Փոքր հիդրոէներգետիկայի և ազդակիր համայնքների առկա սոցիալական կոնֆլիկտները վերացված չեն

Փոքր հիդրոէներգետիկայի և ազդակիր համայնքների առկա սոցիալական կոնֆլիկտները վերացված չեն

ԷկոԼուր

Փոքր ՀԷԿ-երի բարեփոխումների գործընթացը պետք է ընդգրկի սոցիալական բաղադրիչ, որպեսզի նվազեցնի փոքր հիդրոէներգետիկայի գործունեության բացասական հետևանքներն ազդակիր համայնքների վրա և օգուտներ բերի համայնքներին:

Վայոց ձորի մարզի Շատին գյուղը տեղակայված է Եղեգիս գետի գեղատեսիլ ափամերձ տարածքում: Գյուղի ամենամեծ հարստությունը գետն է, որն ապահովում էր շատինցիների բարեկեցությունը` սկսած գյուղմթերքից, ձկնապաշարներից, զբոսաշրջությունից, մեղմացնում էր կլիման: Այժմ շատինցիները բողոքում են, որ չեն կարող լիարժեք օգտվել գետից, քանի որ վերջին տարիներին Եղեգիս գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երը չորացնում են գետը` ստեղծելով սոցիալական և բնապահպանական խնդիրներ: Եղեգիս գետի վրա կառուցված է 10 փոքր ՀԷԿ, որոնցից մեկը փաստացի կառուցված է ոռոգման համակարգի վրա: ՓՀԷԿ-երն իրենցից կասկադ են ներկայացնում: «Կիլոմետրերով ամառվա սեզոնին ջուր չի լինում: Ամբողջ կանալիզացիան լցվում է գետը, գետի բուսականությունը վերանում է… … հողդ չջրես, ի՞նչ պիտի հնձես… ՀԷԿ-երից ժողովրդին ի՞նչ օգուտ, ի՞նչ գործ են արել համայնքի համար, միայն իրենց եկամուտը հավաքում, գնում են…մենք ՀԷԿ չունեինք, հոսանքը 30 դրամ էր, ունեցանք բազմաթիվ ՀԷԿ-եր, հոսանքը դարձավ 48 դրամ», - ԷկոԼուրի հետ հանդիպման ժամանակ բողոքեցին շատինցիները:

Շատինցիները սկսեցին ահազանգել ՓՀԷԿ-երի դեմ դեռ 2012թ-ին, երբ իրենց համայնքի տարածքում ՓՀԷԿ էին կառուցում: Նրանք 2012թ-ի օգոստոսի 18-ին գյուղում ընդհանուր ժողով անցկացրին և արձանագրեցին. «… Մեր նախնիները այս գյուղում բնակություն են հաստատել հիմնականում գյուղով հոսող գետի պատճառով, քանի որ գյուղը չունի հողային ռեսուրսներ: ՀԷԿ-ը կառուցելու արդյունքում հիմնովին խախտվում է տարածքի էկոլոգիան, կցամաքեն աղբյուրները, կվերանա կենդանական աշխարհը, բնությունը, կստեղծվի սանիտարահիգենիկ վատթար վիճակ, և մենք մեր սերունդներին կթողնենք անապատացված գյուղ»: Նշենք, որ 2009-2012թթ. Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է տվյալներ, որ Եղեգիս գետում ջրի ջերմաստիճանը 3 տարվա ընթացքում բարձրացել է 1 աստիճանով: Ջրի թափանցելիությունը նվազել է 3 միավորով (սմ), թթվածնի պարունակությունը` 2 միավոր (մգ/լ): Շատինցիներն ասում էին, որ համայնքում օդի միջին ջերմաստիճանը բարձացել է 3-4 աստիճանով, և ամառվա սեզոնին համայնքում սկսում է անհնար դառնալ ապրելը:

Անհրաժեշտ է մեղմացնել ՓՀԷԿ-ազդակիր համայնք սոցիալական կոնֆլիկտը` պայմանավորված`
• սակավաջուր սեզոնին գետում ջրի անբավարարությամբ
• ջրի որակի փոփոխությամբ
• ձկնապաշարների նվազմամբ
• լանդշաֆտի և կենսաբազմազանության խախտմամբ
• գյուղատնտեսության և էկոտուրիզմի զարգացմանը խոչընդոտմամբ
• ՓՀԷԿ-երի խողովակաշարերի վթարներով և վնասների փոխհատուցման մեխանիզմների բացակայությամբ
• ՓՀԷԿ-երի սարքավորումների առաջացրած աղմուկով
• սողանքային երևույթների ակտիվացմամբ
• որոշումների ընդունման գործընթացում բնակիչների անբավարար մասնակցությամբ:

Այս կոնֆլիկտների կարգավորմանն ուղղված առաջարկներից մեկը ներկայացրեց
«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի Փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհրդի, «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ-ի անդամ Արամ Գաբրիելյանը: «ՓՀԷԿ-երի սոցիալական ազդեցության մեղմման համար անհրաժեշտ է մի կողմից շեշտակի նվազեցնել ՓՀԷԿ-երի վնասակար ներգործությունը ջրային ու մերձջրային էկոհամակարգի վրա և, միաժամանակ, ազդակիր համայնքներին տրամադրել փոխհատուցում շրջակա միջավայրի վրա ազդեցության, ինչպես նաև էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարումների տեսքով»:

11:31 Հունիս 14, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news