Հայտնի են Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայաններ կառուցելու տեղանքները

Հայտնի են Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայաններ կառուցելու  տեղանքները

ԷկոԼուր

Հայտնի են Հայաստանում այն 6 տեղանքները, որտեղ կարելի է արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայաններ կառուցել: Այդ տեղանքներից 3-ը գտնվում Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ, Գագարին, մնացած 3-ը Արագածոտնի մարզի Թալին, Դաշտադեմ, Արմավիրի մարզի Մերձավան համայքների տարածքներում: Այս մասին նշված է «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրում», որը գործադիրը հաստատեց 2016թ-ի տարեվերջյան նիստում:

Ընտրված 6 տեղանքներում հնարավոր է տեղադրել ընդհանուր մոտ 110 ՄՎտ գումարային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ: Ընտրված տեղանքներից երկուսի՝ «Մասրիկ» և «Դաշտադեմ» տեղանքների համար իսպանական «Արիես Ինժեներիա» խորհրդատվական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումներ: Մյուս չորս տեղանքների համար տեխնիկատնտեսական հիմնավորումները գտնվում են մշակման փուլում: Ընտրված հողատարածքները համայնքային սեփականության հողեր են:

Մասրիկ» արևային ՖՎ էլեկտրակայանի շահագործման բոլոր 25 տարիների համար հաշվարկվել է միջին սակագին` 6.39 ԱՄՆ դոլար ցենտ 1 կվտժ-ի համար (կամ 7.67 ԱՄՆ դոլար ցենտ 1 կվտժ-ի համար, ներառյալ ԱԱՀ): «Դաշտադեմ» արևային ՖՎ էլեկտրակայանի համար՝ 6.63 ԱՄՆ դոլար ցենտ 1 կվտժ-ի համար (կամ 8.89 ԱՄՆ դոլար ցենտ 1 կվտժ-ի համար, ներառյալ ԱԱՀ):
Հաշվարկվել է, որ բոլոր 6 կայանների գործարկման շնորհիվ ածխածնի երկօքսիդի տարեկան արտանետումները կկրճատվեն տարեկան շուրջ 48428 տոննայով:

Կայանների մրցույթը և կառուցումը կիրականացվեն մի քանի փուլերով: Առաջին փուլով նախատեսվում է իրականացնել շուրջ 50 ՄՎտ մեկ կայանի կառուցում, իսկ հաջորդ փուլերով նախատեսվում է իրականացնել շուրջ 60 ՄՎտ կայանների կառուցում: Բոլոր կայանների կառուցման համար նախատեսվող ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 129 միլիոն ԱՄՆ դոլար:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հայտնել է, որ նախատեսվող կայանների համար կազմակերպվող մրցույթներն առավել արդյունավետ դարձնելու համար նախարարությունը նախատեսում է հունվարի վերջին անցկացնել հնարավոր ներդրողների ֆորում, որտեղ կքննարկվեն ներդրումների ներգրավման հնարավորությունները և հավանականությունները:

Արևային ֆոտովոլտային կայանների տեղանքների ընտրությունն իրականացրել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, որը միջազգային խորհրդատվական ընկերության հետ համատեղ կազմել է Հայաստանի արևային քարտեզը:

 

Հունվար 11, 2017 at 13:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր