Փոքր ՀԷԿ-ի հայտում հաշվի են առնվել ԷկոԼուրի և ՀՀ բնապահապանության նախարարության համատեղ ծրագրի առաջարկները

Փոքր ՀԷԿ-ի հայտում հաշվի են առնվել ԷկոԼուրի և ՀՀ բնապահապանության նախարարության համատեղ ծրագրի առաջարկները

ԷկոԼուր

«Ամրիտամ» ՍՊԸ-ն բնապահպանական փորձաքննության է ներկայացրել «ԳՆԴԵՎԱՆՔ-1» ՓՀԷԿ-ի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Հայտի հանրային լսումները տեղի կունենա հունվարի 27-ին՝ Ջերմուկի համայնքապետարանում:

Հայտում մասնավորապես նշված է, որ ձկնուղու մուտքամասում տեղադրվելու է Model AVFM5.0 ջրաչափիչ ավտոմատ կառավարվող սարքավորում, որով կարգավորվելու է Արփա գետ բաց թողնվող բնապահպանական ելքի չափաքանակը: Այդ սարքավորման միջոցով օնլայն համակարգով հնարավոր կլինի վերահսկել նաև օգտագործվող ջրաքանակի պարամետրերը: Նախատեսվում է ճնշումային խողովակաշարի մուտքամասում ևս տեղադրել ջրաչափիչ սարքավորում` «Գնդեվանք-1» ՓՀԷԿ-ի համար սահմանված 0.5խմ/վրկ հաշվարկային ելքի կարգավորման համար: Ճնշումային ջրընդունիչ հանգույցում տեղադրվելու է և աղբապահ մանրաճաղավանդակ, և մանր ցանցավանդակ, որով կկանխվի մանր ձկների մուտքը խողովակաշար: Նախատեսված այս միջոցառումները հիմնված են այն առաջարկությունների վրա, որոնք մշակվել են ԷկոԼուրի և ՀՀ բնապահապնության նախարարության համատեղ իրականացված «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվեց 2014-2016թթ. ՄԱԶԾ/ԳԷՀ աջակցությամբ:

Ըստ հայտի՝ ՓՀԷԿ-ի ձկնանցարանը խոչընդոտ չի հանդիսանա ձկների ազատ տեղաշարժման համար: Ձկնուղիով նախատեսված է մշտապես և պարտադիր կարգով բաց թողնել 1.9մ3/վրկ բնապահպանական թողք անկախ տարվա ջրայնությունից և էլեկտրաէներգիայի պահանջից:
Արփա գետում հանդիպում են՝ կովկասյան թեփուղը (Squalius cephalus orientalis), հայկական տառեխիկը կամ արևելյան արագաշարժը (Alburnoides bipunctatus armeniensis), արծաթափայլ լճածածանը (Carassius auratus gibelio), ճանարը (Luciobarbus capito), ծածանը (Cyprinus carpio), Կուրի լերկաձուկը (Oxynoemacheilus brandtii), Կուրի բեղաձուկը (Barbus cyri), կարմրախայտը (Salmo trutta fario): Արփա գետում ՀՀ կենդանիների կարմիր գրքի տեսակներից հանդիպում է Սևանի կողակը (Capoeta sevangi):

Հայտում նշվում է, որ նախագծվող ՓՀԷԿ-ի կառուցվածքների տարածքում բացակայում են էնդեմիկ, ինչպես նաև Կարմիր Գրքում գրանցված կենդանատեսակներ և բուսատեսակներ: ՓՀԷԿ-ի կառուցվածքները չեն մտնում «Հերհերի նոսրանտառային», «Ջերմուկ», «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրերի տարածքում:

ՓՀԷԿ-ի 0.70 մ տրամագծով, 5990.0մ երկարությամբ ճնշումային խողովակաշարը ձգվելու է Ջերմուկ համայնքի ճանապարհի երկարությամբ՝ ժայռային գրունտների տարածքով:

«Նախատեսված շինարարական աշխատանքների ընթացքում hնարավոր ծառահատումներ են իրականացվելու ջրընդունիչի համար նախատեսված տարծքներում /ընդհանուր` 10 հատ թփուտային և գետափնյա վայրի ծառատեսակներ/: ... նոր կառուցվող ՓՀԷԿ-ի շենքի տարածքում կկատարվի 760 քմ մակերեսով տարածքի կանաչապատում` տվյալ լանդշաֆտին բնորոշ 30 հատ ծառատեսակներով»,- մասնավորապես նշված է հայտում:

«ԳՆԴԵՎԱՆՔ-1» ՓՀԷԿ-ի կառուցման արդյունքում շրջակա միջավայրի հասցված տնտեսական վնասը կկազմի 388259 դրամ/տարի:

Այս ՓՀԷԿ-ի միջին տարեկան արտադրած էլեկտրաէներգիայի քանակ նախատեսված է 10.13 մլն. ԿՎտ ժ:

«Գնդեվանք 1» ՓՀԷԿ-ը թվով 4-րդն է լինելու Արփա գետի վրա: Այս գետի վրա գործում են «Արենի ՀԷԿ», «Ջերմուկ ՀԷԿ-2», «Արփա» ՓՀԷԿ-երը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների համաձայն, ևս 2 ՓՀԷԿ՝ «Ջերմուկ 1»-ը և «Արփա 3»-ը կառուցման փուլում են: Այս բոլոր ՓՀԷԿ-երի շահագործման արդյունքում Արփա գետի երկարության գումարային շուրջ 14 տոկոսը կհայտնվի ՓՀԷԿ-երի խողովակների մեջ:

Հիշեցնենք, որ 2016թ-ի նոյեմբերին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ՓՀԷԿ-երի վերաբերյալ քննարկման ժամանակ առաջարկվել է չտրամադրել ջրօգտագործման նոր թույլտվություններ մասնավորապես Արփա գետի ավազանում նոր ՀԷԿ-երի կառուցման համար՝ բացառությամբ կառավարության կողմից հավանության արժանացած և բնապահպանական փորձաքննություն անցած ներդրումային ծրագրերով ներառված ՀԷԿ-երի:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

16:47 Հունվար 24, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news