ԷկոԼուր
ՀՀ Գեղարքունիքի մարզի հասարակությունը բողոքում է, որ փոքր ՀԷԿ-երի պատճառով Սևանա լիճը զրկվում է Մարտունի գետի ջրից:
«Իմ ամբողջ մանկությունն անցել է Մարտունի գետի կողքին: Գետն այնքան ջրառատ էր, որ ձիով մարդկանց քշում էր: ՀԷԿ-ի կառուցումից հետո ջուր չմնաց գետում: Գետի վրա 4-5 գյուղ է նստած, հիմա չորացել է գետը, հատակի քարերն են մնացել: Բնությունը ուղղակի թքեց իր նկատմամբ անարդար վերաբերվողների երեսին»,- ասաց Մարտունի քաղաքի բնակիչ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը:
Նա նշեց, որ ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ բնակչության շրջանում չեն անցկացվել հանրային լսումներ, և ՓՀԷԿ-ը կառուցվել է անօրինական: Անահիտ Գևորգյանի խոսքով՝ ՓՀԷԿ-ի կողմից որևէ սոցիալական աջակցություն համայնքին չի տրամադրվում: «Գետը Սևանը սնուցող գետ է, եթե նույնիսկ համայնքին ընտիր պահեն էլ, չի կարելի այդ գետերի վրա ՀԷԿ կառուցել: Ոնց որ մարդուն ասեն` երիկամդ, սիրտդ հանում ենք՝ ի՞նչ տանք դրա փոխարեն: Սևանը սնուցող գետերի վրա չի կարելի նույնիսկ ջրի ճանապարհին քարեր գցել», - ասաց Անահիտ Գևորգյանը:
Մարտունի գետը սկիզբ է առնում Վարդենիսի լեռների հյուսիսային լանջերից եւ Մարտունի քաղաքից 2 կմ հյուսիս թափվում է Սևանա լիճ:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հունվար 11, 2016 at 13:06