Գարնանը կհայտարարվի Հայաստանում առաջին արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթը

Գարնանը կհայտարարվի Հայաստանում առաջին արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթը

ԷկոԼուր

«Մարտի վերջ, ապրիլի սկզբին կհայտարարվի մրցույթ «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար: Մենք կներկայացնենք տեխնիկական ամբողջ փաթեթները, պահանջները՝ ինչ չափանիշների պետք է բավարարեն ներդրողները, որպեսզի կարողանան օգտվել այդ ծրագրից», - ԷկոԼուրին հայտնեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը «Էներգետիկայի շաբաթ-2017» խորագրի ներքո անցկացվող Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովի ժամանակ:  
«Այս միջոցառման նպատակն է հասկանալ նեդրողների ակնկալիքները, որպեսզի այդ փաթեթը համապատասխանաբար ճշգրտվի: ««Մասրիկ 1» կայանի կառուցման համար պահանջվող ներդրումը կկազմի մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլար: Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է»,- ասաց Թամարա Բաբայանը:

Ըստ հաշվարկների՝ «Մասրիկ 1» տեղանքում տարեկան 1 քառակուսի մետր արևային պանելի վրա հնարավոր է ստանալ մինչև 1800 ԿՎտ/ժամ էներգիա:

40-ից ավելի օտարերկրյա ընկերություններ ժամանել են Հայաստան՝ ծանոթանալու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի ներդրումային հնարավորություններին: Հիմնական հետաքրքրվածությունը՝ արևային էներգետիկան է և Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման համար նախատեսված մրցույթը:

«Մասրիկը միայն առաջին ծրագիրն է, ունենք ևս 5 նման ծրագիր: Իմ կարծիքով՝ մրցույթը շատ արդյունավետ միջոց է՝ ստանալու շուկայում ամենացածր հնարավոր սակագինը Հայաստանի համար», - նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Ներդրողների համար հետաքրքրությունն այն է, որ նախևառաջ ընտրված է լավագույն տարածքը Հայաստանում: Տարածքի համար կատարվել են մշտական չափումներ, և ներդրողը հստակ գիտի, թե ինչ արևային ռեսուրս կա տեղանքում: Բոլոր հողային հարցերը կառավարությունը վերցրել է իր վրա, հնարավոր է, նույնիսկ անվճար հիմունքներով հողատարածքը տրամադրվի ներդրողին, բայց դա քննարկելի հարց է: Կատարված են տեխնիկատնտեսական բոլոր հաշվարկները, և ներդրողի համար առաջնային ծախսերը հնարավորինս նվազեցված են»,- ասաց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի Արևային էներգիայի ծրագրի համակարգող Ռուբեն Գևորգյանը:

«Մենք պատրաստ ենք մասնակցելու «Մասրիկ 1» կայանի կառուցման մրցույթին և ներդնելու այդ 50 միլիոն ԱՄՆ դոլարը», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «ACCIONA Energy» ընկերության ներկայացուցիչ Աշոտ Առաքելյան-Ստեփանյանը: «ACCIONA Energy»-ն իսպանական ընկերություն է, որն աշխարհի 20 երկրներում ունի իր սեփական արևային կայանները: «Եթե մենք չհաղթենք մրցույթը, կարող է  մենք այնպիսի սակագին չներկայացնենք, որը մրցունակ կլինի, մենք պատրաստ ենք ներդրում կատարելու Հայաստանի Հանրապետությունում արևային կայաններ կառուցելու համար՝ անպայման հաշվի առնելով նաև սակագինը: Այսօրվա դրությամբ մեծ հզորությամբ կայաններ կառուցելու համար Հայաստանի կառավարության կողմից սակագին դեռ ընդունված չէ: Երբ այդ սակագինը լինի գրավիչ, մենք պատրաստ ենք ներդրում կատարելու և կառուցելու արևային կայաններ», - նշեց իսպանական ընկերության ներկայացուցիչը:

«Երբ պատրաստ կլինի «Մասրիկ 1»-ի վերջնական փաթեթը, մենք կուսումնասիրենք բոլոր պայմանները և կորոշենք՝ մասնակցել, թե՝ ոչ», - ասաց «NARI Technology» չինական խոշոր ընկերության ներկայացուցիչ Արմեն Համբարձումյանը: «NARI Technology»-ին պետական ընկերություն է և կազմում է China Power-ի բաղադրիչ մասը: «Ֆոտովոլտային սարքավորումների գինն այսօր բավական իջել է, և բիզնեսի տեսանկյունից դարձել է ձեռնտու ներդնել գումարներ նման ծրագրերի մեջ: ... Այստեղ հիմնական ռիսկն այն է, որ արևային էներգետիկա Հայաստանում գոյություն չունի, մշակված չէ ամբողջ մեխանիզմը», - նշեց Արմեն Համբարձումյանը:

Համաժողովին ներկա էին նաև օտարերկրյա այնպիսի ընկերություններ, որոնք զբաղվում են նորարարական էներգետիկ սարքավորումների մատակարարմամբ: Դրանցից մեկը ֆրանսիական «Schneider Electric» կորպորացիանն  է: Այն ներկայացուցչություն ունի 100-ից ավելի երկրներում՝ ավելի քան 180.000 աշխատակցով: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ավետիք Կալանթարյանը նշեց, որ ընկերությունը Հայաստանում հիմնել է ներկայացուցչություն և մտադիր է ակտիվորեն մասնակցել Հայաստանի էներգետիկ ոլորտում տեղի ունեցող ենթակառուցվածքների կառուցման, ստեղծման աշխատանքներին՝ մատակարարելով իր նորարարական էներգետիկ սարքավորումները:

«Ընկերությունը հետաքրրքրություն ունի ներկայացնել իր նորարարական արտադրանքը, մասնակցել մրցույթներին, ծրագրերին, համագործակցել ԲՈՒՀ-երի հետ՝ լաբարատորիաներ ստեղծելով առաջարկել մեր գիտելիքները և փորձը», - ասաց Ավետիք Կալանթարյանը:

Ֆոտովոլտային պանելներ արտադրող չինական «Jinko Solar» ընկերության ներկայացուցիչ Արդա Քրիստափորյանը նշեց, որ եկել է մասնակցելու համաժողովին՝ ծանոթանալու համար Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի, պայմաններին, հեռանկարներին, ներդրումային հնարավորություններին, որից հետո ընկերությունը կորոշի՝ մասնակցել մրցույթներին, թե՝ ոչ:



 

16:12 Հունվար 26, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news