Սոլակ, Այգավան և Մալիշկա համայնքների էներգետիկ ծախսերը կկրճատվեն մինչև 50 տոկոսով

Սոլակ, Այգավան և Մալիշկա համայնքների էներգետիկ ծախսերը կկրճատվեն  մինչև 50 տոկոսով

ԷկոԼուր

Հայաստանի երեք համայնքներում՝ Կոտայքի մարզի Սոլակում, Արարատի մարզի Այգավանում և Վայոց ձորի մարզի Մալիշկայում նախատեսվում է էներգետիկ ծախսերի կրճատում մինչև 50 տոկոսով: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն «Արևային էներգիան՝ ի նպաստ ածխածնի ցածր արտանետումներով կայուն կենսակերպի՝ Հայաստանի Սոլակ, Այգավան և Մալիշկա համայնքներում» ծրագրի շրջանակներում այս համայնքներին անվճար կտրամադրի արևային էներգիայով աշխատող տարբեր սարքավորումներ:

«Մեր կարևոր նպատակներից է կրճատել թիրախային համայնքների էներգետիկ ծախսերը մինչև 50 տոկոս, բարելավել համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը: Կտեղադրվեն 150-200-լիտրանոց ջրատաքացուցիչներ, արևային չորանոցներ, արևային վառարաններ՝ դպրոցներում կերակուր պատրաստելու համար, արևային էներգիայով սնվող փողոցային լամպեր», - նշեց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի անդամ Քնարիկ Գրիգորյանը:
Յուրաքանչյուր համայնքի համար նախատեսված են առանձին աշխատանքներ: Մալիշկան կապահովվի փողոցային լուսավորությամբ, Այգավանի դպրոցում կտեղադրվեն ջրատաքացուցիչներ, համայնքում կկառուցվեն արևային չորանոցներ: Սոլակում ևս կտեղադրվեն ջրատաքացուցիչներ, կլինեն նաև չորանոցներ:

Ծրագրի շնորհանդեսին ներկա Սոլակ և Այգավան համայնքների ղեկավարները «ԷկոԼուր»-ի հետ զրույցում նշեցին, որ մեծ ակնկալիքներ ունեն ծրագրից: Սոլակի համայնքապետ Բադալ Սարգսյանը նշեց, որ 2500 բնակչություն ունեցող համայնքը կարիք ունի էներգիայի այլընտրանքային, ավելի մատչելի աղբյուրների: Ըստ Բադալ Սարգսյանի` էներգիայի աղբյուրներից բնակիչները հիմնականում օգտագործում են գազ և հոսանք, փայտ օգտագործում են միայն անապահով ընտանիքները: «Արդեն ժամանակն է անցնել արևային էներգիայի: Նաև մտածում ենք արևային փոքրիկ կայաններ կառուցել: Այդպիսով մենք կկարողանանք սոցիալական խնդիրներ լուծել: Մեր բնակիչներին այսօր պետք է էժան էներգիա, որ մարդիկ կարողանան խնայված գումարներով իրենց կենցաղային հարցերը լուծել, իրենց երեխաներին կերակրել և հագցնել», - ասաց Սոլակի համայնքապետը:

4500 բնակիչ ունեցող Այգավանի համայքնապետ Վիգեն Հարությունյանն էլ ասաց, որ իր համայնքում ձմռանը բնակիչների 90 տոկոսը փայտ է վառում: «Էժան է, դրա համար էլ փայտ են վառում: Եթե արևային էներգիան հասանելի լինի բնակչությանը, կարծում եմ` շատ լավ արդյունք կունենանք», - ասաց Այգավանի համայքնապետը:

«Արևային էներգիան՝ ի նպաստ ածխածնի ցածր արտանետումներով կայուն կենսակերպի՝ Հայաստանի Սոլակ, Այգավան և Մալիշկա համայնքներում» ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի կողմից ստեղծված 10-ամյա շրջանակային ծրագրի Թրասթ ֆոնդի միջոցով: Ծրագրի տևողությունը 18 ամիս է:

 

17:18 Մայիս 31, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news