Հողմակայան կառուցելու նպատակով Գեղարքունիքի մարզում քամու ռեսուրսի չափման աշտարակ է տեղադրվել

Հողմակայան կառուցելու նպատակով Գեղարքունիքի մարզում քամու ռեսուրսի չափման աշտարակ է տեղադրվել

ԷկոԼուր

Հայաստանում հողմային խոշոր կայանների կառուցմամբ հետաքրքրված էմիրաթական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունը քամու ռեսուրսի չափման նպատակով Գեղարքունիքի մարզում աշտարակ է տեղադրել, ինչպիսին մինչ այժմ Հայաստանում չի եղել։ Աշտարակի բարձրությունը հասնում է 80 մետրի, և այն կգործարկվի մոտ օրերս։ Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Ապրիլին նախատեսվում է տեղադրել ևս մեկ աշտարակ՝ այլ վայրում։

2017 թ-ի մարտի 30-ին հողմային էներգիայի արտադրության ծրագրի համար ՀՀ կառավարությունն առանց մրցույթի «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը վարձակալությամբ տրամադրեց Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի, Դդմաշենի, Զովաբերի, Կոտայքի մարզի Մեղրաձորի, Հրազդանի համայնքային սեփականություն հանդիսացող 1,250 հեկտար հողամասերը: Ընկերությունը մտադիր է կառուցել մինչև 150 ՄՎտ հզորությամբ քամու կայաններ:

«Եթե սպասելիքներն արդարանան, ապա առաջիկա երկու-երեք տարում կարող ենք ունենալ աշխարհում նմանը չունեցող հողմակայան։ Այն լինելու է լեռնային և ամենաբարձր կայանը, որտեղ նախատեսվում է կիրառել նորարարական բազմաթիվ լուծումներ», - ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: Նա հայտնել է, որ Հայաստանում հողմային էլեկտրակայանի կառուցմամբ հետաքրքրված է նաև իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերությունը։ 2017 թ-ի մարտին ընկերությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր` 100-150 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցման վերաբերյալ:

«Ընկերությունը սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացնումը: Տեղադրվել է 80 մետր բարձրությամբ երկու մոնիթորինգային կայան և մեկ «Sodar» համակարգ: Յուրաքանչյուր կայան համալրված է 8 հողմաչափով, 3 հողմացույցով, 2 ջերմախոնավաչափով և 1 մթնոլորտային ճնշաչափով»,- ասել է Հայկ Հարությունյանը:

Լուսանկարը վերցված է sww-energy.ru կայքից

14:56 Հունվար 24, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news