է դրա մոտ 1,5 անգամ շատ ծավալի տեղ՝ արդյունքում մոտ 95 միլիոն դրամ գումար ստացել չարտադրված էլեկտրաէներգիայի համար: Տեղեկություններ կան, որ դա արվել է՝ ՓՀԷԿ-ի արտադրությունը չափող հաշվիչներում ծրագրային կեղծումներ կատարելով:

«Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը պատկանում է ՀԷՑ էլեկտրաէներգիայի հաշվառման եւ հսկման դեպարտամենտի պետ Արսեն Գաբրիելյանին: Պաշտոնյան չարաշահել է իր դիրքն ու պաշտոնը՝ ընկերության հաշվին հարստանալով: Երբ խնդիրը բացահայտվել է, ՀԷՑ իրացման գծով տնօրեն Աշոտ Թոխունցը սույն թվականի սեպտեմբերի 10-ին գրություն է ներկայացրել իր վերադասին՝ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին, եւ վերջինիս կարգադրությամբ՝ Արսեն Գաբրիելյանի եւ Էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման եւ հսկման բաժնի պետ Ռ. Պիվազյանի աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ որպես կարգապահական պատասխանատվության միջոց: Նրանց անգամ չեն թողնում մոտենալ ՀԷՑ գլխավոր գրասենյակին:

Ուշագրավ է, որ նման խախտումը երկու շաբաթից ավել հայտնի է թե՛ ՀԾԿՀ-ին, թե՛ ՀԷՑ ղեկավարությանը, սակայն դրան հանրային հնչեղություն չի տրվել: Մեկ դիտարկում եւս. երբ ՀԷՑ-ը ՀԷԿ-երից գնում է էլեկտրաէներգիա, փաստաթղրթերում դրվում է հենց Աշոտ Թոխունցի ստորագրությունը, եւ այնպես չէ, որ Եվգենի Բիբինն անձամբ պարտավոր չէ վերահսկել այդ գործարքները: Ամբողջը ջարդվում է Արսեն Գաբրիելյանի վրա, սակայն պետք է ուսումնասիրել նաեւ նրա անմիջական ղեկավարների գործունեության օրինականությունը նույնպես»:

ՀԷՑ-ը պատասխանել է այս նյութին: Պատասխանում նշված է. «Ի պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթում 02 հոկտեմբերի 2015 թ. «Նոր սկանդալ «ՀԷՑ» -ում հոդվածի՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգի միջոցով իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ 2012-2015 թթ. ընթացքում պարբերաբար «Սիրարփի» փոքր հէկի դրվածքային հզորությունը զգալիորեն գերզանցվել է: Հաշվի առնելով վերը նշվածը՝ «ՀԷՑ»-ի կողմից նշանակվել է ներքին հետաքննություն դրվածքային հզորության սխեմայի և հաշվառման համակարգի ստուգաչափման հստակեցման նպատակով: Արդյունքում ընկերության աշխատակիցների ու անվտանգության և վերահոսկողության տնօրինության կողմից բացահայտվել են զգալի թերություններ, որոնք հանգեցրել են նշված հէկի էլեկտրաէներգիայի գնման ծավալի մեծացմանը: Պարզվել է նաև «ՀԷՑ» իրացման տնօրենի տեղակալ Ա.Գաբրիելյանի և «Սիրարփի» ՓՀԷԿ-ի փոխկապակցվածության փաստը:

Հետաքննության արդյունքում Ա.Գաբրիելյանն ու էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման բաժնի պետ Ռ.Պիվազյանը հեռացվել են իրենց ծառայողական պարտականությունների կատարման աշխատանքից: Հաշվի առնելով բացահայտված թերությունները՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Հաշվարկային կենտրոնի կողմից իրականացվել է «Սիրարփի» ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի վճարման ենթակա ակտերի ուղղում: «ՀԷՑ»-ը համաձայնագիր է ստորագրել «Սիրարփի» ՓՀԷԿ-ի կողմից գոյացած պարտքի գանձման վերաբերյալ: Հաշի առնելով վերը նշված փաստը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հաշվառման ռիսկերի կրճատման նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ն ՓՀԷԿ-երի հետ պայմանագերեի մոնիթորինգ ու գույքագրում է իրականացնում:

Այսօրվա դրությամբ աշխատանքներ են տարվել 51 փոքր հէկերում (անհրաժեշտության դեպքում հստակեցվում են պայմանագրում նշված պարամետրերը, փոխարինվում են հաշվառման սարքերը): Ընդ որում, հաշվի առնելով, որ «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն Հաշվարկային կենտրոնն է կազմում էլեկտրաէներգիայի գնման ակտերը «ՀԷՑ»-ը մի շարք համատեղ միջոցառումներ է նախատեսել վերահսկողությունը նաև այս ուղղությամբ ուժեղացնելու նպատակով:

Նշենք նաև, որ այս փաստի ուսումնասիրման նպատակով ՀԾԿՀ կողմից «ՀԷՑ», «Սիրարփի» ՓՀԷԿ և Հաշվարկային կենտրոնի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, և այժմ ստեղծված իրավիճակի համատեղ ուսումնասիրություն է կատարվում: «ՀԷՑ»-ը կողմ է ինչպես այս կոնկրետ դեպքի ուսումնասիրության թափանցիկության ապահովմանը, այնպես էլ էներգետիկ ոլորտում նմանատիպ հարցերի հանդեպ համակարգված մոտեցման ցուցաբերմանը»:

14:00 Հոկտեմբեր 07, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news