Իսպանական «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով

Իսպանական «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով

ԷկոԼուր

Իսպանական «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով: Այս մասին հայտնել է ընկերության տարածաշրջանային տնօրեն Ալեխանդրո Ռոդրիգոն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ փետրվարի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Արաքս գետի վրա «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցումը պետք է մեկնարկեր դեռ 2012թ-ին Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ: Նախատեսված էր, որ ՀԷԿ-ը կունենա 130 ՄՎտ դրվածքային հզորություն և տարեկան կարտադրի 800 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա: Ավելի ուշ որոշվեց նվազեցնել կառուցվելիք ՀԷԿ-ի դրվածքային հզորությունը մինչև  100 ՄՎտ Արաքս գետի ջրի անբավարարության պատճառով:

Մինչ օրս սակայն այս ՀԷԿ-ը չի կառուցվել:

Օրերս Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Մեղրի» ՀԷԿ-ի գործարկման ուշացման մեղավորը այն ընկերություններն են, որոնք ստանձնել էին ՀԷԿ-ը կառուցելու պարտավորություն, սակայն չեն արել: «Գործարկման ուշացման պատճառը մենք չենք: Սովորաբար, ուշացնողներն ընկերություններն են: Մեր երկրների կառավարություններն աշխատում են միշտ», - ասաց դեսպանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը լրագրողների հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ հայտնեց, որ առաջիկայում Հայաստան կժամանեն իրանական ընկերություններ, որպեսզի բանակցեն «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրի հետագա սխեմայի, ներդրումների և այլ հարցերի շուրջ: «Սա բավականին խոշոր ներդրումային ծրագիր է, և մենք նպատակ ունենք կառուցելու այդ ՀԷԿ-ը»,- ասաց Հայկ Հարությունյանը:

18:49 Փետրվար 16, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news