ԷկոԼուր
Չնայած անցյալ տարի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված պայքարին, որը ստացավ «Էլեկտրիկ Երևան» անվանումը, էլեկտրաէներգիայի թանկ սակագնի ծանր բեռը մնաց քաղաքացիների ուսերին:
ՀԷՑ-ում անցկացված աուդիտը և կառավարության կողմից խոստացած սուբսիդավորումը «փափուկ բարձ էր ժողովրդի գլխի տակ», ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Քանի որ աուդիտն անցկացրեցին և պարզվեց, որ ամեն ինչ նորմալ է եղել, և խախտում չկա, հոկտեմբերի 1-ից մտցվեց 49 դրամը, կառավարությունն էլ պետք է սուբսիդավորեր 7 դրամ: Սուբսիդավորման լիմիտը մինչև 250 կՎտ/ժ էր: Սկզբից ասացին, որ մինչև 250 կՎտ/ժ հին գնով ենք հաշվում, 250-ից ավելը՝ նոր, բարձր սակագնով: Ընդունելի է, ես ծախսեցի 260 կՎտ, 250-ը հաշվարկեց 42 դրամով, 10 կՎտ-ն էլ նոր սակագնով: Բայց հետո պարզվեց, որ հոկտեմբերի 1-ից 250 կՎտ-ից 1 կՎտ անցավ, լրիվ հաշվում են նոր սակագնով: Այստեղ առաջացան կոռուպցիոն ռիսկեր: Էլեկտրիկը գալիս է, տեսնում է 248-49 կՎտ է, վերցնում, գրում է 251 կՎտ, և միանգամից 1700 դրամ գումարվում է քո ծախսի վրա...Էլեկտրական հաշվիչները հաշվում են գիշեր-ցերեկ սակագնով: Բայց պարզվում է, որ հիմնականում դրանց ժամացույցները խախտված են՝ մի քանի րոպեից սկսած մինչև մի քանի ժամ: Գիշերային սակագինը սկսվում է ժամը 11:00-ից՝ 38-39 դրամ է: Դուք սկսում եք ինտենսիվ ծախսել՝ գիտենալով, որ գիշերային սակագին է: Բայց ժամացույցը խախտված է և ցերեկայինով է հաշվում: Ես մոնիտորինգ եմ անցկացրել, դա համատարած է: Ես կասկածում եմ, որ կարող է դիտավորյալ է արված», - ասում է Կարեն Չիլինգարյանը և հավելում, որ այս հարցն անտեսվում է և, փաստորեն, սպառողը մնում է խաբված:
Վերջինիս համար անհասկանալի է՝ ինչու, արտադրելով հոսանք, Հայաստանում տարածաշրջանում ամենաթանկն են վճարում հոսանքի դիմաց: Համեմատական անցկացնելով Վրաստանի հոսանքի սակագնի հետ` Կարեն Չիլինգարյանը նշում է. «Այնտեղ սակագինն այսպես է. մինչև 100 կՎտ վճարում է մեր փողով մոտավորապես 20 դրամ, 101-ից մինչև 300 կՎտ՝ 27-28 դրամ, և 301-ից բարձր արդեն համարվում է, որ հարուստներն են օգտագործում, գալիս է 37-38 դրամ: Իսկ մեզ մոտ 49 դրամ է: Սոցիալական մեծ խնդիրներ կան այստեղ»:
Մարտ 01, 2016 at 16:17