
ԷկոԼուր
Սույն թվականի հունիսի 26-ին` ժամը 11:00-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում (հասցե՝ Երևան՝ Պետրոս Ադամյան 14) տեղի կունենա ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ իրականացված «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի արդյունքների շնորհանդեսը: Այս ծրագրի արդյունքում լրացվեց 125 փոքր ՀԷԿ-երի տվյալների բազան: Բացահայտվեցին ոլորտի խնդիրները. ջրի դեֆիցիտը, կայուն ջրօգտագործման խնդիր, ջրային էկոհամակարգերի պահպանում, գետերի ծանրաբեռնվածություն ՓՀԷԿ-երով, բնապահպանական նորմերի չպահպանելը, գետային ձկնապաշարների կորուստ և այլն:
ՓՀԷԿ-երի մշտադիտարկման արդյունքները տեղադրված են www.ecolur.org կայքում, ինչի շնորհիվ բարձրացավ ոլորտի թափանցիկությունը: Մշակվեցին փոքր հիդրոէներգետիկայի ոլորտի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք ուղարկվել են ՀՀ գործադիր մարմնին:
Շնորհանդեսին կմասնակցեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, WWF-Հայաստանի, ՀԱՀ Հակոբեան բնապահպանական կենտրոնի, Երևանի Օրհուս կենտրոնի, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի, «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Փոքր ՀԷԿ-երի ասոցիացիայի», «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ:
15:07 Հունիս 25, 2018